«Երեկ առավոտյան ինձ զանգ է եղել, որ աղմկահարույց այդ նախագիծը՝ ԱԺ կանոնակարգ-օրենքի մասին, չդնենք քվեարկության, որպեսզի վարչապետը գա և քննարկենք դա: Դրանից հետո վարչապետը եղել է ինձ մոտ և ասել, որ դեկտեմբերին գնում ենք արտահերթ ընտրությունների»,- այդ մասին Խորհրդարանում, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։
Անդրադառնալով ԱԺ կանոնակարգ օրենքի փոփոխությանը, որն էլ վարչապետ Փաշինյանը հակահեղափոխություն է համարում, Բաղդասարյանն ասաց, որ նախագիծը հետ կանչելու հարց չի քննարկվել նախագիծ համահեղինակ ԲՀԿ-ի ու ՀՅԴ-ի հետ։ Սակայն նա վստահեցրեց, որ իրենք այս օրինագծով արտահերթ խորհրդարանական ընտրությունների մեջ սեպ խրելու նպատակ չեն ունեցել։
ՀՀԿ խմբակցության ղեկավարը հայտարարեց՝ սահմանադրական ճանապարհով ցանկացած տիպի ընտրության կողմնակից են։ Հարցին՝ դեկտեմբերին պատրաստ չե՞ն գնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների, նա կարճ պատասխան տվեց՝ ոչ։









