Հայաստանի շախմատի ֆեդերացիայի հաղորդմամբ՝ մեր ընտրանու առաջատար Հայկ Մարտիրոսյանը 29։11 հաշվով ջախջախիչ հաղթանակ է տարել հունգարացի գրոսմայստեր Ռիխարդ Ռապորտի նկատմամբ, իսկ ԱՄՆ-ն ներկայացնող հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը 22.5։17.5 հաշվով առավելության է հասել ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովի նկատմամբ։
Կանոնակարգի համաձայն՝ նոկաուտ փուլի յուրաքանչյուր դիմակայություն բաղկացած էր երկու խաղային օրից, որոնց ընթացքում մասնակիցներն անցկացնում էին 7-ական պարտիա՝ 4 կայծակնային (հաղթանակը՝ 1 միավոր), 2 արագ (4 միավոր) և 1 արագ դասական (8 միավոր, իսկ ոչ-ոքիի դեպքում՝ միավորների կեսը)։
Հայկ Մարտիրոսյանի և Ռիխարդ Ռապորտի մրցավեճի առաջին խաղային օրը (նոյեմբերի 17) բավականին դրամատիկ էր ստացվել․ կայծակնային և արագ շախմատի 6 պարտիաներից հետո 3։9 հաշվով զիջելիս հայ շախմատիստը սև խաղաքարերով հաղթել էր օրվա վերջին՝ 8-միավորանոց պարտիայում ու առաջին օրն ավարտել 11։9 հաշվով։ Պատասխան խաղային օրը Մարտիրոսյանն էլ ավելի է ամրապնդել իր առավելությունը՝ մրցակցին զիջելով ընդամենը 2 միավոր (18։2) և երկու օրվա հանրագումարով գրանցելով 29։11 հաշիվը։
Հիշեցնենք, որ մրցաշարի խմբային փուլում Հայկ Մարտիրոսյանը հաղթել էր աշխարհի 16-րդ չեմպիոն Մագնուս Կարլսենին, ոչ-ոքի խաղացել նիդերլանդցի Անիշ Գիրիի, Շահրիյար Մամեդյարովի ու ամերիկացի Աբհիմանյու Միշրայի հետ, զիջել ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչիին և C խմբում 3-րդ տեղը գրավելուց հետո դուրս եկել փլեյ-օֆֆ, որտեղ նրա մրցակից Ռիխարդ Ռապորտը նույնպես հայտնվել էր իր խմբում 3-րդ հորիզոնականը զբաղեցնելու շնորհիվ։









