Foto

Քաղաքական շատ ուժեր ԸՕ-ն չփոփոխելը պարտվելու դեպքում որպես ալիբի են օգտագործելու. քաղտեխնոլոգ

Նոյեմբերի 1-ին ՀՀ 6-րդ գումարման Ազգային ժողովը լուծարվեց: Հետո արդեն պարզ դարձավ, որ ԱԺ արտահերթ ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 9-ին:

Ընդգծենք, որ Հայաստանը արտահերթ ընտրությունների է գնում չփոփոխված Ընտրական օրենսգրքով: Ազգային ժողովը չընդունեց ընտրական նոր օրենսգիրքը, մինչդեռ սա, կարծես թե, Նիկոլ Փաշինյանի քաղաքականության հիմնական ուղղություններից էր:

Այս և մի շարք այլ հարցերի շուրջ Vesti.am-ը զրուցեց քաղաքական տեխնոլոգ Արմեն Բադալյանի հետ:

- Պարոն Բադալյան, ԱԺ ընտրությունների ենք գնում չփոփոխված ԸՕ-ով, ինչն առաջնային խնդիր էր Նիկոլ Փաշինյանի համար, որը պնդում էր այս ճանապարհով գնալու է քաղաքական համակարգի առողջացման: Ի վերջո, ի՞նչ ակնկալել հին ԸՕ-ով ընտրություններ անցկացնելու հեռանկարից:

Առաջնային խնդիրը ոչ թե Ընտրական օրենսգրքի փոփոխությունն էր, այլ քրեաօլիգարխիկ համակարգի հեռացումն իշխանությունից, ինչը տեղի ունեցավ մայիսի 8-ին գործադիր իշխանությունում, սեպտեմբերի 23-ին՝ Երևանի տարածքում: Ճիշտ է, Երևանը համայնք է, բայց հաշվի առնենք, որ Երևանը Հայաստանի կեսն է: Այսօր ավագանիում չկան քրեաօլիգարխիկ համակարգի ներկայացուցիչներ: Դեկտեմբերի 9-ին դա տեղի կունենա Ազգային ժողովում:

Կարող ենք ասել, որ հիմնական հարցը ինչի համար տեղի են ունեցել ապրիլ-մայիսյան գործընթացները, որը վարչապետի թիմակիցներն անվանել են հեղափոխություն, իսկ ուրիշները՝ իշխանափոխություն, հասնում են իրենց տրամաբանական ավարտին և դեկտեմբերի 9-ին քրեաօլիգարխիկ համակարգը վերջնական կհեռանա ՀՀ կենտրոնական իշխանության համակարգից: Սա էր ամենակարևոր խնդիրը, իսկ մնացածը երկրորդական էր, այդ թվում նաև Ընտրական օրենսգիրքը, որովհետև ընտրությունները կեղծվում են կամ վատ են անցկացվում, ոչ այն պատճառով, որ ընտրական օրենսգիրքը լավն է կամ վատն է:

Որպես օրինակ կարող եմ բերել 1990 թվականի Գերագույն խորհրդի ընտրական օրենսգիրքը, որը սարսափելի, անգրագետ ԸՕ էր, սակայն այդ ժամանակ տեղի ունեցած ընտրությունները մեր 30-ամյա պատմության մեջ մնացել են որպես լավագույնը: Այնպես որ խնդիրն Ընտրական օրենսգրքի մեջ չէ և երբեք էլ չի եղել: Ուղղակի վերջերս որոշ մարդ-կուսակցություններ կամ վարկանիշ չունեցող կուսակցություններ հույս ունեին, որ կընդունվեր Ընտրական նոր օրենսգիրք, որը ջերմոցային պայմաններ էր ստեղծում շատ կուսակցությունների համար և նրանք կհայտնվեին խորհրդարանում, իսկ հիմա նրանց համար խնդիրներ են ստեղծվել: Քաղաքական ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ կարելի է անցկացնել այս ԸՕ-ով:

Տարօրինակ մի բան ենք նկատում. բոլորը խոսում են ԸՕ-ի վատը կամ լավը լինելու մասին, բայց մոռանում են, որ նոյեմբերի 26-ից սկսվելու է քարոզարշավը, սակայն բազմաթիվ կուսակցություններ այս պահին գոնե հրապարակային որոշում չունեն՝ մասնակցելո՞ւ են ընտրություններին, թե՞ ոչ, այն դեպքում երբ քարոզարշավը 12 օր է տևելու:

