Foto

Ամերիկահայությունը մեր ամենակազմակերպված համայնքներից մեկն է. Բակո Սահակյան

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 20-ին Լոս Անջելես քաղաքում մասնակցել է «Հեռուստամարաթոն-2018»-ի շրջանակներում կազմակերպված տարեկան ընդունելությանը:

Իր ելույթում նախագահը «Հայաստան» hամահայկական հիմնադրամի խողովակներով Արցախում իրականացված աշխատանքը որակել է հսկայածավալ՝ խորին երախտագիտություն հայտնելով բոլոր նրանց, որոնք մշտական աջակցություն են ցուցաբերում Արցախին կարեւորագույն ռազմավարական ծրագրերի իրականացման գործում:

«Ամերիկահայությունը, մասնավորապես՝ Կալիֆոռնիայի հատվածը, մեր ամենակազմակերպված համայնքներից մեկն է, և ամեն անգամ այցելելով այստեղ, մենք յուրահատուկ լիցք ենք ստանում՝ տեսնելով հայրենասեր, հայրենիքի հոգսերով ապրող, հոգով ու սրտով նրա անբաժան մասը կազմող մեր հայրենակիցներին: Հայ մնալու, հայությունը պահպանելու այդ բարդ առաքելությունը դուք կատարում եք պատվով»,- շեշտել է Բակո Սահակյանը:

Անդրադառնալով «Հեռուստամարաթոն-2018»-ի շրջանակներում նախատեսվող աշխատանքներին՝ նախագահը նշել է, որ դրանց իրականացումը կարևոր դերակատարություն կունենա մեր հանրապետության էներգետիկ և պարենային անվտանգության ապահովման գործում:

Երկրի ղեկավարը համոզմունք է հայտնել, որ ինչպես միշտ, այս անգամ ևս միասնական ջանքերով կյանքի կկոչվեն բոլոր նախատեսված ծրագրերը: