Foto

Առանց տնտեսական աճի թիվ ասելու, բայց գայթակղիչ առաջարկներով

«Ազգային առաջընթաց» կուսակցության նախընտրական ծրագիրը հիմնված է երկարաժամկետ ու հիմնական բաղադրիչների վրա, որոնցից առաջինը վերաբերում է բնակչության սոցիալական վիճակի բարձրացմանը, ինչն էլ կարող է հնարավորություն տալ զարգացած տնտեսություն ունենալ:

Դեռ ամիսներ առաջ ստեղծված կուսակցությունն իր համար որպես ռազմավարություն է ընտրել առաջիկա  տարիներին կրկնապատկել Հայաստանի բնակչության թիվը: Դա ենթադրում է, որ, օրինակ, ընտանիքում երրորդ երեխայի ծնվելու դեպքում պետությունը ընտանիքին 20-30 տարով առավելագույնը 3 տոկոսով հիփոթեքային վարկ պետք է տրամադրի:

ԱԱԿ-ն իր ծրագրում նշում է, որ տնտեսության գերակա ճյուղերից պետք է լինի կրթությունը: Ասում են՝ բուհերն այնքան մրցունակ պետք է լինեն, որ արտասահմանցի ուսանողները ցանկանան նաև Հայաստանում ուսանել:

Հիմնականում երիտասարդներից կազմված քաղուժը կարևորում է գյուղատնտեսության դերն ու նշանակությունը՝ այն համարելով ազգային ներուժի հիմնասյուներից մեկը: Նրանք նաև թիվ են սահմանում գյուղատնտեսական վարկերի համար՝ առավելագույնը 5 տոկոս:

Բյուջեն հարստացնելու համար քաղդաշտի նոր խաղացողները մտածել են նաև բյուջեն ավելացնելու լյուստրացիոն եղանակներ, այն է՝ ապօրինի հարստացածների գույքը հայտարարագրել մասնակի՝ դրա առյուծի բաժինը տրամադրելով պետությանը:

Ազգային առաջընթացի ծրագրում տնտեսության մասին առանձին հատված չի հանդիպում, ու մեր կողմից առանձնացված բոլոր դրույթները ներառված են կուսակցության ծրագրերի կամ տեսլականի մեջ: Նրանք թվեր չեն ներկայացնում, տնտեսական աճի ցուցիչի մասին մոտավոր կանխատեսում չկա: Նրանք չեն ասում, թե տնտեսության գործող որ նպատակներից կամ ուղիներից պետք է հրաժարվել ու փոխարենը ինչ ընտրել:

ԱԱԿ-ի նման «Սասնա ծռեր» կուսակցությունը նույնպես առաջարկում է կատարել տնտեսական լյուստրացիա: Նրանք ասում են, որ պետության առաջնահերթություններից պետք է լինի կրիպտոտնտեսության զարգացումը, բիո և մեդիատեխնոլոգիաների հիմնումը, ինչպես նաև ռոբոտների և արհեստական բանականությամբ աշխատող տեխնոլոգիաների լաբորատորիա հիմնելը:

Կուսակցությունը բավական համարձակ առաջարկներ է ներառել իր ծրագրում, մասնավորապես, ազգային ներդրումային հիմնադրամ ու բանկ ստեղծել, Հայաստան հրավիրել հայազգի հանրաճանաչ ապրանքային նշաններ ունեցող կազմակերպությունների սեփականատերերին՝ ու նրանց բրենդով արտոնյալ հարկային պայմաններով բիզնես կազմակերպելու համար, գնումների մասին նոր օրենք ստեղծել՝ ամբողջությամբ փոխելով պետական գնումներին մասնակցող կազմակերպություններին հաղթող ճանաչելու սկզբունքները:

«Ծռերը» ասում են նաև, որ խորհրդարանում հայտնվելու դեպքում աշխատելու են կյանքի կոչել Հայաստան-Իրան մեծ տարողությամբ գազատար կառուցելու իրենց ծրագիրը, լայնածավալ մասշտաբներով ձեռնամուխ են լինելու հողմային և արևային էլեկտրակայանների ստեղծմանը, բացի այդ՝ գյուղտեխնիկայի միջհամայնքային պարկեր են հիմնելու ու զարկ տան ազատագրված և սահմանամերձ տարածքների վերաբնակեցման ծրագրին:

Հարկային արտոնությունների մասին կուսակցությունը հայտարարում է՝ հնարավորության դեպքում ՏՏ ոլորտն ամբողջությամբ ազատել հարկերից, իսկ փոքր և միջին բիզնեսի համար երկամյա հարկային արձակուրդ սահմանել:

Ծռականների ծրագրերը թեև բավական տարբերվող են ու հարուստ նորարար գաղափարներն առաջ մղելու տեսլականով, բայց այստեղ թվերը բացակայում են: Ոչ մի խոսք պետական հարկերի ու եկամուտների նիշերի վերանայման ու բյուջեի համար մոտավոր աճի թիվ կանխատեսելու մասին:

«Օրինաց երկիր» կուսակցությունը, հավատարիմ մնալով ավանդների վերադարձի իր նախաձեռնությանը, նախընտրական այս ծրագրում նույնպես ամրագրում է՝ հասարակությանն ամբողջությամբ վերադարձնել ԽՍՀՄ-ից ժառանգած ավանդները:

ԲՀԿ-ի նման այս ուժը նույնպես ասում է՝ հիմնովին հրաժարվել կարմիր գծերից: Նրանք առաջարկում են նաև ստեղծել ու հզորացնել Իրան-Հայաստան-Վրաստան–Ռուսաստան էներգետիկ համակարգը, ատոմակայանի նոր էներգաբլոկ կառուցել ու կասեցնել «Վանաձորի քիմպրոմի» ու «Նաիրիտի» սնանկացման գործընթացը:

ՕԵԿ-ականները մտածել են նաև կուտակային կենսաթոշակների բարեփոխման, հիփոթեքային վարկերի համար նպաստավոր պայմաններ սահմանելու, գյուղատնտեսության ապահովագրման նորմալ համակարգ ներդնելու և այլնի մասին:

Կուսակցության նախընտրական ծրագրում հանդիպում ենք նաև կոնկրետ գումարների, այսպես՝ ամուսնական զույգերին միանվագ կես միլիոն դրամ տրամադրել, նվազագույն աշխատավարձը հասցնել մինչև 100 հազար դրամի, կասեցնել գնաճը՝ ըստ սոցիալական զամբյուղի:

ՕԵԿ-ի ծրագրում նույնպես բյուջետային աճի մասին մոտավոր կանխատեսումների չենք հանդիպում:

Վրույր Սևակ Vesti.am