Շատերը չեն հասկանում, որ ապրիլ-մայիսին տեղի է ունեցել ընտրազանգվածի գիտակցության մեջ հեղափոխություն և փոխանակ իրենք հարմարվեն իրավիճակին, ադապտացվեն, ռեբրենդինգ անեն, սկսում են քննադատել Ընտրական օրենսգիրքը՝ իրենց համար ալիբի պատրաստելով, որ եթե պարտվեն ընտրություններում ասեն, որ ԸՕ-ն վատն էր, դրա համար պարտվեցինք:

ԸՕ-ն լավն է, իսկ վարչապետը ցույց տվեց, որ կատեգորիկ ընտրակաշառքի բոլոր հնարավոր դեպքերը վերացնելու է:

Կուսակցությունների քաղաքական մոտիվացիան պետք է լինի ընտրողներին գրավելը, մի բան, ինչը վերջիններս չեն կարողանում անել իրենց չիմացության, չցանկանալու, որոշ դեպքերում նաև ծուլության պատճառով:

- Շրջանառվում է հարցը, թե ինչու Ընտրական նոր օրենսգրքի՝ երկրորդ ընթերցմամբ չընդունվելու օրը վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժողովրդին ոտքի չհանեց, ինչպես եղավ ԱԺ կանոնակարգ-օրենքի ընդունման օրը: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս կարծիքները:

Մարդիկ, որոնք նման կարծիքներ են հայտնում, ուղղակի գաղափար չունեն քաղաքական գործընթացների էությունից և նայում են դրանց հուզական տեսանկյունից: Հոկտեմբերի 2-ին կատարվում էր գործողություն, որը վարչապետի և նրա աջակիցների՝ տասնյակ հազարավոր մարդկանց կողմից կանխվեց: Գործողությունը կատարվում էր, հոկտեմբերի 2-ին քվեարկություն էր տեղի ունեցել: Կատարվող գործողությունը կանխվեց: Իսկ ԸՕ-ի դեպքում գործողություն չէր կատարվում, նրանք չէին գալիս Ազգային ժողով, վարչապետը կարող էր կոչ անել իր աջակիցներին գալ ԱԺ, իսկ հանրապետականներն էլ թողնեին, գնային տուն, ի՞նչ էինք անելու. պետք է զոռով, սպառնալիքով բերեի՞նք քվեարկելու պատգամավորներին: Իսկ եթե չգային ԱԺ, ի՞նչ էինք անելու: Հոկտեմբերի 2-ին նրանք Ազգային ժողովում էին և մարդիկ ճնշում գործադրեցին նրանց վրա:

Տեսեք, թե սա ինչպիսի արձագանք էր ունենալու միջազգային դաշտում:

- Խոսում ենք քաղաքական համակարգի առողջացման մասին, միևնույն ժամանակ տեսնում ենք, որ քաղաքական շատ գործիչներ լքում են իրենց կուսակցությունները և միանում են «Քաղաքացիական պայմանագրին» այն դեպքում, երբ տեսնում են, որ մեծ է հավանականությունը, որ հենց այս քաղաքական ուժը կարող է առաջատարի դիրքում լինել ընտրություններից հետո:

Սա ցանկալի երևույթ չէ, բայց միշտ էլ եղել է, այնպես որ քաղաքական կոնյուկտուրայից ելնելով քաղաքական այս կամ այն գործիչը փոխել է իր նավը և տեղավորվել այն կուսակցությունում, որն ամենայն հավանականությամբ մեծամասնություն կունենա և ինքը կստանա իր պաշտոնը: Դա չի նպաստում ՀՀ քաղաքական համակարգի առողջացմանը, որովհետև լավ կլիներ, որ քաղաքական գործիչները մնային իրենց կուսակցություններում և ջանքեր գործադրեին իրենց կուսակցության մեջ փոփոխություններ իրականացնելու համար:

Վատ է, որ կրկնվում է այն ավանդույթը, որը կար 1990-ական թվականներին, երբ շատ կոմունիստներ դարձան ՀՀՇ-ականներ, հետո վերջիններս՝ հանրապետականներ և այսպես շարունակ: Իսկ հիմա էլ շատ հանրապետականներ գործող իշխանությունների համար են սկսել սերենադներ երգել:

Ընդ որում, սա միայն հայկական ֆենոմեն չէ, բայց այլ երկրներում քաղաքական համակարգը բավական կայուն է և անընդհատ զարգանում է:

Լուսինե Առաքելյան

Vesti.am