Foto

Կոստա Ռիկան թույլ չի տվել Պաղեստինի հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցողին մուտք գործել երկիր՝ նրան մեղադրելով «ահաբեկչության հետ կապերի» մեջ

Պաղեստինյան տարածքներում մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Ֆրանչեսկա Ալբանեզեն շաբաթ՝ նոյեմբերի 28-ին, կլքի Կոստա Ռիկան և կմեկնի Մեքսիկա։ Երկրի իշխանությունները նրան թույլ չեն տվել մուտք գործել երկիր, հաղորդում է AFP-ն։

Ալբանեզեն Կոստա Ռիկայի կառավարությանը մեղադրել է ահաբեկչության հետ իր ենթադրյալ կապերի մասին կեղծ լուրեր տարածելու մեջ և հայտարարել, որ իշխանությունները պետք է պատասխան տան այդ մեղադրանքների համար։

Նա Կոստա Ռիկա էր ժամանել հինգշաբթի, սակայն սահմանապահները նրան ներս չեն թողել։ Միգրացիոն ծառայության ղեկավար Օմեր Բադիլյայի խոսքով՝ Ալբանեզեի անունն անցնում է ահաբեկչական գործունեության հետ ենթադրյալ կապերի վերաբերյալ միջազգային զգուշացմամբ։ Իսրայելը ողջունել է Կոստա Ռիկայի այս քայլը։

Ուրբաթ օրը Ալբանեզեն Սան Խոսեի օդանավակայանից ելույթ է ունեցել Կոստա Ռիկայի համալսարանում, որն ավելի վաղ նրան պատվավոր կոչում էր շնորհել։ Նա վրդովմունք է հայտնել իրեն ահաբեկչության հետ կապելու փորձերի առիթով՝ ընդգծելով, որ մարդու իրավունքների պաշտպանությունը ահաբեկչություն չէ։

«Կառավարությունը պետք է օրենքի ամբողջ խստությամբ պատասխան տա այս ակնարկների համար»,— ասել է նա։ Ալբանեզեն նաև մեղադրել է Կոստա Ռիկայի իշխանություններին պաղեստինյան տարածքներում Իսրայելի «ապարտեիդի» համակարգին աջակցելու մեջ։

Ուրբաթ Կոստա Ռիկայի Գերագույն դատարանի սահմանադրական պալատը կարգադրել է անհապաղ վերադարձնել Ալբանեզեի անձնագիրը, իսկ ավելի ուշ որոշել է նրան տեղափոխել հյուրանոց՝ մինչև Մեքսիկա մեկնելը։ Ավելի վաղ զեկուցողը պնդել էր, որ միգրացիոն մարմիններն իրենից պահանջել են վերադառնալ Ֆրանսիա։

ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Ֆոլկեր Թյուրքը Կոստա Ռիկային կոչ է արել վերանայել իր որոշումը։ Իտալիայի ԱԳ նախարարն էլ հայտնել է, որ իրենք մի քանի անգամ դիմել են Կոստա Ռիկայի իշխանություններին՝ Ալբանեզեի մուտքը թույլատրելու խնդրանքով։

Իտալացի իրավաբան Ալբանեզեն ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի հատուկ զեկուցող է նշանակվել 2022 թվականին։ Նա արձանագրում է 1967 թվականից օկուպացված պաղեստինյան տարածքներում մարդու իրավունքների խախտումները և բազմիցս մեղադրել է Իսրայելին պաղեստինցիների նկատմամբ ցեղասպանություն իրականացնելու մեջ։ Իսրայելն ու նրա մի շարք դաշնակիցներ կտրականապես մերժում են այս պնդումները, իսկ ԱՄՆ-ն Գազայի հարցում իր քաղաքականությունը քննադատելուց հետո պատժամիջոցներ է սահմանել նրա դեմ։

Մայիսին Կոստա Ռիկայի նախագահի պաշտոնն ստանձնած Լաուրա Ֆերնանդեսը սերտ կապեր ունի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Նրա կառավարությունը նաև զարգացնում է առևտրային հարաբերություններն Իսրայելի հետ։ Ալբանեզեն քննադատել է երկու երկրների միջև ազատ առևտրի համաձայնագիրը՝ պնդելով, որ այն նպաստում է Իսրայելի ռազմական գործողություններին։

Այս ամենի ֆոնին Կոստա Ռիկայի քաղաքացի Ռեբեկա Գրինսպանը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի թեկնածուներից է․ Անտոնիու Գուտերեշի լիազորություններն ավարտվում են դեկտեմբերի 31-ին, սակայն Գրինսպանի ընտրությունը դեռ երաշխավորված չէ։