«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրում «Ինտերից» կրած պարտությունից հետո (1:2) էմոցիոնալ պատասխան է տվել այն հարցին, թե արդյոք չի՞ զղջում, որ իր հետ Միլան չի տարել պաշտպաններ Թոբի Ալդերվեյրելդին ու Կիրան Տրիպյերին:
«Ինչու՞ եք այդպես վերաբերվում այն խաղացողներին, ովքեր դաշտ դուրս չեն եկել: Դուք կարող եք ինձ ասել. «Դու սարսափելի ընտրություն էիր կատարել մեկնարկային կազմի հարցում»: Բայց խնդրում եմ` հարգեք այն ֆուտբոլիստներին, ովքեր խաղացել են, քանի որ դա իմ որոշումն էր: Մենք 25 ֆուտբոլիստ ունենք: Այնպես եք հարցնում, կարծես` այն 13-14 խաղացողներն, ովքեր մեկնարկային կազմում չեն ընդգրկվում, աղբ են:
Ներեցեք, բայց վշտացած եմ, քանի որ ես մարդ եմ, ով հարգում է ձեզ և խաղացողներին: Մեկնարկային կազմի ընտրությունն իմ որոշումն է, և դուք պետք է հարգեք այն, քանի որ ես գլխավոր մարզիչն եմ»,-ասել է Պոչետինոն:









