Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների նստավայրում, դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ այսօր՝ մայիսի 13–ին մեկնարկեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուս նախկին պաշտոնյաների գործով առաջին դռնբաց դատական նիստը։ Հայտնում է News.am-ը:
Ռոբերտ Քոչարյանի հետ մեղադրյալի կարգավիճակում են նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։
Քրեական գործը, որի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել չորս նախկին պաշտոնյաներին, վերաբերվում է 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածին, ավելի կոնկրետ՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրական կարգը բռնությամբ տապալելու դեպքին։ Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործը հարուցվել է նախորդ տարվա հուլիսի 3-ին։
Այս գործով ներկայումս կալանքի տակ է միայն Ռոբերտ Քոչարյանը։
Արմեն Գևորգյանի և Սեյրան Օհանյանի նկատմամբ, որպես խափանման միջոց է ընտրված՝ չհեռանալու մասին ստորագրությունը, իսկ Յուրի Խաչատուրովի նկատմամբ՝ գրավը։









