Նոյեմբերի 8-ին, Աստանայում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) նոր Գլխավոր քարտուղարի մասին որոշում չկայացվեց:
Կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը կշարունակի մնալ որպես պաշտոնակատար: Որոշում երկրի ղեկավարները կընդունեն Սանկտ Պետերբուրգում՝ դեկտեմբերի 6-ին:
Թեմայի շուրջ Vesti.am-ը զրուցել է քաղաքագետ Նարեկ Մինասյանի հետ:
-Պարո՛ն Մինասյան, այսօր «Московский комсомолец»-ը գրել էր, որ Նիկոլ Փաշինյանն Աստանա է գնացել լիարժեք վճռականությամբ և հպարտ։ Հայաստանի դեմ Լուկաշենկոյի ձեռքով դուրս էր եկել Ադրբեջանը և պատահական չէր, որ Մինսկն այդ պաշտոնին էր առաջարկել Բաքվի բարձրագույն սպայական ուսումնարանի շրջանավարտ և Ադրբեջանի ռազմական էլիտայի հետ մեծ կապեր ունեցող Ստանիսլավ Զասին: Ինչպես կգնահատեք տեղի ունեցածը և ինչո՞ւ երեկ որոշում չկայացվեց:
ՀԱՊԿ-ում գլխավոր քարտուղարի փոփոխման գործընթացը պետք է դիտարկենք երկու ասպեկտով՝ իրավական և քաղաքական: Իրավական տեսանկյունից ՀԱՊԿ-ի կանոնադրական մարմինների գործունեությունը կարգավորող իրավական նորմերում առկա են մի շարք թերացումներ: Մասնավորապես, ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի փոփոխության դեպքում հստակ չէ՝ արդյոք քվոտան մնում է նույն երկրին, թե անցնում է հաջորդ երկրին, որն ըստ այբբենական հերթականությամբ Բելառուսն է: Հաշվի առնելով այդ իրավական բացը, բնականաբար տվյալ խնդիրը դարձել է նաև քաղաքական շահարկումների առարկա:
Ինչպես հայտնի է, ՀԱՊԿ անդամ երկրները հետապնդում են իրենց շահերը՝ տարբեր խնդիրների հետ կապված և տարբեր առիթներով մենք դրանում համոզվել ենք: Տվյալ պարագայում ևս ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հնարավոր թեկնածուի հետ կապված, ինչպես արդեն ականատես ենք դարձել, մի շարք երկրներ՝ Բելառուսը, Ղազախստանը, Հայաստանը, բնականաբար ունեն սեփական մոտեցումներն ու դիրքորոշումները: Եվ Աստանայում կայացած գագաթաժողովը, ըստ էության, ցույց տվեց, որ գլխավոր քարտուղարի հնարավոր թեկնածուի շուրջ քննարկումները եղել են անարդյունք, քանի որ այդ շահերի բախումով պայմանավորված՝ հնարավոր չի եղել հասնել կոնսենսուսի:
Հայաստանը պնդում է, որ թեկնածուն պետք է լինի Հայաստանը ներկայացնող, Բելառուսն ու Ղազախստանը հակառակ դիրքորոշումն ունեն, այսինքն շրջանառում են Բելառուսի թեկնածուի անունը, սակայն կա նաև երրորդ տարբերակը. խոսքը Գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովի մասին է: Եվ ռուսական կողմը, որպես կոմպրոմիսային տարբերակ հնարավոր է համարում հենց նրան այդ պաշտոնին նշանակելը, մինչև ժամկետի լրանալը: Փաստացի մենք ունենք որոշակի շահերի բախման իրավիճակ, և այն, որ երեկ որոշում չկայացվեց, ցույց է տալիս, որ հայկական կողմը սկզբունքային ձևով փորձել է պաշտպանել իր մոտեցումները:
-Կարելի՞ է ասել, որ կառույցում հայկական կողմն առաջին անգամ իր սուվերենությունն է դրսևորում և դրանում նրան, գոնե ոչ հրապարակային, բայց պաշտպանեց նաև Ռուսաստանը:
ՀԱՊԿ-ում ընդամենը 6 պետություն է, սակայն նրանց միջև էլ հարաբերությունները և փոխադարձ կապերը բավականին բարդ են: Հետևաբար, ասել, որ այդտեղ կար հստակ գործընկերություն, մի փոքր չափազանցություն կլիներ: Յուրաքանչյուր խնդրի հետ կապված ՀԱՊԿ-ի ներսում կան հատվող և բախվող շահեր: Կարծում եմ՝ Հայաստանը, լինելով ՀԱՊԿ-ի հիմնադիրներից և իրավահավասար անդամներից, մշտապես եղել է այն երկրներից մեկը, որը պարբերաբար բարձրաձայնել է ՀԱՊԿ-ի արդյունավետության բարձրացման խնդիրը:
