Foto

Այս պահին մեր հասարակությունը պատրաստ չէ եկամուտների հարկման մասին խոսակցություններին․ տնտեսագետ

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն շրջանառության մեջ է դրել նոր գաղափար, ըստ որի՝ 2020-ից եկամտային հարկի պոտենցիալ վճարող են դառնալու 18-65 տարեկան ՀՀ բոլոր քաղաքացիները: ՀՀ կառավարության արտահերթ նիստում այսօր փոխվարչապետ Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ միայն հանրային լայն համաձայնության դեպքում կարող են այդպիսի նախաձեռնությունները կյանքի կոչվել։

Թեմայի շուրջ Vesti.am-ը զրուցեց տնտեսագետ Վահագն Խաչատրյանի հետ։

-Պարոն Խաչատրյան, դա իր մեջ ի՞նչ ռիսկեր է պարունակում։

Վաղ թե ուշ այդ քայլին պետք է գնային․ մենք՝ քաղաքացիներս, պետք է մեր եկամուտները հայտարարագրեինք, ինչ-որ ժամանակ հետո էլ ծախսերը՝ այն, ինչ հիմա անում են պետական բարձրաստիճան պաշտոնյաները։ Շատ բնական է, այդպես էլ պետք է լիներ։ Այսօր կարվի, թե վաղը, դա կախված է, թե ինչքանով է Կառվարությունը կամ իշխանությունը տվյալ դեպքում պատրաստ այդ աշխատանքները կատարելու։ Այդ ամենի պատասխանատվությունը հետո ընկնում է մեզ վրա, որովհետև տարին մեկ անգամ պետք է տարվա ընթացքում ստացած եկամուտները՝ անկախ նրանից, թե ինչ բնույթի են դրանք՝ աշխատավարձ է, թե ուղղակի մեր մասնավոր աշխատանքի ընթացքում է  ստացվել, այլ եկամուտներ եթե ունենք, այդ ամենը պետք է հայտարարագրվի․ ընդունված ձև է։ Եթե Հարկային օրենսգրքի նոր փոփոխություններով նման բան կա, պետք է բոլորս ընդունենք որպես նորմալ երևույթ։

-Ըստ Ձեզ, նորմա՞լ է, որ մարդկանց եկամունտը, այս դեպքում այլ երկրներից ուղարկված գումարը, հնարավոր է, հարկվի։

Եկամտահարկ հասկացության մեջ պետք է որոշվի, թե ինչ է մտնում դրա մեջ։ Եթե դրա մեջ մտցվելու են նաև տրանսվերները՝ դրսից եկող գումարները, որոնք պաշտոնապես տարեկան կազմում են մոտ 1․7 մլրդ, բավականին բարդ խնդիր է։ Բարդ է և՛ մասնագիտական առումով, որ այդ գումարները որ երկրից գալիս են, դրանք տվյալ երկրում արդեն հարկվում են մի անգամ, հիմա մի հատ էլ գալիս են մեր երկիր, մեր երկրոմ էլ պետք է հարկվեն։ Մասնագիտական առումով դա բավականին վիճելի հարց է։ Կարծում եմ, որ շատ դժվար կլինի այսօր Կառավարությանը նման որոշում կայացնել, քանի որ պետք է հաշվի առնել, որ մեր քաղաքացիներից շատերն օգտվում են այդ գումարներից ու դրա կարիքն ունեն։ Եթե դա փորձեն հարկել ևս 23 տոկոսով, բավականին լուրջ դժգոհությունների առիթ կտա և պետք է փորձել լուրջ հիմնավոումներ գտնել, եթե դրա ցանկությունը կա։ Կարծում եմ՝ այս պահին մեր հասարակությունը պատրաստ չէ այդ գումարների հարկման մասին խոսակցություններին, բայց հետագայում դրան պետք է գնալ։ Պետք է հաշվի առնել՝ արդյո՞ք դա չի հակասում այն մոտեցմանը, որ կրկնակի հարկման է ենթարկվելու այդ գումարը․ այդ հարցը պետք է մասնագիտորեն լուծվի։

-Եթե մարդը ցանկանա իր եկամուտները թաքցնել, ապա պետք է թաքցնի նաև ծախսերը։ Շղթայական էֆեկտով դա կարո՞ղ է հանգեցնել կոռուպցիայի։

