Foto

Արա Բաբլոյանը մասնակցել է նյարդաբանության և նյարդավիրաբուժության հիմնախնդիրներին նվիրված միջազգային գիտաժողովի բացմանը

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը սեպտեմբերի 28-ին «Ռեդիսոն Բլյու» հյուրանոցում մասնակցել է նյարդաբանության և նյարդավիրաբուժության արդի հիմնախնդիրներին նվիրված «BRAIN-2018» միջազգային գիտաժողովի բացմանը:

Միջոցառմանը մասնակցել են ոլորտի պատասխանատուներ Հայաստանից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Կանադայից, Գերմանիայից և Շվեյցարիայից:

Ողջունելով գիտաժողովի մասնակիցներին՝ ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն ընդգծել է, որ Հայաստանում մեծապես կարևորվում են բժշկական բարձրագույն, ինչպես նաև հետբուհական շարունակական կրթության ասպարեզներում իրականացվելիք բարեփոխումները, որոնցով է պայմանավորվելու մեր երկրում նյարդաբանության և նյարդավիրաբուժության զարգացման ընթացքը:

ՀՀ ԱԺ ղեկավարն առանձնահատուկ շնորհակալություն է հայտնել միջոցառման նախաձեռնողներին` Հայաստանի նյարդաբանների ասոցիացիայի նախագահ, պրոֆեսոր Գուրգեն Հովհաննիսյանին, պրոֆեսորներ Միքայել Մուրադօղլուին, Վիգեն Պապիկյանին, Բիայնա Սուխուդյանին և բոլոր մասնակիցներին, ովքեր ժամանել են Երևան` ներկայացնելու իրենց փորձը, ինչպես նաև ծանոթանալու նյարդաբանության և նյարդավիրաբուժության ասպարեզներում Հայաստանի բժիշկների ունեցած ձեռքբերումներին:

«Շնորհակալ եմ, որ ինձ պատիվ է ընձեռվել գիտաժողովում հանդես գալու բացման խոսքով: Համոզված եմ, որ դա պայմանավորված է այն իրողությամբ, որ համահեղինակ եմ այն օրենքների մշակման և օրենսդրական փոփոխությունների կատարման, որոնք միտված են Հայաստանում բժիշկների մասնագիտական շարունակական զարգացման ապահովմանը: Կարծում եմ, որ այդ առումով այս գիտաժողովը համապատասխանում է միջազգային բոլոր չափանիշներին»,- ընդգծել է ՀՀ խորհրդարանի ղեկավարը:

ՀՀ օրենսդիր մարմնի ղեկավարը մասնակիցներին մաղթել է արգասաբեր աշխատանք՝ հույս հայտնելով, որ բարձրակարգ մասնագետների մասնակցությամբ գումարվող եռօրյա միջազգային գիտաժողովը կծառայի իր նպատակին ու կդառնա շփման, համագործակցության, փորձի փոխանակման և տարբեր ծրագրերի նախագծման հարթակ: