Ռուսաստանը լիահույս է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի փոխարինումը մեկ այլ անձով չի անդրադառնա կառույցի աշխատանքի վրա, «РИА Новости»-ին ասել է ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի տեղակալ Ալեքսանդր Պանկինը:
Ավելի վաղ «Մարտի 1»-ի գործի շրջանակում Խաչատուրովին սահմանադրական կարգի տապալման մեղադրանք էր առաջադրվել: Ավելի ուշ դատարանը նրան ազատ էր արձակել գրավի դիմաց: Այնուհետև Հայաստանը ՀԱՊԿ անդամներին առաջարկել է սկսել գլխավոր քարտուղարին փոխարինելու գործընթացը:
«Ռուսական կողմը, ինչպես և կառույցի մյուս անդամ պետությունները, հետաքրքրված են, որ գլխավոր քարտուղարի շուրջ ստեղծված իրավիճակը նվազագույն կերպով անդրադառնա ՀԱՊԿ գործունեության սահուն ընթացքի և արդյունավետության վրա»,-նշել է Պանկինը:
Նրա խոսքով՝ հայկական կողմը նախաձեռնել է Խաչատուրովի՝ այս պաշտոնում լիազորությունների վաղաժամ դադարեցում: Գործընթացն արդեն սկսված է ու իրականացվում է ՀԱՊԿ շրջանակում գոյություն ունեցող գործընթացների համաձայն:
Պաշտոնյան հավելել է, որ ներկայում ՀԱՊԿ-ի աշխատանքն ընթանում է առանց խափանումների, բոլոր ընդունված որոշումները՝ ըստ ծրագրվածի իրագործվում են:
Փոխնախարարի խոսքով՝ կառույցի գործունեության բազմամյա փորձը տալիս է վստահությամբ ապագային նայելու բոլոր հիմքերը:
Vesti.am









