Foto

Նախարարը ԵՄ դեսպանի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիական ոլորտի գործակցության հեռանկարները

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկուն։
 
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են ԵՄ օժանդակությամբ իրականացվող ծրագրերին և նոր Հայաստանի զարգացմանն ուղղված ԵՄ առաջիկա նախաձեռնություններին։ 
 
Նախարար Հակոբ Արշակյանը նշել է բարձր տեխնոլոգիաների ոլորտի առաջընթացի կարևորությունը, ընդգծել ապագայի ծրագրերի նկատմամբ ունեցած մեծ ակնկալիքներն ու արդյունավետ համագործակցության հեռանկարները։ 
 
Նախարարն անդրադարձել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի զարգացմանն ուղղված քայլերին, կրթություն-գիտահետազոտական ոլորտ-արտադրություն փոխկապակցվածության արդյունքում տնտեսության առաջընթացին ուղղված ծրագրերին, ինժեներական ոլորտի զարգացմանը միտված էկոհամակարգի ստեղծման գործընթացին։
 
Քննարկվել են նաև Հայաստանի թվային օրակարգի ձևավորման և մշակման ուղղությամբ իրականացվող աշխատանքների հետ կապված մի շարք հարցեր, ինչպես նաև այդ գործընթացում ԵՄ ներգրավվածության հնարավորությունները:
 
Հանդիպման ավարտին Հակոբ Արշակյանը, մեկ անգամ ևս ընդգծելով ԵՄ հետ գործակցության ընդլայնման կարևորությունը, նշել է, որ նոր իրավիճակում նոր հարաբերությունների զարգացման ճանապարհներ են բացվել, և հայկական կողմը պատրաստ է բազմակողմ և ընդլայնված համագորցակցության։
 
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարության
լրատվական ծառայություն