Foto

Արցախի ԱԳ նախարարի պատվիրակությունը հանդիպել է Հարավային Օսիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

Փետրվարի 19-ին Հարավային Օսիայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը և նրա գլխավորած պատվիրակության անդամները հանդիպում են ունեցել Հարավային Օսիայի հայ համայնքի ղեկավար, «Բերդ» հասարակական կազմակերպության նախագահ Վլադիմիր Կուլիջանովի և համայնքի ղեկավար կազմի ներկայացուցիչների հետ:
Արցախի ԱԳՆ-ից հայտնում են, որ Արցախի ԱԳՆ ղեկավարին ներկայացվել են համայնքի գործունեության ընթացիկ ծրագրերը և առաջիկա անելիքները։
Մասիս Մայիլյանն ընդգծել է, որ Արցախի արտաքին քաղաքական օրակարգի գերակա ուղղություններից մեկը սփյուռքի կազմակերպությունների և կառույցների հետ համագործակցության հետագա զարգացումն ու ընդլայնումն է:
Նա նաև նշել է Սփյուռքում հայ ինքնության պահպանմանն ուղղված ծրագրերի իրականացմանը օժանդակելու Արցախի իշխանությունների պատրաստակամության մասին:
Վլադիմիր Կուլիջանովը շնորհակալություն է հայտնել ԱՀ պատվիրակությանը այցի համար և հետագա համագործակցության ընդլայնման հույս հայտնել: