Ռուսաստանի հայերի միության, Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ, ՅՈւՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան Արա Աբրահամյանը շնորհավորական և երախտիքի նամակ է հղել Ֆրանսիայի նախագահ Էմանուէլ Մակրոնին` Երևանում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթաժողովի առիթով և Շառլ Ազնավուրին մատուցած վերջին հրաժեշտի արարողության կապակցությամբ:
«Հարգարժան նախագահ, թույլ տվեք Համաշխարհային հայկական կոնգրեսի, Ռուսաստանի հայերի միության և անձամբ իմ անունից շնորհավորել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունների 17-րդ գագաթաժողովի հաջող անցկացումը Հայաստանի մայրաքաղաք Երևանում:
Հայաստանի և ամբողջ աշխարհի հայերի, ինչպես նաև գագաթաժողովի հյուրերի ու մասնակիցների համար այս մեծածավալ և վառ միջոցառումը դարձավ իսկական տոն՝ բոլորին միավորելով «Ապրենք միասին» կարգախոսի շուրջ:
Մեր ժողովուրդներն օրինակ են, թե ինչպես կարելի է Երկրի տարբեր կետերում ապրելով՝ «ապրել միասին» և պահպանել միմյանց նկատմամբ կապվածությունն ու հարգանքը:
Այսօր, Ցեղասպանությունից ավելի քան 100 տարի անց, մենք երախտագիտությամբ ենք հիշում, ինչպես ֆրանսիական ռազմական նավերը հասան հայկական Կիլիկիայի ափերն ու փրկեցին մեր հազարավոր նախնիների, որոնք փախել էին կոտորածից, իսկ հետո դիմելով Ֆրանսիային, վստահ էին, որ այնտեղ ապաստան և մխիթարություն կգտնեն: Այդ մարդկանց թվում կային նաև այնպիսինները, որոնց երեխաները հետագայում փառավորեցին Ֆրանսիան իրենց նվիրական ծառայությամբ:
Նրանցից մեկը Շառլ Ազնավուրն էր՝ մեր ազգերի ու երկրների բարեկամության վառ խորհրդանիշը, ով դարձավ Ֆրանսիայի մշակույթի և լեզվի դեսպանը և Հայաստանի ու հայ ազգի դեսպանն ամբողջ աշխարհում:
Դեռ մեկ ամիս առաջ անհնար էր պատկերացնել, որ Հայաստանում Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովը կանցնի առանց Ազնավուրի և հարյուրավոր ֆրանկոֆոնների երազանքի. հանդիպել նրան Երևանում և շանսոնյեի հետ երգել նրա հանրահայտ «La bohème»-ը:
Հարգարժան պարոն Մակրոն, ցանկանում եմ ի սրտե շնորհակալություն հայտնել Ձեզ այն քաղաքականության համար, որ հետևողականորեն իրականացնում եք հայ ժողովրդի հետ հարաբերություններում։ Ձեր հուզիչ ելույթը մեծ Մաեստրոյի հոգեհանգստի արարողության ժամանակ և հայկական երգի՝ ֆրանսիական ռազմական նվագախմբի սրտաբուխ կատարումը, ինչպես նաև հրաժեշտի ամբողջ արարողակարգը, որին անթաքույց հուզմունքով մի քանի միլիոն մարդ էր հետևում ուղիղ եթերով, դարձան բացառիկ հարգանքի դրսևորում ոչ միայն Շառլ Ազնավուրի՝ Ֆրանսիայի մեծ որդու, այլև Հայաստանի և ամբողջ հայության նկատմամբ: Միայն մեծագույն երկրներն ու ժողովուրդներն այդպես կարող են գնահատել իրենց նվիրյալ որդիներին: Հարգարժան պարոն նախագահ, սրտանց ցանկանում եմ Ձեզ և Ձեր երկրի՝ Ֆրանսիայի ժողովրդին և ամբողջ ֆրանկոֆոն աշխարհին խաղաղություն, ծաղկում և հաջողություն: Եվ թող աշխարհում տիրի արդարությունն ու խաղաղությունը»:
Արա Աբրահամյանը «Ֆրանս-ռուսական երկխոսություն» կազմակերպության համանախագահն է և Պատվո Լեգիոնի շքանշանի ասպետ: