Վրաստանում հոկտեմբերի 28-ին անցկացված նախագահական ընտրությունների արդյունքում նախագահի անկախ թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին, որին աջակցում է իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը, հավաքել է 50 տոկոսից պակաս ձայն՝ 38,6 տոկոս, իսկ ընդդիմության թեկնածու Գրիգոլ Վաշաձեն, որին սատարում է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, հավաքել է 37,75 տոկոս ձայն: Վերջինս Զուրաբիշվիլիի հետ դուրս է եկել նախագահական ընտրությունների երկրորդ փուլ: Թեմայի շուրջ Vesti.am-ը զրուցել է վրացագետ Ջոնի Մելիքյանի հետ:
-Պարո՛ն Մելիքյան, ինչպե՞ս կգնահատեք երեկ Վրաստանում տեղի ունեցած նախագահական ընտրությունները, երկրորդ փուլը կանխատեսելի՞ էր:
Երկրորդ փուլի տարբերակն սպասելի էր, քանի որ Սալոմե Զուրաբիշվիլին «Վրացական երազանք» կուսակցության անդամ չէ և կուսակցության առաջադրած թեկնածուն չէ, այլ նրանք սատարում էին նրան՝ որպես անկախ թեկնածուի: Չպետք է մոռանանք, որ երկրում տնտեսական բարդ իրավիճակ է, մարդկանց դժգոհությունը ցույց էր տալիս, որ կա երկրորդ փուլի հնարավորություն: Ուրիշ հարց է, որ թվերն էին անսպասելի: Երկրորդ տեղը զբաղեցրած Գրիգոլ Վաշաձեն բավականին մեծ աջակցության քվե ստացավ, ինչն այսօրվա դրությամբ կրիտիկական իրավիճակ է ստեղծում: Այս ընտրություններին Սաակաշվիլին և իր թիմակիցները պայքարում էին Բիձինա Իվանիշվիլիի և նրա համակիրների հետ: Զուրաբիշվիլին այդտեղ ինքնաբերաբար մտավ «Վրացական երազանքի» թիմի մեջ: Հիմա շատ բարդ իրավիճակ է ստեղծվում և իշխող կուսակցությունը շատ կարճ ժամանակում լուրջ աշխատանքներ պետք է տանի, աջակցի, որպեսզի այս հարցը լուծվի: Բանը հասել է նախկին և ներկա իշխանությունների միջև վենդետայի, որը ուղղակի փոխեց այս վերջին նախագահական ընտրությունների իմաստը: Չնայած որ նախագահին շատ նեղ, սահմանափակ լիազորություններ են մնացել, սակայն եթե հաղթի ընդդիմադիր թեկնածուն, ապա այնտեղ կարող ենք սպասել ներքաղաքական կյանքի բավականին բուռն իրադարձությունների: Նշեմ, որ նախագահը դեռևս համաներման և քաղաքացիություն շնորհելու լիազորություն ունի: Եվ նորընտիր ընդդիմադիր նախագահը շատ հեշտ կարող է վերադարձնել Սաակաշվիլիին՝ փակելով բոլոր խոչընդոտները: Սաակաշվիլին Վրաստանի ներքաղաքական կյանքին կարող է լուրջ փոփոխություններ բերել և մեծ խնդիրներ կստեղծի իշխող թիմի համար: Կարելի է ասել, որ այս ընտրությունները գալիք խորհրդարանական ընտրությունների ազդակն էին: Ընդդիմությունը հասկացավ, որ կա հնարավորություն վերադառնալու իշխանության, իսկ իշխանություններն էլ հասկացան, որ շատ թույլ իրավիճակում են գտնվում և չնչին սխալները կարող են անդառնալի հետևանքների և իշխանության կորստի բերել:
-Ընդդիմության թեկնածու Գրիգոլ Վաշաձեն նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի թեկնածուն է: Նրա հավաքած ձայներն արդյո՞ք վկայում են այն մասին, որ Վրաստանում ցանկանում են, որպեսզի Սաակաշվիլին վերադառնա:
Դրան նպաստեց Սալոմե Զուրաբիշվիլի անպատրաստ լինելը: Նա սխալ ուղղությամբ էր իր քարոզարշավը կառուցել: Նրա համար վճռական եղավ ռուս-վրացական պատերազմի հետ կապված հայտարարությունը, երբ Սաակաշվիլիին մեղադրեց պատերազմն սկսելու մեջ: Դրանից հետո լուրջ հարված ստացավ թե՛ «Վրացական երազանքը», թե՛ նրանց կողմից սատարվող թեկնածուն: Ընդդիմադիր թեկնածուի ստացած քվեն կարելի է ասել ոչ միայն Սաակաշվիլիի կողմնակիցների ռեյտինգն է, այլ գործող իշխանությունների անտիռեյտինգը:
Մենք դա կարող ենք համեմատել նաև հայկական իրողության հետ, երբ դժգոհությունն այն մակարդակին է հասել, որ այլընտրանք տեսնում են թեկուզ այլ անձին կամ կուսակցությանը, որը նախկինում իրենց կողմից անընդունելի էր: Այսօրվա դրությամբ կարելի է ասել, որ Սաակաշվիլին իր էլեկտորատը չկորցրեց: Նրանք ընտրություններին 10-15 տոկոս քվե ունեին, սակայն այսօրվա 37 տոկոսը ոչ թե Սաակաշվիլիի վարկանիշն է, այլ իշխանություններից դժգոհության արդյունքը:
-Վրացական արտաքին քաղաքականությունում ի՞նչ փոփոխություններ կլինեն, արդյո՞ք վտանգված են հայ-վրացական հարաբերությունները:
Նախագահական ընտրությունները ոնց էլ ընթանան մինչև 2020 թվականը արտաքին քաղաքականությունում ոչ մի փոփոխություն չի լինի: Այլ բան է, եթե 2020 թվականին իշխանափոխություն է տեղի ունենում և վերադառնում է Սաակաշվիլու թիմը, կարող ենք սպասել, որ կվերանայվեն Ռուսաստանի հետ հարաբերությունները: Գործող ֆորմատները կարող են չեղարկվել: Մյուս կողմից էլ քաղաքական այդ թիմը կարող է տնտեսական, ռազմական հարաբերությունների խորացման գնա Թուրքիայի ու Ադրբեջանի հետ: Ստացվում է, որ մեր նկատմամբ ուղղակի ոչինչ չի փոխվելու, սակայն այդ երկու գործոնը՝ Ռուսաստանի հետ Վրաստանի հարաբերությունների սրացումն ու Ադրբեջանի ու Թուրքիայի հետ խորացումը մեզ վրա անուղղակի ազդեցություն են ունենալու: Եթե ընտրվի իշխող կուսակցության սատարած թեկնածուն, ապա ոչինչ չի փոխվի՝ «Վրացական երազանքի» արտաքին քաղաքականությունը նույն կերպ կշարունակվի: Նրանք կփորձեն որոշակի եզրեր գտնել Ռուսաստանի հետ:
Դուսյա Ղազարյան
Vesti.am