Foto

Մահացել է բարերար Լուիզ Մանուկյան-Սիմոնը

Փետրվարի 18-ին կյանքի 86-րդ տարում մահացել է ամերիկահայ մեծանուն բարերար Լուիզ Մանուկյան-Սիմոնը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին նախագահ Արա Վարդանյանը:

Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

 

«Խորը վշտով տեղեկացա հայ մեծանուն բարերար Լուիզ Սիմոն Մանուկյանի մահվան մասին։

Սա անդառնալի կորուստ է ողջ հայ ազգի համար։

Տիկին Լուիզի բացառիկ աջակցությունը թե Հայաստանի և թե Արցախի զարգացման գործում անգնահատելի են։

Համոզված եմ, որ մեծ բարերարի լուսավոր հիշատակը միշտ վառ կմնա։

Ցավակցում եմ մեզ բոլորիս այս մեծ կորստի կապակցությամբ»։

Լուիզ Մանուկյան-Սիմոնը ծնվել է 1933 մայիսի 19-ին Դետրոյթում։ Նրա հայրը հայտնի հասարակական գործիչ, Հայաստանի Հանրապետության ազգային հերոս, բարերար Ալեք Մանուկյանն է, ծնունդով Զմյուռնիայից, ով մեծ ներդրում է ունեցել աշխարհի հայերի համախմբման գործում։ Ալեք Մանուկյանը եղել է հայկական բարեգործական ընդհանուր միության 5-րդ նախագահը։

Լուիզ Մանուկյանն ամուսնացել է Արման Սիմոնի հետ և ապրել Մանհեթենում։ 1989 թվականին դարձել է ՀԲԸՄ նախագահ իր հոր հաջող նախագահությունից հետո։ Նա դարձել ՀԲԸՄ-ի նախագահ 1988 թվականին, Սպիտակի երկրաշարժից անմիջապես հետո։ 1962 թվականին նրա ծնողները հիմնադրել են «Լուիզ Մանուկյան-Սիմոն» հիմնադրամը, որը հետագայում վերանավանվել է «Մանուկյան-Սիմոն» հիմնադրամ։ 2007 թվականին 1,2 միլիոն դոլար ֆինանսավորել է Միչիգանի համալսարանի հայ ուսանողներին։ 1979 թվականին Լուիզ Մանուկյան-Սիմոնը ծառայության է անցել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Արևմտյան թեմում, եղել է առաջին կին ծառայողը։ 2000 թվականին Լուիզ Մանուկյան-Սիմոնը և նրա եղբայր Ռիչարդ Մանուկյանը 2 միլիոն դոլար նվիրաբերել են Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու շինարարությանը։

Լուիզ Մանուկյան-Սիմոնն ունի մեկ աղջիկ՝ Քրիստինեն, և երկու որդի՝ Դավիթը և Մարկը։

Այսօր Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցել է ամերիկահայ բարերար Լուիզ Մանուկյան-Սիմոնի մահվան կապակցությամբ: ՀՀ վարչապետը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում կատարել է հետևյալ գրառումը.

«Խորը վշտով տեղեկացա ամերիկահայ բարերար Լուիզ Մանուկյան-Սիմոնի մահվան մասին: Անգնահատելի  է նրա ներդրումը երկրաշարժից տուժածներին, Լեռնային Ղարաբաղի պատերազմի փախստականներին օգնելու, ամբողջ աշխարհում հայկական մշակույթը տարածելու և բարեգործական ջանքերի հարցում»: