Foto

Ինչպես կազդի Հայաստանի վրա Ռուսաստանի կողմից դրամավարկային քաղաքականության խստացումը. պարզաբանում է տնտեսագետը

Ռուսաստանի բանկի տնօրենների խորհուրդը բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0,25 տոկոսային կետով՝ մինչև 7,5 տոկոսի: Վերջին անգամ տոկոսադրույքը բարձրացել է 2014 թվականի դեկտեմբերի 16-ին՝ 6,5 կետով՝ հասնելով մինչև 17 տոկոսի:

Նշենք, որ առևտրային բանկերը, բնակչության պես, վարկ են վերցնում։ Երբ բանկերին գումար է հարկավոր լիկվիդայնության պակասը ծածկելու համար (կանխիկ գումարի ժամանակավոր պակաս), նրանք դիմում են Կենտրոնական բանկին։ Իսկ վերաֆինանսավորման տոկոսադրույքը վարկի գինն է, այսինքն` այն տոկոսադրույքը, որով բանկերը վարկային միջոցներ են վերցնում կարգավորիչից։ Վերաֆինանսավորման տոկոսադրույքի, այսինքն դրա բարձրացման և նվազեցման միջոցով ԿԲ–ն ազդում է գնաճի և ֆինանսական շուկայում առկա տոկոսադրույքների վրա։

Vesti.am-ը տնտեսագետ Ատոմ Մարգարյանի հետ զրուցեց ՌԴ-ում վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացման և Հայաստանի տնտեսության վրա դրա հնարավոր ազդեցությունների մասին:

Տնտեսագետը նախ մանրամասնեց, թե ինչով է պայմանավորված ՌԴ-ում կենտրոնական բանկի կողմից վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը.

«Վերջին մեկ ամսվա ընթացքում ամերիկյան պատժամիջոցների խորացման՝ Սկրիպալների գործի հետ կապված, ռուբլին արժեզրկվել է, իսկ արժույթի արժեզրկումը բերում է գնաճային լուրջ ճնշումների, ինչն արդեն նկատվում է ռուսական շուկայում, և բնականաբար այդ երկրի կենտրոնական բանկը չի կարող անտարբեր լինել: Բազմաթիվ խնդիրներ են առաջանում բարձր գնաճային տիրույթ փոխադրելու արդյունքում: Դա կարող է նաև երկրի կոնսոլիդացված պարտքի կառավարման խնդիրներ ստեղծել, բիզնեսի, ներդրումային դաշտի, աշխատատեղերի, զբաղվածության տարբեր ծրագրերի համար: Այս ամենը հաշվի առնելով, ՌԴ կենտրոնական բանկը խստացնում է դրամավարկային քաղաքականության պայմանները, որի հիմնական գործիքը վերաֆինանսավորման տոկոսադրույքն է: Հնարավոր է այլ գործիքներ ևս խստացվեն. ռեզերվներին ներկայացվող պահանջները, արժեթղթերի շուկաներում Կենտրոնական բանկի գործառնությունները, բայց հիմնական, գլխավոր գործիքը վերաֆինանսավորման տոկոսադրույքն է: Սա ռուբլու կայունացմանն ուղղված քաղաքականություն է», - ասաց Ատոմ Մարգարյանը:

Վերջինս նշում է, որ Հայաստանի վրա ուղղակի ազդեցություններ փնտրելը այս պահին անլուրջ զբաղմունք է.

«Հայաստան փոխանցվող տրանսֆերտների մասով, այնտեղ աշխատող մեր հայրենակիցների սոցիալական դրության վրա դրական ազդեցություն կարող է լինել, եթե այդ գործոնն (վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացում - խմբ.) այդ ձևով աշխատի: Նաև ներդրումային հոսքերի, այսինքն այն նախագծերը, որոնք ռուսական ներդրողներն իրականացնում են Հայաստանում, ևս կարող են դրական ազդակներ ստանալ: Այս պահի դրությամբ ասել, որ կլինեն զարգացումներ, որոնք ինչ որ ցնցումների կարող են բերել, չենք տեսնում: Ռուսաստանն իր ֆինանսական սիստեմի կայունությունն ապահովելու համար գնում է դրամավարկային պայմանների և քաղաքականության կոշտացման: Սա նորմալ է: Այնպես որ այս պահին բացասական ազդեցություններ չեն լինի, հակառակը այդ ազդեցությունները ավելի շատ կարող են լինել դրական, հատկապես արտահանողների համար: Հայաստանից ապրանք արտահանողները վերջին շրջանում սկսել են լուրջ կորուստներ կրել ռուբլու արժեզրկման հետևանքով և բնականաբար ռուբլու կայունացումը կարող է կասեցնել, դանդաղեցնել այդ պրոցեսը: Սա դրական հետևանքներից մեկը կարող է լինել», - ընդգծեց բանախոսը:

Մեր այն դիտարկմանը, որ երբ բարձրանում է վերաֆինանսավորման տոկոսադրույքը, բարձրանում են նաև, օրինակ, վարկերի տոկոսադրույքները, տնտեսագետն այսպես արձագանքեց.

«Այո, մատչելիությունը լիկվիդայնության առումով խնդիրներ կարող է ստեղծել բանկերի համար: Դա կոչվում է փողի թանկացման քաղաքականություն: Հնարավոր է, որ բարձրանան բիզնես և հիփոթեքային երկարաժամկետ վարկերի տոկոսադրույքները: Մյուս կողմից դա կարող է պետական պարտատոմսերի շուկայում լարվածություն ստեղծել և այլընտրանքների առումով կարող են ավելի գրավիչ դառնալ Ռուսաստանի պետական պարտատոմսերը օտարերկրյա ներդրողների համար: Սա կողմնակի ազդեցություն է: Կոնկրետ վարկային տոկոսադրույքների համար պայմանները, այո, խստացվում են և չի բացառվում փողի որոշակի թանկացումը բանկերի հաճախորդների համար», - եզրափակեց Ատոմ Մարգարյանը:

Լուսինե Առաքելյան

Vesti.am