Foto

Հայաստանում չի կարող լինել մի իշխանություն, որ Ղարաբաղի հարցը լուծի առանց ժողովրդի կամքը հաշվի առնելու. Փաշինյան

Ազգային ժողովը շարունակում է քննարկել ՀՀ վարչապետի ընտրության հարցը: ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց Արցախի հիմնախնդրի վերաբերյալ նրա դիրքորոշման մասին:

Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ հայաստանյան իրականության մեջ կան երևույթներ, որոնք սովորական են դարձել, բայց, իրականում, հիմքային առումով աբսուրդ են։ Նրա խոսքով՝ անընդհատ, ինչ-որ մի տեղից բոլոր իշխանությունների նկատմամբ անվստահություն է առաջանում, որ, տվյալ իշխանությունը հաստատ եկել է մի բան տալու, հանձնելու և այլն։

«Ես միայն ուզում եմ ասել հետևյալը՝ բոլորս հասկանում ենք չէ՞, որ Հայաստանում չի կարող լինել մի իշխանություն, նույնիսկ ամենաբռնապետական իշխանություն, որ Ղարաբաղի հարցը լուծի առանց ժողովրդի կամքը  հաշվի առնելու։ Ժողովրդի կարծիքն է այն վճռական գործոնը, որը պետք է որոշի Ղարաբաղի հարցի այս կամ այն հանգուցալուծումը մեզ շահեկա՞ն է, թե՞ ոչ։ Նույնիսկ ինչ կքննարկվի բանակցային սեղանի շուրջ, դա բացարձակապես էական չէ»,- ասաց նա՝ հավելելով, որ արդեն 20 տարուց ավելի է, ինչ Արցախի հակամարտության հետ կապված քննարկում կա, սակայն որևէ էական բան չի փոխվել։

Փաշինյանը հայտարարեց՝ քանի դեռ Արցախը ներգրավված չէ բանակցություններում, նշանակում է, որ մոտ չենք Արցախի հարցի կարգավորմանը։

Շիրակ Թորոսյանն արձագանքելով ասաց, որ Արցախի հետ կապված Նիկոլ Փաշինյանի տեսակետն ամբողջովին ընդունելի է։

«Դա այն է, որ որևէ իշխանություն չի կարող  գաղտագողի ճանապարհով լուծել ղարաբաղյան հակամարտությունը։ Այս մոտեցումներն ակնհայտ ժողովրդավարական են»,- ընդգծեց Շիրակ  Թորոսյանը։

Նիկոլ Փաշինյանն էլ, համաձայնելով պատգամավորի հետ, ընդգծեց, որ Արցախի ժողովրդի դիրքորոշումը ոչ թե էական, այլ վճռական նշանակություն ունի խնդրի կարգավորման մեջ։

Vesti.am