Foto

Գևորգ Գորգիսյանի անդրադարձը՝ «ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻ» ՓԲԸ-ի չարաշահումներին

ԱԺ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Դարձյալ «ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻ» ՓԲԸ-ի մասին
Ես շարունակում եմ ահազանգեր ստանալ երկաթուղայիններից, ովքեր մտահոգ են իշխանության լռությամբ։
Մարդիկ հանգիստ չենք կարող նստել իրենց տեղերում, ի՞նչ եղավ «ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻ» ՓԲԸ-ում 60 մլն դոլարի չարաշահումը։ Հեղափոխությունն այդպես էլ երկաթուղի չհասավ։ Օրեր առաջ վարչապետ Փաշինյանն այցելեց Գյումրի՝ Երևան-Գյումրի գնացքով, և ոչ ոք չանդրադարձավ ընդհանրապես չարաշահումների թեմային։ 
Հետևողական եմ լինելու, որ Հայաստանի նոր իշխանությունները բացահայտեն այդ չարաշահումները և պատժեն դրանց պատասխանատուներին։ Խոստանում եմ առաջիկայում ավելի մանրամասն անդրադառնալ այս հարցին և ներկայացնել երկաթուղայինների կողմից ինձ տրամադրված փաստերը»։ 

Հիշեցնենք, որ ապրիլի 5-ին Երևանի երկաթուղային կայարանից առաջին չվերթը կատարեց Երևան-Գյումրի երթուղում աշխատանքը սկսող հերթական՝ թվով արդեն երկրորդ նոր էլեկտրագնացքը: Նոր էլէկտրագնացքների շահագործման բացման օրը ներկա էր նաև ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը, ով երկաթգծի չարաշահումների հետ կապված պատասխանելով Vesti.am-ի հարցին նշել էր, որ «Այս պահին բանակցություններ են ընթանում: Ասեմ, որ քննչական մարմիններն ավարտել են գործի քննությունը, այսինքն կարելի է ասել նախաքննության փուլն ավարտվել է։ Մանրամասները ներկայացվել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ին, որպեսզի հնարավոր լինի իրենց պատասխանները նույնպես ստանալ։ Կցանկանամ նշել՝ ընդգծվեց այն փաստը, որ այստեղ քաղաքական որևէ ենթատեքստ չկա, սա բացառապես աշխատանքային հարց է և որևէ խումբ կամ խմբեր, որոնք փորձում են այստեղ, որևէ քաղաքական ենթատեքստ տեսնել՝ սխալվում են»։