Շան հետ զբոսանքի ժամանակ ամերիկացի Ռենդի Հեյսը թփերի մեջ գտնում է փուչիկի մնացորդներ՝ վրան ամրացված մեքսիկացի աղջնակի ամանորյա ցանկություններով ցուցակ։ Տղամարդը, ով մեկ տարի առաջ կորցրել էր որդուն, որոշում է ցանկացած գնով կատարել ութամյա Դայամիի երազանքը, գրում է life.ru-ն։
Իր արարքը նա բացատրել է նրանով, որ չի կարողացել անտեսել աղջկա սուրբծննդյան ցանկությունը։
«Երեխան թերթիկն ամրացրել էր փուչիկին, հավատալով հրաշքին ու հույս ունենալով, որ ինչ-որ մեկը կարող է կատարել իր ցանկությունը։ Ես գիտեի, որ պետք է ինձնից կախված ամեն բան անեմ, որ դառնամ այն մարդը, ով կկատարի նրա ցանկությունները»,-«CNN»-ի հետ զրույցում պատմել է տղամարդը։
Ռենդին գլխի է ընկնում, որ մեքսիկայից եկած նամակը, հավանաբար, եկել էր Նոգալես քաղաքից, որը գտնվում է ԱՄՆ-ի հետ սահմանին։
Տղամարդուն հաջողվում է գտնել աղջնակին՝ մեքսիկական «XENY» ռադիոկայանի հաղորդավար Ցեզր Բարրոնի օգնությամբ, ով էլ իր հերթին սոցցանցերում գրառումներ էր կատարել։ Աղջնակը մեկ ժամ անց գտնվում է, իսկ արդեն հաջորդ օրը հրավիրվում է ռադիոկայան՝ նվերը ստանալու։
Փոքրիկ Դայամիին ասում են, որ նամակը տվել են Սանտային, նա էլ իր հերթին այն հանձնել է Հեյսին ու նրա կնոջը՝ խնդրելով աղջնակին նվերներ տալ։
Փոքրիկ մեքսիիկուհու ծնողները պատմել են, որ իրենց ընտանիքում երեխաներն ամեն Նոր տարի ցանկություններով փուչիկներ են բաց թողնում՝ հետևելով ընտանեկան ավանդույթին։
Vesti.am










