Foto

Միլսը կա՛մ անձնական խնդիրներ ունի, կա՛մ էլ ապագայի մասին է մտածում. Բաբայան

ՀՀ-ում իր առաքելությունն ավարտող ԱՄՆ  դեսպան Ռիչարդ Միլսը «EVN Report»-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չի կարող կարգավորվել առանց «գրավյալ տարածքների որոշակի մասի վերադարձի»: Թեմայի շուրջ Vesti.am-ը զրուցել է Արցախի Հանրապետության  նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանի հետ:

-Պարոն Բաբայան, ինչպե՞ս կմեկնաբանեք դեսպանի խոսքը:

Ընդհանրապես, որպեսզի հակամարտության կարգավորումը  լինի համապարփակ, նախևառաջ պետք է վերականգնվի Արցախի լիարժեք մասնակցությունը։ Պետք է նաև շեշտեմ, որ մենք չունենք գրավյալ տարածքներ հասկացություն: Օկուպացիան իր մեջ պարունակում է հետևյալ հանգամանքները՝ ուրիշի տարածքի զավթումը՝ սեփական կարիքների համար, նախօրոք ծրագրված զավթում։ Մենք որևէ մեկի տարածքը չենք զավթել՝ ինչ-ինչ պատճառների, սեփական կարիքների համար։ Արցախյան շարժման վերջին փուլը, որն սկսվել է 1988թ., այնտեղ որևէ խնդիր չի եղել տարածքների վերաբերյալ, Արցախը փորձել է ինքնորոշվել, որովհետև մեզ համար գոյության տարբերակ չկար Ադրբեջանի կազմում։ Հետևաբար, այն ժամանակ մենք մտածում էինք, որ կարգավիճակի փոփոխությունն ավտոմատ թույլ կտա մեզ գոյատևել, բայց կյանքը ցույց տվեց, որ դա այդպես չէ. Ադրբեջանը հարձակվեց, փորձեց ոչնչացնել մեզ, ցեղասպանություն կատարեց ամբողջ նախկին խորհրդային Ադրբեջանի տարածքում։ Հիմա մենք որպեսզի փրկվենք, ստիպված եղանք կրակակետեր ոչնչացնել, և փոխվեց քարտեզը, փոխվեցին սահմանները։ Իհարկե, օկուպացված տարածքները պետք է վերադարձվեն, բայց մենք չունենք օկուպացված տարածքներ։

Երբ Ադրբեջանը, կամ ուրիշ մարդիկ խոսում են, որ պետք է վերադառնանք սկզբնական փուլին, ապա դա ոչ միայն անհնարին է, այլև՝ վտանգավոր:

Դրա հետևանքը լինելու է Արցախի կոտորածը և ցեղասպանությունը: Չեմ կարծում, որ պարոն Միլսն ուզում է, որ հայ ժողովրդի ցեղասպանություն տեղի ունենա:

Հետևաբար, եթե խոսվում է սահմանների մասին, այդ դեպքում թող ասեն, թե Շահումյանի շրջանը հիմա ո՞ւմ վերահսկողության տակ է, Ադրբեջանն այն չի՞ օկուպացրել, կամ Գետաշենը, Հյուսիսային Արցախը։ Նախիջևանի խնդիրը պետք է դնենք, և Արցախն իրավունք ունի դա դնելու, որովհետև մենք նույն կազմավորման կազմում էինք և տեսանք, թե ինչ ճակատագիր ունեցավ Նախիջևանը։ Հիմա, եթե մենք խոսում ենք կարգավորման մասին, մենք պետք է խոսենք համապարփակ կարգավորման մասին, այնպիսի կարգավորման մասին, որ դրանից հետո որևէ մեկի մոտ գայթակղություն չլինի՝ հարձակվել և հարցը կարգավորել ուժային տարբերակով։ Իսկ եթե Արցախը սահմանների առումով վերադառնում է 1988 թիվը, ապա, բացի նրանից, որ լինելու է սարսափելի հարված մեր անվտանգությանը, ինքնությանը, սա նաև կլինի գայթակղության աղբյուր։ Հետևաբար, վերադարձ անցյալի չկա, լինի դա սահմանների, թե կարգավիճակի առումով։ Բացի դրանից, չգիտես՝ ինչու, խոսում են միայն մեր մասին։ Խոսվում է համապարփակ կարգավորման մասին։ Դա ինչպե՞ս կարող է լինել, առանց Ադրբեջանի ֆաշիստական հռետորաբանությունից հրաժարվելու:

Իսկ ինչու էր ողջ աշխարհը պապանձված, երբ Ադրբեջանը   կաշառեց Հունգարիային  և վերադարձրեց Սաֆարովին՝ դրանով իսկ մեծ հարված հասցնելով ժողովրդավարությանը: Բա էդ ինչի՞ վրդովմունք չկար, մասսայական բողոքներ չկային, պատժամիջոցներ չկային: Ավելին, դրանից հետո Բաքվում անցկացվում են Առաջին համաեվրոպական օլիմիպիական խաղերը…. Էս ի՞նչ է կատարվում: Մենք լավ ենք հասկանում, թե ինչ է կատարվում, սակայն խնդիրն այն է, որ մեր ապագան, ժողովրդի, պետության ճակատագիրն է որոշվում: Մենք չենք ասել, որ պատրաստ չենք խաղաղ կարգավորման, բայց դա չի նշանակում, որ Ադրբեջանը մեզ պետք է կապիտուլացիայի ենթարկի՝ մեր սեփական կամքով: Այդպիսի բան չի կարող լինել:

-Միլսը  նշում է, որ իր  կառավարության երկար տարիների ընկալումն այն էր, որ այդ տարածքներն ի սկզբանե վերցվել էին՝ հետագայում «հող՝ խաղաղության դիմաց» բանաձևում օգտագործվելու համար: Նա զարմանք է հայտնում, հայտնաբերել է, որ այդ տարբերակը Հայաստանում այլևս աջակցություն չունի:  

Ես երբեիցե չեմ տեսել քաղաքական փաստաթուղթ՝ «տարածքներ՝ խաղաղության դիմաց»: Այդպիսի բան չի լինում: Խաղաղության դիմաց խաղաղություն է լինում:

-Միլսը  նախկինում էլ է խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին: Սակայն ավելի թույլ, մեղմ դիրքորոշումներով: Այս անգամ այլ է: Ինչո՞վ է պայմանավորված Միլսի նման ակտիվությունը:

Ես չգիտեմ՝ ինչով է պայմանավորված, անձնական խնդիրներ ունի, թե ապագայի մասին է մտածում: Չեմ էլ ուզում իմանալ, քանի որ, ըստ երևույթին, սա նրա անձնական կարծիքն է: Քանի որ և՛ Վաշինգտոնը, և՛ Մոսկվան, և ՛Փարիզը  վերջերս ևս մեկ անգամ հայտարարեցին, որ իրենք դատավորներ չեն: Իրենք միայն միջնորդներ են։ Ի՞նչ է նշանակում պետք է, անխուսափելի է: Էդ ո՞վ է որոշում, անխուսափելի է, թե՝ ոչ: Խնդիրն այն է, որ սա պետք է լինի համապարփակ կարգավորում, որ վաղն ավելի վատ չլինի: Իսկ տարածքներ՝ խաղաղության դիմաց դա նույնն է, ոնց որ ֆաշիստի և ահաբեկչի կողքին մերկանաս, քո անվտանգության համակարգը թուլացնես և իր քմահաճույքին մնաս, թե երբ է քեզ հոշոտելու ու սպանելու:

 Դուսյա Ղազարյան

Vesti.am