Foto

Գույքահարկն ու ակցիզային հարկը կաճի, եկամտահարկը կնվազի

«Որքան էլ տարօրինակ է, շահութաբերությունն ավելի բարձր է ոչ թե արտահանելի ճյուղերում, այլ ոչ արտահանելի ճյուղերում, խզումը մոտ 8 տոկոս է»,-2019 թվականի բյուջեի քննարկումների ժամանակ նշեց Ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը:

Նրա խոսքով, սա նշանակում է, որ մեր նպատակադրումը, որ ունենանք արտահանման աճ և դրա հաշվին տնտեսական աճ, արդեն ռիսկային է հարկային համակարգի տեսակետից: «Պետք է մտածենք, որ հարկային համակարգը գոնե հակախթան չհանդիսանա արտահանելի ճյուղում նոր ներդրումների համար: Ընդ որում, ներդրումների մակարդակը ոչ արտահանելի ճյուղերում ավելի բարձր է, ինչը տրամաբանական է, քանի որ փողը գնում է այնտեղ, որտեղից կարող է մեծ արդյունք բերել»,-ասաց նախարարի պաշտոնակատարը:

Ջանջուղազյանը նշեց, որ 2019 թվականին կանխատեսվում է, որ կհավաքվի 1 տրլն 399 մլրդ դրամի հարկային եկամուտ, նաև կանխատեսվում է, որ 442 մլրդ դրամ կառաջանա, բայց չի հավաքվի, որովհետև ունենք տարբեր տեղերում հարկային արտոնությունների համակարգեր. «Սա պետք է քննարկման առարկա դառնա, որքան էլ դա ոչ պոպուլյար է: Այդ արտոնությունները թույլ չեն տալիս այդ հարկերը հավաքագրել և ավելի նպատակային օգտագործել»:

Ջանջուղազյանն անդրադարձավ հարկային օրենսգրքի փոփոխություններին՝ նշելով, որ եկամտահարկը կնվազի և կկիրառվի համահարթ մոտեցում եկամտային հարկի, շահութահարկի դեպքում, փոխարենը կաճի գույքահարկն ու ակցիզային հարկը, իսկ ավելացված արժեքի հարկը կմնա անփոփոխ:

Նախարարի պաշտոնակատարը նկատեց, որ ակցիզային հարկի բարձրացումը նախատեսված է նաև գործող հարկային օրենսգրքով, բացի այդ, դա ԵԱՏՄ շրջանակներում մեր պարտավորություններից է:

Նա ընդգծեց, որ Հարկային օրենսգրքի փոփոխությունները տեղ չեն գտել 2019 թվականի բյուջեի նախագծում, քանի որ դրանք դեռ չեն ընդունվել: