Մարտի 1-ի քրեական գործի քննության այս փուլում անհրաժեշտություն կա, որպեսզի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը գտնվի կալանքի տակ: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:
«Մենք բերում ենք մեր հիմնավորումները, որոնք վկայում են, որ քննության այս փուլում կա անհրաժեշտություն, որպեսզի երկրորդ նախագահը գտնվի կալանքի տակ: Թե ինչ որոշում կկայացնի դատարանը, կարծում եմ, դա գիտի միայն դատարանը»,- ասաց Արթուր Դավթյանը:
Ինչ վերաբերում է Վճռաբեկ դատարանի որոշմանը, որով բեկանվեց Ռոբերտ Քոչարյանին կալանավորումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու Վերաքննիչ դատարանի որոշումը և գործն ուղարկվեց Վերաքննիչ դատարան նոր քննության՝ Արթուր Դավթյանը մանրամասնեց, թե այդ որոշմամբ Վճռաբեկ դատարանը ինչ հարցի պատասխան է տվել․
«Արդեն բեկանելով Վերաքննիչ դատարանի համապատասխան որոշումը և դրանով Վերաքննիչ դատարանի այն մոտեցումը, որ Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահը փաստորեն օժտված է անձեռնմխելիությամբ, իսկ նրան մեղսագրված արարքները Վերաքննիչ դատարանը դիտարկել էր որպես նախագահի գործառույթներից բխող, Վճռաբեկ դատարանը հստակ պատասխան տվեց, որ գործառույթներից բխող լինելու հանգամանքը միայն ֆորմալ տեսանկյունից չպետք է դիտարկել: Այսինքն, օրինակ` համապատասխան իրավական ակտ ընդունելու լիազորություն, իրավունք նախագահն ունի՞, թե՞ ոչ, այլ պետք է դիտարկել, թե բովանդակային առումով լիազորության իրացումը լիարժեք համապատասխանե՞լ է Սահմանադրությանը կամ օրենքներին»,- ասաց Դավթյանը՝ հավելելով, որ այս հարցում իր դիրքորոշումը հստակ է՝ ինչում որ այսօր մեղադրվում է Ռոբերտ Քոչարյանը, դրանք ոչ մի կերպ չեն կարող դիտարկվել որպես նախագահի գործառույթներից բխող, որովհետև մեղադրանքից ակնհայտ է դառնում, որ Ռոբերտ Քոչարյանին մեղսագրված արարքներն իրենց առանձին մասերով վերցրած և՛ ձևի առումով, և՛ բովանդակության առումով համահունչ չեն Սահմանադրությանն ու օրենքներին:
ՀՀ գլխավոր դատախազն ընդգծեց, որ Մարտի մեկի վերաբերյալ քրեական գործի այսօրվա փաստակազմը տրամագծորեն տարբերվում է 2008թ. քննության փաստակազմից: Այսինքն, ձեռք բերված տվյալները բացարձակապես այլ տեղեկությունների մասին են խոսում:
Արթուր Դավթյանը տեղեկացրեց, որ այսօր ևս մասնակցելու է Վերաքննիչ դատարանում Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանավորման որոշումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու բողոքի քննությանը:
«Տեղյակ եք, որ նիստն ընդմիջվել է, այսօր կշարունակվի, ես կմասնակցեմ նաև այսօրվա նիստին և կներկայացնեմ մեր դիրքորոշումը: Կարծում եմ, որ այսօր կանցնենք ըստ էության քննությանը և ընթացքում կներկայացնենք ինչպես հիմնավոր կասկածին առնչվող մեր դիրքորոշումը, այնպես էլ կալանքին առնչվող մեր հիմնավորումները»,- եզրափակեց Արթուր Դավթյանը:
Vesti.am









