-Շուրջ մեկ տարի առաջ Բրյուսելում՝ ԱլԳ գագաթաժողովի ընթացքում, Հայաստանի և Եվրամիության միջև ստորագրվեց Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Մինչև այժմ համաձայնագրի ո՞ր կետերն են կատարվել Հայաստանի կողմից:
Այս տարվա ապրիլին ՀՀ ԱԺ-ում ՀԸԳՀ վավերացումից հետո վերջինիս դրույթների մեծ մասը հունիսի 1-ից մտավ ժամանակավոր կիրարկման փուլ։ ՀՀ փոխվարչապետի համակարգման ներքո գործում է միջգերատեսչական հանձնաժողով, որն արդեն վերջնականացրել է ՀԸԳՀ-ից բխող միջոցառումների կիրարկման ճանապարհային քարտեզի նախագիծը։ Այն (նախագիծը) դեռևս պետք է քննարկվի համաձայնագրի կողմերի միջև, որի արդյունքում էլ կհաստատվի ու դրանից հետո կսկսվի համաձայնագրի ժամանակավոր կիրարկման դրույթների իրագործումը։
-Պարոն Նազարյան, օրերս հայտարարել էիք, որ 2020-ին ՀՀ քաղաքացիների համար կստեղծվի վիզային ազատ ռեժիմ ԵՄ անդամ երկրներ այցելելու համար։ Նշել էիք, որ շուտով Հայաստան կժամանի հատուկ գնահատման առաքելությունը, որի արդյունքում կմշակվեն այն քայլերն ու ծրագրերը, որոնց շնորհիվ ՀՀ-ԵՄ համաձայնագրի այս կետն իրականություն կդառնա: Այդ խումբն ի՞նչ քայլեր է հաստատում սովորաբար:
Նոյեմբերի 6-ին ԱԺ-ում նշել եմ, որ մուտքի արտոնագրերի ազատականացման գործընթացի մասին հղումներ են պարունակվում ՀԸԳՀ նախաբանի 14-րդ պարբերությունում և հոդված 15-ի 2-րդ կետում, ինչպես նաև Արևելյան գործընկերության Ռիգայի (2015թ.), Բրյուսելի (2017թ.) գագաթաժողովներում ընդունված Համատեղ հայտարարություններում, առ այն որ համապատասխան ժամկետում ՀՀ քաղաքացիների համար պետք է սահմանվի ԵՄ մուտքի արտոնագրերի ազատ ռեժիմ։ Իսկ ԱլԳ Բրյուսելի գագաթաժողովի կողմից հավանության արժանացած «20 թիրախային արդյունքներ մինչև 2020թ.» փաստաթղթում այդ գործընթացի համար ժամկետ է սահմանվում 2020թ.։ ՀՀ ԱԳՆ կողմից տարվում են աշխատանքներ թե՛ ԵՄ համապատասխան կառույցների և թե՛ հատկապես ԵՄ անդամ երկրների հետ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ խնդրո առարկան գտնվում է հենց վերջիններիս իրավասության շրջանակներում։ Գործընթացը ենթադրում է մուտքի արտոնագրերի երկխոսություն կողմերի միջև, որի մեկնարկի համար ԵՄ կողմը պետք է իրականացնի գնահատման առաքելություն։ Տեսականորեն դրան պետք է հաջորդի Հայաստանին մուտքի արտոնագրերի ազատականացման գործողությունների ծրագրի նախագծի ներկայացումը։
-Հայաստանը մինչև 2020 թվականը կարո՞ղ է իրականացնել այդ խմբի կողմից հաստատված դրույթները:
Խումբն իրականացնելու է միայն գնահատման առաքելություն, որևէ բան չի հաստատելու։ Հուսով ենք, որ առաքելությունը կժամանի 2019-ին։
-Մյուս երկրների հետ համեմատած դրույթները նո՞ւյնն են լինելու, թե՞ Հայաստանի դեպքում հնարավոր է որոշ դույթներ այլ լինեն:
Չնայած որ մուտքի արտոնագրերի ազատականացման գործողությունների ծրագրերը յուրաքանչյուր երկրի համար մշակվում են առանձին, դրանց հիմնական պահանջները մեծապես նույնն են: Առաջին փուլում գնահատվում է իրավական և կարգավորիչ դաշտը, երկրորդ փուլում՝ իրականացման արդյունավետությունը: Կարող եմ ասել, որ ՀՀ-ում առաջին փուլի պահանջների մեծ մասն առկա է:
-ՀՀ-ԵՄ վիզային ռեժիմի ազատականացման վրա կարո՞ղ է ազդեցություն ունենալ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը:
Այո, քանի որ վերջին շրջանի ներհայաստանյան գործընթացներն ու դրանց արդյունքում զարգացումները նոր թափ են հաղորդել երկրում իրականացվող բարեփոխումներին, իսկ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսությունը ենթադրում է բարեփոխումներին ուղղված քայլեր, որոնք Հայաստանը պետք է իրականացնի` համապատասխանելու ԵՄ հետ մուտքի արտոնագրերի ազատականացման համար անհրաժեշտ չափանիշներին։
-Մտավախություն չկա՞, որ ԵՄ մուտքի ազատ իրավունքի ռեժիմի դեպքում Հայաստանից դեպի եվրոպական երկրներ արտագաղթը կավելանա, քանի որ այդ նախադեպը եղավ Վրաստանում, Ուկրաինայում:
Ձեր տված հարցի (արտագաղթի) համատեքստում նշեմ, որ մուտքի արտոնագրերի ազատականացումը հնարավորություն է տալիս իրականացնել անվտանգ ու կանոնակարգված միգրացիա։
Բոլոր նրանք, ովքեր այլ կերպ կընկալեն կամ կօգտագործեն ազատականացված ռեժիմը, կհամարվեն օրինախախտներ և կհայտնվեն անկանոն միգրանտի կարգավիճակում, դրանից բխող բոլոր հետևանքներով, որոնց առնչությամբ գործում են ԵՄ ներքին ընթացակարգերը, ինչպես նաև ռեադմիսիան, որը երկուստեք հանձնառություն է։
Մերի Բալասանյան
Vesti.am