Foto

«Ադրբեջանի անդամակցումը ՀԱՊԿ-ին կեղծ օրակարգ է, Փաշինյանն ու Պուտինը դրան չեն անդրադառնա»

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առաջիկա հանդիպման մասին Vesti.am-ը զրուցել է քաղաքագետ Նարեկ Մինասյանի հետ:

- Սեպտեմբերյան այցը կարո՞ղ ենք համարել «հարաբերությունների պարզաբանման» այց:

Այցը կարելի է դիտարկել երկկողմ հարաբերությունների համատեքստում: Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո բազմիցս է ասվել, որ հայ-ռուսական հարաբերություններում առկա են մի շարք հարցեր, որոնք պարզաբանման կարիք ունեն: Իհարկե, ոչ բոլոր հարցերի շուրջ է հնարավոր գալ որոշակիությունների, բայց այս առաջիկա այցը կարող է նպաստել տարբեր հարցերի հետ կապված մոտեցումների և ընկալումների համաձայնեցման:

Բացի այդ, ես այն տեսակետին եմ, որ անհրաժեշտ է որոշակի ժամանակահատված, որ ՀՀ-ի ու ՌԴ-ի իշխանություններն ընդհանուր եզրեր կգտնեն, ինչը բավական կարևոր է, բայցև ժամանակատար է: Մյուս կողմից էլ՝ համաշխարհային պատմությունը ցույց է տալիս, որ երբ հեղափոխությունից հետո նոր ուժ է գալիս իշխանության, իր արտաքին քաղաքականության մեջ որոշակի հստակեցումներ է սկսում անել:

Կարծում եմ՝ աշխատանքային այցի նպատակը թիրախային տարբեր հարցերի քննարկումն ու երկխոսության խողովակների հաստատումն է երկու երկրների միջև:

- Վերջին շրջանում բավական ակտիվ էին խոսակցություններն այն մասին, թե Ադրբեջանը ցանկանում է ՀԱՊԿ անդամ դառնալ: Հնարավո՞ր է այդ հարցը նույնպես դրվի քննարկման սեղանին:

Սա բավական լավ կազմակերպված օպերացիա էր Ադրբեջանի կողղմից, ու դա հաստատում է այն հանգամանքը, որ դա տեղեկատվական խայծ էր, որը տարածվեց ադրբեջանցի պատգամավորների կողմից, իսկ հետո ադրբեջանական տարբեր քարոզչական շրջանակներ դա շահարկումների առարկա դարձրին: Սակայն այդ ամենն իրականությանը չի համապատասխանում, և Հայաստանի արտաքին գործերի նախարարության կողմից հստակեցվեց իրողությունը, երբ հայտարարվեց, որ Ադրբեջանը չի համապատասխանում ՀԱՊԿ անդամի և դիտորդի համար նախատեսված չափորոշիչներին: Բացի այդ՝ հայկական կողմն ասաց նաև, որ եթե նման որոշում լինի, ապա Հայաստանը վետոյի իր իրավունքը կկիրառի նման հնարավորության դեպքում:

Ադրբեջանական կողմը ցանկանում էր օգտագործել այս միջադեպն ու սեպ խրել հայ-ռուսական հարաբերությունների մեջ: Սա, որոշակի առումով, նյարդային խաղ էր, որի նպատակն այն էր, որ Հայաստանում ևս Ռուսաստանի հետ կապված զգացմունքային հայտարարություններ հնչեն:

Սա կեղծ օրակարգ է, որը ձևավորվեց ադրբեջանական կողմից ու ցավոք սրտի հայկական տեղեկատվական դաշտում ևս որոշակի զարգացում ապրեց: Եվ ես չեմ կարծում ու տվյալ խնդիրը քննարկման առարկա դառնա Փաշինյան-Պուտին հանդիպման ժամանակ: Ավելին՝ վերջերս տեղի ունեցած Ալիև-Պուտին հանդիպման ժամանակ տվյալ հարցն ընդհանրապես չքննարկվեց:

- Յուրի Խաչատուրովին մեղադրանք առաջադրելու հարցը հանդիպման ժամանակ թերևս առանցքայիններից է լինելու՝ գուցե փակ հրապարակման համար: Վերջնական հստակեցումներ կլինե՞ն:

Այո, ճիշտ եք նկատում՝ ՀԱՊԿ ղեկավարի շուրջ ստեղծված իրավիճակը կդառնա երկկողմ հանդիպման օրակարգի կարևորագույն կետերից մեկը՝ հաշվի առնելով փաստը, որ տվյալ խնդիրը կարևոր նշանակություն ունի թե՛ Հայաստանի, թե՛ Ռուսաստանի համար: Իսկ թե ինչ եզրահագման կգան, բարդ է կանխատեսել, բայց հստակ է, որ կողմերը խնդրի առաջացման պահից գտնվում են կոնսուլտացիաների մեջ: Ճիշտ է՝ դրանք փակ կոնսուլտացիաներ են, բայց ամեն մեկը տարբեր խողովակներով ներկայացրել է խնդրի կարգավորման իր տեսլականը, ու հանդիպման ժամանակ այդ տեսալականների հստակեցման խնդիրն է դրվելու:

Վրույր Սևակ