Foto

Հայաստանյան անտառների խնդիրները․ ինչի՞ վրա պետք է ծախսվի 13 մլրդ դրամը

Կառավարության հերթական նիստում հավանություն տրվեց Հայաստանի Հանրապետության և գերմանական Վերականգնման վարկերի բանկի միջև Հայաստանում կենսաբազմազանության և կայուն տեղական զարգացման ծրագրին 13 միլիարդ դրամ գումարի չափով թիվ 2018 67 001 դրամաշնորհային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:

Vesti.am-ը զրուցեց անտառագետ Արթուր Սարգսյանի հետ՝ հասկանալու, թե հայաստանյան անտառներն ի՞նչ խնդիրներ ունեն ու ի՞նչ անհրաժեշտ քայլեր պետք է իրականացվեն դրանց լուծման համար՝ վերոնշյալ ծրագրի շրջանակում։

Մեզ հետ զրույցում անտառագետը հայտնեց իր մտահոգությունը՝ ընդգծելով, որ այնպիսի տպավորություն է, որ միտումնավոր քանդել են անտառային կոմիտեն։

Հատատեղեր հատկացնողները մասնագետներ չեն

«Սովետի ժամանակ պետական անտառային ֆոնդից ոչ ոք մի քառակուսի մետր չէր կարող վերցնել՝ այգեգործությամբ զբաղվեր, ամառանոց կառուցեր։ Հատուկ արեցին, որ անտառային տնտեսությունը քայքայվի։ Հիմա անտառային տնտեսությունում գրեթե մասնագետ չկա։ Նույն հատատեղը, որ իրենք հատկացնում են, մասնագետը պետք է այդ ծառերը կնքի, արժեքավոր ծառը թողնի, խանգարողը հանի, օրինակ՝ կաղնին թողնի, բոխին հանի։ Հիմա եթե մտնեք Հայաստանի ցանկացած հատատեղ, համատարած կտրված ծառեր են։ Չեն ուզում վառելիք ծախսել․ օրինակ 5 մ պետք է գնա այն կողմ, որ մեքենան բարձի, միանգամից կողքին ինչքան ծառ կա կտրում է՝ արժեքավոր է, արժեքավոր չի, դա իրեն չի հետաքրքրում»,-ասաց Արթուր Սարգսյանը՝ հավելելով, որ մասնագիտորեն ոչ ոք այդ հատատեղը չի ստուգում․ ստուգողն էլ են իրենք, կտրողն էլ, հետո էլ չեն ստուգում, որ տեսնեն ինչ խախտումներ են եղել․ «Կարծես իմանալով այնպիսի մարդկանց են դնում այդ գործին, որ հետո ասեն, թե ինքը մասնագետ չէր, դրա համար չի իմացել, բայց միլիարդների վնաս են հասցնում»,-շարունակում է նա։

Ըստ անտառագետի՝ հատատեղերը պետք է հատկացվեն մեկ տարի առաջ։ Նա նշեց, որ խիստ վերահսկողության տակ պետք է պահվեն անտառահատման, բեռնափոխադրման փաստաթղթերը, որովհետև կա վտանգ, որ մեկ փաստաթղթով կարող է 10 անգամ անտառահատում անեն։ Ըստ նրա՝ պետք է արգելեն կաղնու, ընկուզենու ու վայրի պտղատու ծառերի հատումը։

«Պետք է հաշվեն, թե վերջին 15 տարում Հայանտառում ինչքան անտառ է հիմնվել, ինչքան գումար է ծախսվել և ինչքան անատառ կա հիմա։ Այժմ նման բաներ չեն արվում, այնքան որ փողը գա, ցույց տան, որ ծառը տնկել են, ստուգումների ժամանակ գնում անտառից հանում, բերում դնում են այդտեղ, որ ցույց տան։ Փոսը փորեցին, ծառը դրեցին, դրանից հետո էլ չեն հետևում իրենք»։

«Նավթի բիզնեսից ավելի ուժեղ է փայտի բիզնեսը»։ 

«4 տարի առաջ, օրինակ, մտել են Շիկահողի արգելոց, խախտում են արել, որ պատմության մեջ նման բան չի եղել, կաղնիներ են կտրել, 4 տարի է պայքարում ենք, 4 անգամ հանձնաժողով է եկել, թե՝ մերը չի, ճշտում ենք։ Վերջիվերջո ճշտում են, նախարարը փոխվում է, մյուսն է գալիս, նորից կճշտենք, նորից հանձնաժողով, անընդհատ ձգձգում են։

Հիմա որ Գերմանիան այդքան փող է տալիս, եթե հանենք, թե 90-ականներից եկող գումարներով ինչ են արել... Անընդհատ նշվում է՝ ծառատունկ, ծառատունկ, թող 1 հա ցույց տան, որ իրենք տնկել են ու մինչև վերջ հասցրել են ու արդեն անտառ է դարձել»,-ասաց նա։

Թե որքան գումար պետք կլինի Հայաստանի ողջ անտառները վերականգնելու համար, անտառագետը չգիտի, ասում է՝ անգամ պատկան մարմինները չգիտեն։ Նա հիշում է մի դեպք, երբ հատատեղ են հատկացրել, բայց գնացել են հատումներն իրականացնելու, տեսել են անտառ չկա այդտեղ, այնինչ քարտեզով եղել է։

Անտառագետն ասում է՝ անտառահատումներն իրականացվում են երեկոյանը ժամը 6-ից հետո, այդ ժամից հետո անտառապահները  չեն աշխատում։

«Հետո գալիս, տեսնում են ծառը չկա, ո՞ւր է։ Որսագողերն էլ, փայտագողերն էլ աշխատում են գիշերը։ Իրենց գողությունն անում են, «Կամազը» գալիս է գիշերը բարձում, ճանապարհ ընկնում, արդեն առավոտը Երևանում են լինում։ Ոստիկանները քնած են, ով էլ քնած չի իր հաշիվը վերցնում է, բաց թողնում»,-իր վրդովմունքն է հայտնում անտառագետը։

Արթուր Սարգսյանը հարց է ուղղում՝ «Հայանտառի» անունն ինչո՞ւ են այդքան հաճախ փոխում․

«3 տարին մեկ հարկայինը պետք է ստուգումներ իրականացնի, իրենք էլ 2 տարի 8 ամիսը մեկ անունը փոխում են, որ չկարողանան ստուգել, անվանափոխում են, ուրիշ անվան տակ են դնում»։

Շինափայտը վառելափայտի անվան տակ վաճառում են

Անտառագետն ասում է՝ շինափայթը վառելափայտի անվան տակ վաճառում են։ Դրա գինը 180 հազար է, որից կարող են լավ կահույք ստանալ, գցում են վառարանը, վառում են։

Նա պնդում է՝ արդյունք չկա, որովհետև գումարը տալիս են, բայց հետևից չեն գնում, որ տեսնեն, թե այդ գումարն ինչի վրա է ծախսվել։

Ինչի՞ վրա պետք է ծախսվի հատկացվող գումարը

Տրամադրվող գումարով, ըստ նրա՝ պետք է առաջին հերթին գնեն համապատասխան տեխնիկա, բացի այդ, նրա խոսքով՝ անտառային տնտեսության շենքեր չկան, նախկին շենքերը վաճառել են, հիմա էլ սենյակներ են վարձակալում։

Խնդիրների լուծման ճանապարհը

Խնդիրների լուծման ճանապարհը՝ անհատներին չթողնել անտառ, կարծում է անտառագետը։ Լուծման տարբերակներից մեկն էլ կրթված անտառապահների նշանակումն է․

«Թող ինժեներն անտառապահ լինի, ո՞վ է ասել, որ պետք է պապիկներ լինեն, որոնց արդեն թոշակի անցած վերցնում են աշխատանքի։ Գյուղում նստած, թոշակի վրա 110-120 հազար գումար է գալիս։ Անտառապահներինը ոնց որ թոշակ լինի, փայտն էլ է ծախում, աշխատավարձ է ստանում, հետո էլ գալիս, հարցնում են ծառերն ուր են, ասում է չգիտեմ, կտրել տարել են։ Անտառներում այդքան միլիարդների խախտումներ գրանցվեցին վերջերս, բա այդքան ստուգում էիք այն ժամանակ, չէ՞իք տեսնում։ Ընդամենը անտառապահն է դատվում, բայց ստուգումներ են եղել, հսկողություն է եղել, տարիներ շարունակ, բա չէ՞ին տեսնում այդ կոճղերը»,-ասում է նա։

