Foto

«Լեսթեր Սիթիի» սեփականատերը զոհվել է ուղղաթիռի պայթյունի հետևանքով

«Լեսթեր Սիթին» պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել ակումբի սեփականատեր Վիչայ Շրիվադդհանապրաբհայի ուղղաթիռի պայթյունի վերաբերյալ, որը տեղի է ունեցել հոկտեմբերի 27-ին «Քինգ Փաուեր» մարզադաշտի մոտակայքում:

Միջադեպը տեղի է ունեցել անգլիական Պրեմիեր-լիգայի 10-րդ տուրի` «Լեսթեր Սիթիի» և «Վեսթ Հեմ Յունայթեդի» միջև կայացած խաղից հետո (1:1):

Ակումբի սեփականատիրոջ ուղղաթիռն օդ է բարձրացել, սակայն շուտով կորցրել  է կառավարումն ու ընկել: Ուղղաթիռը պայթել է, դեպքի վայրում աշխատել են հրշեջ փրկարարներն ու բժիշկները.

«Խորը ցավով հաստատում ենք, որ ակումբի սեփականատեր Վիչայ Շրիվադդհանապրաբհան եղել է այն մարդկանց թվում, ովքեր ողբերգական կերպով մահացել են շաբաթ երեկոյան, երբ ուղղաթիռը նրա և ևս 4 ուղևորների հետ պայթել է «Քինգ Փաուեր» մարզադաշտի մոտակայքում:

Ուղղաթիռում գտնվող 5 ուղևորներից և ոչ մեկը չի փրկվել»,- ասվում է ակումբի տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ:

Շրիվադդհանապրաբհան «Լեսթեր Սիթին» գնել է 2010 թվականին: 2015/16 մրցաշրջանում ակումբն իր պատմության մեջ առաջին անգամ դարձել էր Անգլիայի չեմպիոն:

Թայլանդցի բիզնեսմենը 60 տարեկան էր: