Foto

Մեքենան գրանցված է մի մարդու անունով, վարում է՝ մեկ ուրիշը. ով է միավորներ կորցնելու

Ոստիկանությունը Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություն կատարելու նախագիծ է մշակել, որը կարող ենք անվանել «բալային համակարգի ներդրում»: Բանն այն է, որ իրավապահները եկել են այն եզրակացության, որ բալային համակարգ ներդնելով` վարորդների վարքագծում փոփոխություն կլինի, և ավելի օրինապահ կդառնան:   Փոփոխությունների նախագիծն այժմ դրվել է հանրային քննարկման և ոստիկանությունը շահագրգիռ անձանցից սպասում է առաջարկություների, որից հետո  նախագիծը կքննարկվի կառավարությունում և սահմանված կարգով կուղարկվի Ազգային ժողով: Վարչական տույժի նոր տեսակ կսահմանվի, որը կկոչվի «տուգանային միավոր», իսկ որպես սանկցիա կավելանա «վարորդական իրավունքից և հատուկ իրավունքից զրկումը»: Վարորդական իրավունքի վկայական ստանալու պահից 1 տարվա կտրվածքով վարորդին տրվելու է 9 միավոր: Երթևեկության կանոնները խախտած վարորդներին 1 տարվա համար տրամադրված 9 միավորից ինքնաշխատ եղանակով կհանվեն միավորները: Այսինքն՝ 9 միավոր ՃՈ-ն կտա, հետո, ըստ խախտման տեսակի, կպակասեցնի միավորները: Կախված երթևեկության կանոնների խախտման հանրային վտանգավորության աստիճանից, պատահարի ժամանակ զոհերի առկայությունից և այլնից՝ այդ 9 միավորը կնվազեցվի համապատասխանաբար 1, 2, 3 կամ 4 միավորով: Միավորները պակասելու դեպքում վարորդը վարորդական իրավունքից կզրկվի 1-ից մինչև 6 ամիս ժամանակահատվածով: Նախագծով դա կոչվում է «վարորդական իրավունքի կասեցում»: Ներգործության այս տեսակը չի տարածվի հաշմանդամություն ունեցողների վրա, բացառությամբ ոչ սթափ վիճակում մեքենա վարելու դեպքից: Նախագծով առաջարկվում է մի շարք խախտումների դեպքում ավելի երկար ժամկետով զրկել վարորդական իրավունքից:

Vesti.am-ը ՀՀ ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Արմեն Խաչատրյանից հետաքրքրվեց՝ եթե Արամն (պատահական անուն) ունի մի քանի ավտոմեքենա, սակայն օգտվում է միայն մեկից, իսկ մյուսները շահագործվում են այլ մարդկանց կողմից, ապա նրանց կատարած խախտումների համար ևս Արամն է միավորներ կորցնելու: Սա ինչպե՞ս է կարգավորվելու նոր օրենքով: Այս պահին ի՞նչ ենք անում, երբ ավտոմեքենան այլ մարդ է վարում, սակայն, տուգանքները գալիս են ավտոմեքենայի տիրոջ անունով:

Տարբերություն չկա նույնն է: Եվ՛ իրավաբանական, և՛ ֆիզիկական անձիք հնարավորություն ունեն մեկ ամսվա ընթացքում տեղեկատվություն ներկայացնել, թե ով է վարել այդ մեքենան և խախտումն ով է արել և իրենց անունից այդ վարչական ակտերը հանվում են ու նոր վարչական ակտ է կազմվում  խախտում կատարած անձի նկատմամբ: Այսինքն բալային համակարգի դեպքում էլ նույն կարգն է գործելու, ինչ որ այսօր է: Եթե վարողն ուրիշ է, սեփականատերը կարող է դրա մասին համապատասխան տեղեկատվությունը ներկայացնել և նրա վրայից ակտերը կհանվեն: Այդ խնդիրը լուծված է, առանձնապես բարդ խնդիր չկա:

-Բալային համակարգի ներդրման դեպքում  ավտոմեքենայի սեփականատերը նախօրո՞ք պետք է տեղեկատվությունը ներկայացնի, որ իր մեքենան այլ մարդ է վարում, թե՞ վարչական ակտից հետո:

Այսօրվա օրենսդրությամբ ոչ: Երբ վարչական ակտը լինում է, դա բողոքարկվում է և տեղեկատվություն է ներկայացվում, թե ով է վարել մեքենան և վարչական ակտը փոխվում է: Սակայն օրենսդրական փոփոխություններից հետո նախատեսվում է հնարավորություն տալ, որ մարդիկ  նախապես իրենց մեքենաներին վարորդ «ամրակցեն», շահագործողի տվյալներ  ներկայացնեն: Առայժմ դա քննարկման փուլում է, սակայն առավել հեշտացնելու համար, գուցե այդ հնարավորությունը տանք: Բացի այդ, ավելի ենք մեծացնելու՝ քաղաքացիներն իրենց կամարտահայտությունը  դրսևորելու հնարավոր ուղղությունները: Վարորդները հնարավորություն կունենան էլեկտրոնային տարբերակով մեզ տեղեկատվություն տալ, թե ով է իրավախախտում կատարողը: Այսինքն՝ էլեկտրոնային հարթակ կլինի, որի միջոցով տվյալները կներկայացվեն ճանապարհային ոստիկանություն և վարչական ակտերը կիրականացվեն իրավախախտում կատարած անձի նկատմամբ: Լայնածավալ միջոցառումներ ենք իրականացնում այդ ծրագրատեխնիկական  հնարավորություններն ստեղծելու համար, որպեսզի հեշտացվի այդ գործընթացը:

-Շատ են դեպքերը, երբ ճանապարհատրանսպորտային պատահարների ժամանակ օրինախախտ վարորդը պայմանավորվածություն է  ձեռք բերում մյուսի հետ և նա իր վրա է վերցնում պատասխանատվությունը: Արդյո՞ք այս նոր օրենքում նման ռիսկեր չեն լինի, երբ   մի վարորդը իր վրա կվերցնի մյուսի մեղքը:

Դրանք հնարավորինս հայտնաբերվում են և շատ հաճախ քրեաիրավական դաշտում այդ հարցը քննարկվում է՝ կեղծ տեղեկատվություն ներկայացնելու և տուգանքներից խուսափելու փաստերով: Կարծում եմ՝ նոր օրենքում բացի ներկայիս լուծումներից, այլ լուծումներ ևս կլինեն, որոնք ավելի պարզ կդարձնեն այս հանգամանքները և հեշտ կդառնա նման անձանց բացահայտումը: Բացի այդ, տեսանյութում երևում է, թե ով է վարել տրանսպորտային միջոցը և այդքան էլ հեշտ չի խաբելը:

Դուսյա Ղազարյան

Vesti.am