Պետք է արգելվի թափուկի անվճար տրամադրումը։

«Հիմա թափուկ չեն տանում, տեսեք ինչ են անում, անունը դրել են թափուկ, գյուղացին գնում է, այսօր ծառը կեսից կտրում է, ծառը չորանում է։ Հաջորդ տարի պարանը գցում, ծառը տապալում է, ասում է թափուկ է։ Գյուղում այսպիսի ավանդույթներ կան, ամեն մարդ իր տարածքն ունի, գնում ասում է ես այսինչ տեղը ծառ եմ կտրտել, չգնաք, իմն է։ Նույն գյուղացին չե՞նք ասում, որ գործ չունի, թող լինի փայտ՝ աշխատանքի դիմաց։ Ձրին ո՞րն է, թող ձրի գազ տան, էլեկտրաէներգիա տան։ Կաղնին ամենադանդաղն է աճում, իսկ մերոնք հիմա ընկած կաղնիներն ու ընկուզենիներն են հատում,-ասաց նա՝ շարունակելով,-դրա համար հիմա ո՛չ վայրի խոզ կա, ո՛չ էլ այլ կենդանիներ, որովհետև պաշար չունեն, կաղին չկա, որ ուտեն։ Էլ խեղճ կենդանիներն ի՞նչ ուտեն, պետք է գան մտնեն գյուղ»։

Արթուր Սարգսյանի խոսքով, եթե զանգահարես ցանկացած անտառտնտեսություն ու ասես, որ այսինչ տեղը ծառ են կտրում, առաջին բանը, որ կասեն՝ հնարավոր չէ։

Անտառագետն ասում է՝ անտառտնտեսություններին տրամադրել են մեքենաներ, ֆոտոխցիկներ, տեսախցիկներ, բայց նրանք չեն ֆիքսում խախտումները։

«Մոտ 1000 հատ կա, բայց ոչ մի անտառապահ չի ֆիքսում իր տարածքում։ 10-ից ավելի մեքենա են առել, ինչի՞ համար են առել, որովհետև ամեն մեքենայի մեջ 1500-2000 դոլար գումար են աշխատում, ծրագրից այդքան գումար դնում է գրպանը, ո՞վ է ստուգելու։ Ամենագնացներ, վիլիսներ են պետք, ջիպերը առնում են, ասում են ափսոս է, անտառում հրդեհ է լինում, չեն կարողանում գնալ, դրա համար էլ հեկտարներով վառվում է»,-ասաց նա։

Պետք է ճիշտ օգտագործել անտառների ռեսուրսները

Արթուր Սարգսյանի խոսքով՝ պետք է ճիշտ օգտագործել նաև անտառների ռեսուրսները։ Նա առաջարկում է, օրինակ, Շիկահողի արգելոցում չորանոց հիմնել, որպեսզի անտառից ստացվող մթերքները մթերեն։

«Թող գյուղացիները հավաքեն, բերեն հանձնեն ձեզ, դա էլ տարեք վերամշակման։ Թե օրը 60 հազարի փայտ են անօրինական ձևով կտրում, էլ ինչո՞ւ պետք է աշխատեն։

Ես ոչ մի տնօրենի չեմ տեսել, որ մտնի անտառ։ Անտառային տնտեսության տնօրենն սպիտակ կոշիկներով, սպիտակ կոստյումով ման չի գալիս, նա պետք է ֆորմայով ամբողջ օրը լինի անտառում, իսկ հիմա նստած են կաբինետներում, տնօրեն-տնօրեն են խաղում։ Վատն այն է, որ խանութում հասարակ կտրոնը չեն տալիս, 150 հազար դրամ տուգանում են, իսկ անտառից միլիոններ են տանում, չեն էլ հարցնում՝ որտեղ են փաստաթղթերը»,-իր մտահոգությունը հայտնեց անտառագետը։

Եզրափակելով իր խոսքը, անտառագետն ասաց, որ այդ գումարը տրամադրելուց հետո վերահսկողություն պետք է իրականացնի երրորդ կողմը։

Անտառագետը միաժամանակ ընդգծեց, որ «Հայանտառում» աշխատանքից իր դիմումի համաձայն ազատվել է 1999 թվականին՝ ասելով, որ չի ուզում մասնակցել այս կործանմանը, արդեն 2018 թիվն է, բայց նրա խոսքով՝ ոչինչ չի փոխվել։

Մերի Բալասանյան

Vesti.am