ՀԱՊԿ-ը ռազմաքաղաքական կառույց է: Ռազմական առումով ընդգծված են ռազմական համագործակցության հիմունքները և տվյալ երկրների միջև կա որոշակի ռազմական փոխհամագործակցություն, այդ թվում զենքի վաճառքի, համատեղ զորավարժությունների, օպերատիվ տեղեկատվության փոխանակման առումով:
Սակայն այդ ռազմաքաղաքականի քաղաքական հատվածում էլ առաջանում են խնդիրները: Ըստ էության, ՀԱՊԿ անդամ երկրները միջազգային հարթակներում չեն քվեարկում այնպես, ինչպես բխում է անդամ մեկ այլ երկրի շահերից: Գոնե այս մասին հայկական կողմը պարբերաբար բարձրաձայնել է ՀԱՊԿ-ի տարբեր գագաթաժողովների շրջանակներում: Միևնույն ժամանակ հայկական կողմը մտահոգություն է հայտնել, որ անդամ երկրները ոչ բավարար ձևով են արձագանքել, օրինակ, Տավուշում տեղի ունեցած սահմանային կամ ապրիլյան դեպքերին: Հիմա էլ հայկական կողմը փորձում է իր դիրքորոշումը ներկայացնել և պաշտպանել:
-Ինչո՞ւ այս time out-ը վերցվեց՝ քննարկումը տեղափոխվելով դեկտեմբերի 6-ին և Աստանայից Սանկտ Պետերբուրգ:
Զուտ գործընթացային բնույթի խնդիր է: Սա ինչ-որ առումով նաև աննախադեպ երևույթ է, երբ համաձայնություն է ձեռք բերվում շուրջ 16 փաստաթղթի վերաբերյալ, սակայն ամենակարևոր խնդրի շուրջ մի քանի ժամ տևած քննարկումներն արդյունք չեն տալիս: Սա ցույց է տալիս, որ կողմերն իրենց մոտեցումներում բավականին սկզբունքային են և դա տվյալ փուլում անհնար է դարձրել որոշակի կոմպրոմիսի հնարավորությունը: Չեմ բացառում, որ այդ time out-ը վերցվել է հետագայում որոշակի դիրքորոշումներ մոտեցնելու և կոնսենսուսի հնարավորությունը մեծացնելու համար, որպեսզի 6-ին հնարավոր լինի որոշակի փոխհամաձայնության հասնել: Արդյոք դա կհաջողվի, թե ոչ, կարծում եմ՝ դեռևս վաղ է այդ մասին խոսել:
-Վերջին շրջանում թե՛ Բելառուսի, թե՛ Ղազախստանի կողմից շատ է խոսվում Ադրբեջանին ՀԱՊԿ հրավիրելու մասին, որը կառույցի անդամ երկրներից մեկի՝ Հայաստանի հետ ռազմական կոնֆլիկտ ունի: ՀԱՊԿ-ն ինչքան էլ քաղաքական կառույց լինի, ըստ էության իրեն անվտանգային է համարում: Ըստ Ձեզ, ինչո՞ւ է այդ թեման վերջին շրջանում այդքան քննարկվում ու շահարկվում:
Տարբեր կողմերից հնչող հայտարարությունները պետք է պայմանավորել այդ կողմերի շահերով, և պարզ վերլուծությունը ցույց է տալիս, որ որոշ երկրներ Ադրբեջանի հետ ունեն բավական ակտիվ տնտեսական կապեր, քան Հայաստանի հետ: Եվ բնական է, որ զուտ ռացիոնալ շահերի տեսանկյունից նրանց համար ձեռնտու են նման հայտարարությունները: Այլ հարց է, որ կա կառույցի կանոնադրություն, որը հայկական կողմին հնարավորություն է տալիս բացառելու և կանխելու նման հնարավոր զարգացումները՝ թե՛ դիտորդի կարգավիճակ տրամադրելու հարցում, թե՛ անդամության հարցում: Այսինքն հայկական կողմն ունի գործիքակազմ նման նախաձեռնությունները կասեցնելու և չեզոքացնելու:
Պետք է նշենք, որ Ադրբեջանն իրեն հայտարարել է չեզոք երկիր և չմիավորված երկրների շարժման անդամ և դա ենթադրում է, որ այդ երկիրը չի կարող միանալ տարբեր ռազմաքաղաքական միավորումների:
-Արդյո՞ք կանխատեսելի է կառույցի ապագան:
Բնականաբար կառույցը կշարունակի իր գործունեությունը: Սակայն արդյո՞ք ժամանակը չէ վերանայումներ անելու և բարձրացնելու տվյալ կառույցի արդյունավետությունը: Ցանկացած անդամ պետք է շահագրգռված լինի դրանում:
Դուսյա Ղազարյան
Vesti.am