Vesti.am-ի զրուցակիցն է Երևանի ավագանու «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակի անդամ Իզաբելլա Աբգարյանը:
- Տիկին Աբգարյան, ինչպե՞ս որոշում կայացրեցիք մասնակցել Երևանի ավագանու ընտրություններին: Ի՞նչը խթան դարձավ նման որոշման համար:
Նախևառաջ նշեմ, որ սա ավագանու առաջին ընտրությունները չեն, որոնց մասնակցում եմ: Մասնակցել եմ նաև «Բարև Երևան» թիմի հետ: Բայց այս ընտրությունները տարբերվում են նախորդներից, քանի որ արդար մրցապայքարի և հետագայում որոշող, այլ ոչ թե հաստատող ձայնի հնարավորություն կա: Ուստի նոր Հայաստանին ուժերիս չափով օգտակար լինելու մեծ ցանկությունից ելնելով եմ մասնակցում ընտրություններին, իսկ այդ հնարավորությունը ընձեռելու համար շնորհակալ եմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, որը քաղաքի կառավարման մասնակցության հնարավորություն ընձեռեց մեզ՝ անկուսակցականներիս:
- Ինչո՞ւ որոշեցիք հանդես գալ «Իմ քայլի» ցուցակում:
Հենց «Իմ քայլը» դաշինքի թիմով մասնակցությունս բնական է, քանի որ մաս եմ դառնում մի թիմի, որի հետ պայքարի ուղի եմ անցել և կատարյալ փոխըմբռնում ունեմ: Խոսքը ոչ միայն թավշյա հեղափոխության պայքարին է վերաբերում, այլ նաև մինչ այդ տարիներ շարունակ Երևանի ու երևանցու համար տարած պայքարներին:
- Ակնկալո՞ւմ եք, որ այս անգամ կլինի ընտրություն գաղափարների միջև՝ հաշվի առնելով երկրում առկա փոփոխությունները:
Գաղափարական, մոտեցումների պայքար, բնականաբար, կլինի: Սակայն, որքան էլ որ ակնկալենք ծրագրային պայքար, սպասվող ընտրությունները նաև քաղաքական պայքար են և հեղափոխության տրամաբանական շարունակություն: Չլիներ հեղափոխությունը, չէին լինի նաև այս ընտրությունները: Եվ հեղափոխության քաղաքական պատասխանատվություն կրող թիմը պետք է այն բերի նաև քաղաքապետարան:
- Ավագանու անդամ ընտրվելու դեպքում Երևանում առկա առաջին խնդիրը, որի լուծմանը հետամուտ կլինեք:
Խնդիրներն այնքան շատ են ու մեկը մյուսից կարևոր, որ չեմ առանձնացնի այս փուլում դրանցից մեկը: Կարծում եմ, նախևառաջ կարիք ենք ունենալու քաղաքի կառուցվածքային արդյունավետ համակարգ ներդնելու, որտեղ յուրաքանչյուրը ճիշտ տեղում է, ծանոթ է իր պարտականություններին և պատրաստ է դառնալ քաղաքի կառավարման հսկա մեխանիզմի անխափան գործող մասնիկը: Եթե սա չլինի, հատվածային խնդիրների լուծումը էականորեն չի փոխի երևանցու կյանքը:
- Ինչպե՞ս եք պատկերացնում համագործակցությունը ավագանիում մյուս քաղաքական ուժերի հետ:
Հուսով եմ, որ կձևավորվի ավագանի, որտեղ բոլոր խմբակցությունները ոչ թե կծառայեցնեն իրենց տրված մանդատը մեկը մյուսի համար խնդիրներ հարուցելու ու սեփական քաղաքական կապիտալին ծառայեցնելու համար, այլ կունենան մեկ նպատակ՝ գտնել լավագույն լուծումները Երևանի համար և ուշիուշով վերահսկել քաղաքի կառավարումը:
Լուսինե Առաքելյան
Vesti.am