Այդ կուլտուրան միանգամից չի զարգանա, պետք է սովորել և այդպես ապրել։ Իսկապես այդտեղ կոռուպցիոն ռիսկերն այդքան չեն լինի, պետք է մարդկանց հասցնել այն վիճակին, որ բոլորը շահագրգռված լինեն իրենց հարկերը ցույց տալ, որովհետև դրանից կախված կլինի նաև այդ մարդկանց կենսամակարդակը մի քանի առումներով։ Առաջինը՝ պետական բյուջեի մուտքերը կավելանան, երկրորդը՝ անձնական կյանքում, երբ կարիք է լինում ֆինանսական կազմակերպություններից օգտվել, դա կատարվում է հիմնականում ձեր եկամուտների հիման վրա, եթե եկամուտների պատկերն ամբողջական է լինում և դուք դա կարողանում եք ցույց տալ, այդ կազմակերպությունները, ելնելով ձեր ֆինանսական վիճակից, ավելի շահագրգիռ կլինեն վարկեր տրամադրել։ Եթե չլինի այդպես, այդ դեպքում դուք չեք կարող օգտվել ֆինանսական այդ գործիքից։ Ինչո՞ւ են դրսում բոլորը ձգտում, որպեսզի իրենց եկամուտները հայտարարագրեն, հիմնականում այդ պատճառով։ Դա մեկ-երկու օրվա մեջ չի լինելու, տարիների ընթացքում, երբ նաև պատկան մարմինները համապատասխան բազա ստեղծեն, արդեն կսկսի նորմալ աշխատել և տնտեսության մեջ լավագույն գործիքը կլինի նաև այն առումով, որ ֆինանսական միջոցների բացակայությունը, որ այսօր բոլորս զգում ենք, դրանք արդեն ազատ կլինեն, երբ մենք դժգոհում ենք, որ վարկային տոկոսները բարձր են, թոշակներն ու նպաստները ցածր են, աստիճանաբար կլուծվի, հարուստներ, աղքատներ հարցը կմեղմացվի, որովհետև բոլորս կլինենք հարկային դաշտում, առավել ևս բոլորս կհասկանանք ով ինչպես է ապրում և այն կասկածները, որ ինչ-որ մեկը հարկեր չի վճարում, դրա համար է հարստանում, մյուսը խուսափում է սպիտակ դաշտում տնտեսական գործունեություն իրականացնել, այդ խոսակցությունների վերջը կդրվի։

-Ձեր կարծիքով՝ այդ գաղափարը որևէ բացասական կողմ չունի՞։

Ցանկացած լիարժեք պետություն պետք է այդ ճանապարհն անցնի։ Բացասական կողմ, եթե ձևակեպում ենք, եկամուտների և ծախսերի հայտարարագրում, որևէ մեկը չի կարող ասել, որ դա բացասական երևույթ է և պետք չի դա անել, ուղղակի ինչ ժամանակաշրջանում պետք է դա արվի, որպեսզի այդ լավ գործը հանկարծ ավելի վատ արդյունքներ չտա, փորձը չտապալվի և մարդիկ հերթական անգամ հասկանան, որ պետությունը չի կարողանում դա իրականացնել և անցնեն նախկին ոճին՝ եկամուտներ ցույց չտան, ձեր ասած՝ նաև կոռուպցիոն ռիսկեր կպարունակեն, և այլն, և այլն։ Ուղղակի պետք է սովորել այդ ամենին։ Մենք հիմա դժգոհում ենք մեր առողջապահությունից, մեր սոցիալական համակարգից, կրթությւոնից, պատճառն այն է, որ բացի նրանից, որ իրականում այդ աշխատանքների իրականացումն է շատ վատ կատարվում, նաև ֆինանսական միջոցների լրջագույն պակաս կա, որովհետև ֆինանասական միջոցների համար չի կարելի դրսից անընդհատ վարկային միջոցներ, պարտքով գումարներ վերցնել և փորձել հարցը դրանով լուծել։ Մեր երկրում կան այդ միջոցները, պարզապես պետք է այդ միջոցները ճիշտ օգտագործել, որի ուղղություններից մեկն էլ մեր եկամուտների և ծախսերի հայտարարագրումն է։

Իմ անհանգստությունը այն է, որ այս գործը շատ լուրջ նախապատրաստական աշխատանք է պահանջում։ Դրա վատ իրականացումը շատ ավելի վատ հետևանքներ կունենա։

-Նշվում է, որ դա պետք է ուժի մեջ մտնի 2020 թվականից։ Մինչև այդ կհասցնե՞ն բոլոր հարցերը կարգավորել։

Բարդ է։ Իրականում դա բավականին լայնածավալ աշխատանք է, մեկ տարի, մի քիչ ավելի երկար ժամանակ։ Եթե այնպիսի իրավիճակ լիներ, որ Կառավարությունն արդեն գործի մեջ լիներ, երբ ծրագիրն արդեն ներկայացրած լինեին, ես կասեի, որ մեկ տարին բավրարար է, բայց դեռևս նոր Կառավարությունը չկա, որը պետք է իր ծրագրերով հանդես գա, ընտրությունների ժամանակ աջակցություն ստանա քաղաքացիների կողմից։ Ես մի քիչ կասկածում եմ, հունվար թող չլինի, միգուցե 2020-ի կեսերից լինի։ Դա մեկ, մեկուկես տարի, եթե ոչ երկու տարի աշխատանք է պահանջում։ Չեմ կարծում, որ միանագամից և՛ եկամուտների, և՛ ծախսերի հայտարարագրում կարվի, կարծում եմ սկզբից եկամուտների հայտարարագրում կարվի, հետո ծախսերի։ Երկրորդ տարբերակը կա, որ ինչ-որ առանձին խմբերի գծով անեն, օրինակ, թոշակառուների համար կարող են դա հետաձգել։ Եթե այդպիսի տարանջատումներ անեն ժամանակի առումով, այդ դեպքում այդ ժամանակի մեջ կտեղավորվեն։

Մերի Բալասանյան

Vesti.am