Foto

Մահացել է Նյու Յորք նահանգի սենատը գլխավորած առաջին կինը՝ Անդրեա Ստյուարտ-Քազինսը

Նոյեմբերի 27-ին 76 տարեկանում մահացել է Նյու Յորք նահանգի սենատի դեմոկրատական մեծամասնության առաջնորդ Անդրեա Ստյուարտ-Քազինսը։ Լուրը հաղորդում է Associated Press-ը։

Նա սենատի դեմոկրատներին գլխավորում էր 2012-ից, իսկ 2019-ին՝ կուսակցության հաղթանակից հետո, դարձավ մեծամասնության առաջնորդ։ Ստյուարտ-Քազինսն առաջին կինն ու առաջին սևամորթ կինն էր այդ պաշտոնում։

Նրա ընտրությամբ ավարտվեց նահանգի հին քաղաքական ավանդույթը։ Տարիներ շարունակ բյուջեի ու կարևոր օրենքների հարցերը լուծում էին երեք հոգի՝ նահանգապետը, ասամբլեայի խոսնակն ու սենատի առաջնորդը։ Այդ համակարգին ասում էին «երեք տղամարդ՝ մեկ սենյակում»։

Ստյուարտ-Քազինսը սենատոր էր 2006 թվականից։ Նոյեմբերի 3-ին նա կրկին ընտրվել էր, իսկ նոյեմբերի կեսերին կուսակիցները նրան վերընտրել էին որպես մեծամասնության առաջնորդ։

Նրա ղեկավարության տարիներին սենատն ընդունեց մի շարք օրենքներ, որոնք հանրապետականների օրոք չէին անցնում։ Օրինականացվեց մարիխուանան, խստացվեցին զենքի մասին օրենքները, ուժեղացվեց վարձակալների ու ընտրողների իրավունքների պաշտպանությունը։ 2020-ին՝ Ջորջ Ֆլոյդի սպանությունից հետո, նա աջակցեց ոստիկանության նկատմամբ վերահսկողության խստացմանը, ինչպես նաև պայքարեց նահանգի սահմանադրությամբ աբորտի իրավունքն ամրագրելու համար։

2021-ին Ստյուարտ-Քազինսն առաջին բարձրաստիճան դեմոկրատն էր, որը պահանջեց այն ժամանակվա նահանգապետ Էնդրյու Կուոմոյի հրաժարականը։ Պատճառը Կուոմոյի դեմ սեռական ոտնձգությունների մեղադրանքներն էին և ծերանոցներում COVID-19-ից մահերի թվերի շուրջ բռնկված սկանդալը։ Կուոմոն հերքում էր ամեն ինչ, բայց ի վերջո հեռացավ։

Նահանգապետ Քեթի Հոկուլն ասել է, որ ցնցված է. նա խորապես հիանում էր Ստյուարտ-Քազինսով։ Հոկուլի խոսքով՝ նա երբեք չէր մոռանում իր անցած ճանապարհը, ում համար է պայքարում և ինչ դռներ կարող է բացել հաջորդ սերունդների համար։

Մինչև սենատ գալը Ստյուարտ-Քազինսն աշխատել է մարքեթինգում, դասավանդել է, պաշտոններ զբաղեցրել կադրերի ոլորտում ու տեղական ինքնակառավարման մարմիններում։ Մեծացել է Նյու Յորքի սոցիալական բնակարաններից մեկում, իսկ հետագայում դարձել Ուեստչեսթեր շրջանի օրենսդիր մարմնի պատգամավոր։

Նա ուներ երեք երեխա՝ Քևինը, Սթիվենն ու Քենդիսը, և մեկ եղբայր՝ Ռոբերտ Ստյուարտ կրտսերը։ Ամուսինը՝ Թոմաս Քազինսը, մահացել էր 2007 թվականին։