Foto

«Նոր Հայաստանի» տնտեսական աճը` թվերով. b4b.am

Թավշյա հեղափոխությունից հետո՝ մայիսի 3-ին նախագահ Արմեն Սարգսյանն ուղերձ հղեց ժողովրդին, որում թերևս առաջին անգամ օգտագործեց «նոր Հայաստան» բառակապակացությունն այն իմաստով, ինչ իմաստով այսօր հասկանում ենք մենք։ Պահանջել, որ այս մի քանի ամիսների ընթացքում նոր Հայաստանի տնտեսությունը պետք է մեծ աճ ունենար (կամ նույնիսկ աճ)՝ մասնագիտական տեսանկյունից առնվազն ազնիվ չէր լինի, սակայն, ի հեճուկս որոշ վատատեսական սպասումների` տնտեսական աճ (տնտեսական ակտիվության աճ) արձանագրվել է, գրում է  «b4b.am»-ը:

Կայքն ուսումնասիրել է տնտեսության առանձին ոլորտներում ապրանքների և ծառայությունների թողարկման ծավալները 2018-ի մայիս-հուլիս ամիսներին (այսինքն նոր Հայաստանում) և համեմատել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշների հետ՝ դուրս բերելով տնտեսության այն ոլորտները, որոնք հիմնականում նպաստել են կամ «զսպել» են այդ աճին (տնտեսական ակտիվության աճին)։

Ինչքա՞ն է տնտեսական ակտիվության ցուցանիշը նոր Հայաստանում։

Հիմք ընդունելով վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները՝ մենք հաշվարկել ենք, որ 2018-ի մայիս-հուլիս ամիսներին տնտեսական ակտիվության ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 8.8%-ով:

Տնտեսության ո՞ր ոլորտներն են աճել։

«Մշակույթ, զվարճություններ և  հանգիստ» ոլորտը ապահովել է թողարկման ամենամեծ աճըև ամենամեծ նպաստումը տնտեսական ակտիվության աճին։ Մայիս-հուլիս ամիսներին այս ոլորտում թողարկման աճը կազմել է շուրջ 47%, ինչը, ի թիվս մի շարք էկզոգեն գործոնների, պայմանավորված է նաև հունիս-հուլիս ամիսներին ընթացած Ֆուտբոլի ԱԱ 2018-ով (բուքմեյքերական գործունեության աճ)։

Առևտրի ոլորտի (Մեծածախ և մանրածախ առևտուր, ավտոմեքենաների և մոտոցիկլների նորոգում) թողարկումը մեր գնահատմամբ աճել է շուրջ 7%-ով, ընդ որում՝ մանրածախ առևտրի շրջանառությունը գրեթե չի փոխվել, մեծածախ առևտրի շրջանառության աճը կազմել է 11.1%-ով (ավելի քիչ, քան հունվար-ապրիլին՝ 20.7%), իսկ ավտոմեքենաների առևտրինը՝ (ներառյալ նորոգումն ու սպասարկումը) 43.5% (ավելի շատ, քան հունվար-ապրիլին՝ 15%)։ Եթե մեծածախ առևտրում և ավտոմեքենաների առևտրում ընթացիկ միտումները ընկալելի են և հստակ պատճառներն ունեն, ապա մանրածախ առևտրի միտումներն անհասկանալի են, մանավանդ եթե հաշվի առնենք, որ խոշոր առևտրային ցանցերի շրջանառության մի զգալի մասը ստվերից դուրս է եկել։ Առհասարակ, պետք է նշել, որ առևտրի վիճակագրության ոլորտում լուրջ բացեր կան և անհրաժեշտ է լուրջ ուշադրություն դարձնել այս հարցին։

«Գյուղատնտեսություն, անտառային տնտեսություն և ձկնորսություն» ոլորտը նոր Հայաստանում աճել է 5.6%-ով, ընդ որում՝ բուսաբուծություննաճել է 11.4%-ով, իսկ անասնապահությունը կրճատվել է 4.4%-ով։

Հաշվի առնելով, որ այս տարի բանջարանոցային մշակաբույսերի ցանքատարածությունները նախորդ տարվա համեմատ կրճատվել են 23%-ով, բանջարանոցային մշակաբույսերինը՝ 31.3%-ով, կարտոֆիլինը՝ 12%-ով[1], հացահատիկային և հատիկաընդեղենային մշակաբույսերինը՝ 15.5%-ով, և տարին եղել է սակավաջուր (այսինքն, ենթադրաբար բերքատվությունն էլ է կրճատվել), ապա բուսաբուծության ոլորտի այսպիսի աճը պետք է գտնվի կառավարության և վիճակագրական կոմիտեի խոշորացույցի տակ, որպեսզի համոզված լինենք, որ նախկինում՝ մինչև 2016թ-ը, գյուղատնտեսության ոլորտի վիճակագրական հաշվառման արատավոր պրակտիկան (հավելագրումները) չի կրկնվում։

«Մշակող արդյունաբերությունը»աճել է 6.1%-ով, ընդ որում՝ սննդի արտադրությունն ու ոսկերչությունն աճել են համապատասխանաբար՝ 10.3%-ով և 35.8%-ով, իսկ խմիչքների արտադրության, ծխախոտային արտադրատեսակի, հիմնական մետաղների արտադրության ոլորտները կրճատվել են՝ 6.1%-ով, 5.3%-ով և 3%-ով։

Միևնույն ժամանակ, պետք է նշել, որ խմիչքների արտադրության ոլորտում առանձին ապրանքատեսակների արտադրության անկումն արձանագրվել է ոչ միայն հետհեղափոխական ժամանակահատվածում, այլ հունվար-ապրիլ ամիսներին ևս, օրինակ, հունվար-ապրիլ ժամանակահատվածում կոնյակի արտադրությունը (լիտրով արտահայտված) կրճատվել է 6.6%-ով, օղու և օղի-լիկյորի արտադրությունը՝ 37.4%-ով, իսկ նոր Հայաստանում համապատասխանաբար՝ 12.5%-ով, 35.4%-ով։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: