«Մանչեսթր Սիթի» ֆուտբոլային ակումբը երկրորդ անգամ անընդմեջ նվաճում է անգլիական Պրեմիեր լիգայի չեմպիոնական տիտղոսը: Կիրակի օրը, առաջնության վերջին փուլում, «Սիթի»-ն 4:1 հաշվով հաղթեց «Բրայթոն»-ին` 38 խաղերում 98 միավոր հավաքելով:
Առաջնության ամբողջ ընթացքում Եվրոպայի ուժեղագույն ազգային առաջնության չեմպիոնության համար «Մանչեսթր Սիթի»-ն պայքարում էր «Լիվերպուլ»-ի հետ, որը 97 միավորով արժանացավ Պրեմիեր լիգայի 2018-19 թվականների առաջնության արծաթե մեդալներին:
«Երկու տարի անընդմեջ հաղթելը շատ ավելի դժվար է: Նախորդ տարի մեր հաղթանակն ուղղակի իդեալական էր, իսկ այս տարի մենք անհավանական մի մրցակից ունեինք: Մենք շնորհավորում ենք «Լիվերպուլ»-ին այս հրաշալի մրցաշրջանի առթիվ, բայց, միևնույն է, մենք հաղթեցինք նրանց», - «Մանչեսթըր Սիթի»-ի մարզադաշտի մոտ հավաքված հազարավոր ֆուտբոլասերներին դիմելով՝ անցած գիշեր հայտարարում էր թիմի մարզիչ Պեպ Գվարդիոլան: