Foto

Մելքումյանը Փաշինյանից հետաքրքրվեց գազի և էլեկտրաէներգիայի գնի մասին

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը ՀՀ վարչապետի ընտրության հարցի քննարկման ժամանակ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց գազի և էլեկտրաէներգիայի գնի հարցով կառավարության կողմից ստեղծված աշխատանքային խմբի անելիքներից՝ հիշեցնելով, որ ԱԺ-ն էլ ունի ժամանակավոր հանձնաժողով, որն այս խնդրով պետք է զբաղվի:

«Գնի իջեցման նախապայմանը չենք կարող վարչարարությամբ իրականացնել»,-ասաց Միքայել Մելքումյանը:

Բարձրացված հարցին ի պատասխան Փաշինյանն ասաց, որ կառավարության կողմից աշխատանքային խմբի ստեղծումը կապված է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և իր կողմից ձեռք բերված պայմանավորվածությունների հետ: Նա հիշեցրեց, որ ինքը Պուտինին ասել է, որ այս գնով է երկիր մտնում գազը, սպառողին հասնում է այսինչ գնով, ՌԴ նախագահն էլ անկեղծ զարմացել է և հիշել իր՝ Գյուրմրիի այցելությունը, որ մարդկանց հագուկապից զգացել է, որ սոցիալական վիճակը լավ չէ և անձամբ հանձնարարել է, որ գազի գինն այնպես սահմանվի, որ տրամաբանական լինի:

«Հիմա փորձում են իսկապես հասկանալ՝ ինչ է կատարվում և փաստարկների միջոցով գանք կոնկրետ լուծումների: Ուրախ կլինեմ, որ դուք կամ ընդհանրապես մեր գործընկերներն  աշխատանքային խմբին աջակցեք, փաստեր ներկայացնեք, որոնք անառարկելի են, որ քննարկենք մեր ՌԴ գործընկերների հետ»,-ասաց նա:

 Vesti.am