Foto

Սիրտ-անոթային հիվանդությունները երիտասարդանում են. ինչպես խուսափել դրանից պարզաբանում է մասնագետը

Անհետաձգելի սրտաբանության և ինտենսիվ թերապիայի բաժանմունքի մասնագետ Կարինե Գևորգյանի հետ Vesti.am-ը զրուցեց Հայաստանում սրտային հիվանդությունների տարածվածության մասին:

img_2112

Սրտային հիվանդությունների տարածվածությունը Հայաստանում շատ է, ինչը պայմանավորված է առաջին հերթին սխալ ապրելակերպով: Հայ ժողովրդի մոտ նախ կա սխալ սնվելու, ֆիզիկական քիչ ակտիվություն ունենալու սովորություն, նաև սթրեսային վիճակներն են մեզ մոտ շատ: Այդ ամենը միասին բերում է նրան, որ սրտային պրոբլեմներով հիվանդացությունների թիվը շատ բարձր է Հայաստանում: Պատճառներից է նաև այն, որ զարկերակային հիպերտենզիան, որն առաջին պատճառն է սրտային և ընդհանրապես անոթային բարդությունների և հիվանդությունների զարգացման համար, չկարգավորված, չբուժված զարկերակային հիպերտենզիան ևս շատ մեծ դեր ունի: Վիճակագրությունը, ճիշտ է, ցույց է տալիս Հայաստանում զարկերակային ճնշումով մոտ 50 տոկոս հիվանդներ, բայց ես կարող եմ ասել, որ ավելի շատ են, որովհետև շատերը ո՛չ դիմում են, ո՛չ հսկվում է այդ ճնշումը, առավել ևս պատշաճ բուժում չեն ստանում: Պետք է զարկերակային ճնշումն իջեցնել թիրախային խմբերի, այսինքն, կարող է խմում են ինչ-որ դեղորայք, բայց լիարժեք չեն իջեցնում ճնշումը, որ հետագայում չունենան ավելի լուրջ անոթային պատահարներ, խոսքը ինֆարկտի, ինսուլտի, երիկամային անբավարարության, անոթային այլ խնդիրների մասին է:

-Ի՞նչ նախանշանների դեպքում պետք է մարդն անհապաղ դիմի բժշկի:

Դա կախված է նրանից, թե հիվանդության որ փուլում է գտնվում հիվանդը: Զարկերակային ճնշումն առաջին հերթին պետք է վերահսկել, որպեսզի հասկանանք՝ հիվանդն ունի՞ ճնշում, թե՞ ոչ: Մեկ-երկու չափումով էլ չես կարող կողմնորոշվել: Պետք է պարբերաբար դա հսկվի և կանոնավոր: Հիվանդը կարող է ունենալ գլխացավ, ընդհանուր անհարմարություն, գլխապտույտ, հևոց, նույնիսկ կարող է կլինիկորեն որևէ դրսևորում չլինել, բայց հիվանդն ունենա ճնշում: Նույնիսկ, եթե կլինիկորեն չի հսկվում, հիվանդը պետք է բուժվի: Հենց դա է խաբուսիկ և անկախ նրանից, թե հիվանդը գանգատ ունի, թե ոչ, եթե ունի ճնշում, պետք է անպայման դիմի բժշկի և ստանա ճիշտ բուժում, ոչ թե, օրինակ, հարևանի ասած դեղամիջոցն օգտագործի կամ երբ բարձրանա ճնշումը, նոր խմի: Նույնիսկ դեղամիջոցի ընտրությունը պետք է ճիշտ լինի. ոչ թե մեխանիկորեն պետք է ճնշումն իջեցնել, այլ պետք է նաև հաշվի առնել այն փաստը, որ դեղորայքի ընտրությունը պետք է լինի ճիշտ, որպեսզի մենք պաշտպանենք այն օրգանները, որոնք հետագայում կվնասվեն բարձր զարկերակային ճնշման հետևանքով:

-Սրտային հիվանդությունների բուժման առումով ի՞նչ նորարարություններ են կիրառվում Հայաստանում:

Առաջին հերթին դեղորայքային բուժումն է. պետք է լինի ապացուցողական բազայի վրա նշանակված դեղորայք: Ուղեցույցներն են կողմնորոշում ինչ նշանակել, որ բազմակենտրոն հետազոտությունների արդյունքների հիման վրա ներկայացվում են մեզ ամեն տարի և այդ փոփոխություններին հետևելով էլ նշանակվում է համապատասխան բուժում: Զարկերակային ճնշման հիմնական բուժումը դեղորայքային է, բայց նաև շատ կարևոր է ապրելակերպի փոփոխությունը՝ ճիշտ սնվելը, ֆիզիկական որոշակի ակտիվությունը, ամենակարևորը՝ չծխելը:

-Մեր երկրում սիրտ-անոթային հիվանդությունների աճ գրանցվո՞ւմ է:

Աճի միտումն ամբողջ աշխարհում կա: Ցավոք, սիրտ-անոթային հիվանդությունների աճի գործընթացը պայմանավորված է նաև շաքարային դիաբետի տարածվածությամբ, որովհետև դա համար առաջին պրոբլեմն է: Ցավոք, շաքարային հիվանդությունն այն խնդիրն է, որ ախտահարում է անոթները և, բնականաբար, ի վերջո բերում է սիրտ-անոթային լուրջ պատահարների: Ամբողջ աշխարհում և առավել ևս Հայաստանում այդ խնդիրը կա և, ցավոք, գնալով շատանում է։

-Մարզերն ու Երևանը համեմատելով, պատկերն ինչպիսի՞ն է:

Իհարկե, բժշկությունը մարզերում ավելի թերի է, քան մայրաքաղաքում, ինչը պայմանավորված է ոչ միայն մարդկանց սոցիալական վիճակով, այլև, կարելի է ասել, որ մայրաքաղաքում ամեն ինչ զարգացած է, քան մարզերում: Ցավոք, մարզերում բժիշկները քիչ են և դա ակնհայտ է և ունի իր բացասական կողմը մարդկանց առողջությունը պահպանելու գործընթացում: Մարզերում խնդիրներից է նաև այն, որ ավելի քիչ են դիմում բժշկի: Հաճախ մարզերից գալիս են հիվանդներ, որոնք պատշաճ բուժում ստացած չեն լինում:

Ճնշումը բուժում չունի այն առումով, որ դա կուրսային բուժում չի կարող լինել: Եթե հիվանդն ստանում է բուժում բուժման համար, դա պետք է լինի ամեն օր և զակերակային ճնշումը պետք է պահվի վերահսկողության տակ։ Եթե նշանակվում է բուժում, չի նշանակում, որ ամբողջ կյանքում նույն դեղորայքը պետք է ստանա հիվանդը, կարող է այդ դեղորայքը պետք լինի փոխել, դոզաները կարգավորել, եթե ճնշումը մի փոքր իջավ, բայց չհասավ այն թիրախին, որի դեպքում կվնասի անոթները, ուրեմն պետք է դոզաներն ավելացնել: Կապը բժշկի հետ պետք է միշտ լինի, իսկ հիվանդը պետք է բացի ամեն օր դեղորայք ընդունելուց փոխի նաև ապրելակերպը և նվազեցնի ռիսկի գործոնները, որոնք նպաստում են զարկերակային ճնշման բարձրանալուն:

-Որո՞նք են վատ սովորությունները, այն գործոնները, որոնք նպաստում են նման խնդիրների առաջացմանը:

Առաջինը ծխելն է, աղի չարաշահումը, յուղոտ սննդի օգտագործումը: Պետք է հեղուկները ճիշտ օգտագործել. ուտելուց հետո հեղուկ օգտագործելը ցանկալի չէ, պետք է երկու ժամ անցնի ուտելուց հետո: Ուտելուց անմիջապես հետո հեղուկի օգտագործումը նախ նպաստում է մարսողական խանգարումներին և սնունդն արագ վերածվում է ճարպի: Ճարպակալումը, հիպոդինամիան (անշարժությունը), նպաստող գործոններից են իհարկե սթրեսը, ժառանգական ֆակտորը:

-Երիտասարդների մոտ սիրտ-անոթային հիվանդություններն ի՞նչ մակարդակի են:

Ցավոք, գնալով երիտասարդանում են այդ հիվանդությունները, որովհետև այդ նույն հիպոդինամիան, ճարպակալումը, ծխելը, այդ ամենը նպաստում է դրան: Թեև հիմա շատ ակտիվ երիտասարդներ էլ ունենք, որոնք և՛ սպորտով են զբաղվում, և՛ առողջ ապրելակերպ են վարում: Ավելի լավ է կանխել, քան ունենալ հիվանդություն և բուժել:

Սրտաբանը միաժամանակ հավելեց, որ եվրոպական ուղեցույցներով պետք է լինի 140-ից ցածր սիստոլիկ ճնշումը, 90-ից ցածր դիաստոլիկ ճնշումը: Ամերիկյան ուղեցույցներով այդ ցուցանիշներն ավելի ցածր են. սիստոլիկը պետք է լինի 120-ից ցածր, առավել ևս, եթե շաքարային դիաբետ կա, իսկ դիաստոլիկը պետք է լինի 80-ից ցածր:

Հ.Գ. Հարցազրույցն անցկացվել է Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիայի 5-րդ տարեկան գիտաժողովի շրջանակում:

Մերի Բալասանյան

Vesti.am