Վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրերս այցելել էր «Գումի շուկա»՝ գյուղմթերքի բարձր գների վերաբերյալ քաղաքացիների դժգոհությունների հետքերով: Հիմնականում բանջարեղենի բարձր գները զարմացրին գործադիրի ղեկավարին։ Փաշինյանը հետարքրքրվեց, թե ի՞նչն է պատճառը, վաճառականներն էլ թե՝ ոռոգման ջուր չկա, բերքը դաշտում չորանում է:
Թեմայի վերաբերյալ Vesti.am-ը զրուցեց «Հայաստանի ագրարագյուղացիական միավորում» հ/կ նախագահ Հրաչ Բերբերյանի հետ:
-Պարո՛ն Բերբերյան, արդարացվա՞ծ են գյուղմթերքի գները:
-Գյուղնախարարությունը փորձում է իր վրայից պատասխանատվությունը գցել Ջրային կոմիտեի վրա, որը իրոք, շատ հարցերում մեղավոր է, լուրջ կադրային խնդիր ունենք, դա առաջին: Երկրորդ՝ Գյուղնախարարությունը փորձում է դա բարդել եղանակային պայմանների վրա: Հիմա անցնենք թվերին. պաշտոնական թվերով, անցած տարվա համեմատ ցանքատարածությոնները պակասել են 6412 հա-ով, դա Վիճակագրական վարչության թվերն են, իրականում մոտենում է 8000 հա-ի: Հիմա ես զարմանում եմ, թե նախարարությունն ի՞նչ ռեկորդային արտահանումների մասին է խոսում: Մենք գործ ունենք մի խմբի հետ, որոնք փորձում են ազգաբնակչությանը համոզել ինչ-որ թվեր, որոնք իրականում գոյություն չունեն:
Եթե ցանքատարածությունները պակասել են, ջուրը պետք է ավելանար, այսինքն՝ շուրջ 7000 հա-ի ջուր տնտեսել ենք, բա այդ ջուրն ի՞նչ եղավ, Ջրային կոմիտե՞ն խմեց, այն էլ այն դեպքում, երբ լիքը ջրամբարներ ունենք: Դա էլ երկրորդ հացն է: Աբսուրդ է, որ Ջրային տնտեսության պետական կոմիտեն պատկանում է Էներգետիկայի նախարարությանը, այն պետք է լիներ գյուղատնտեսության նախարության կազմում: Բացի այդ, կան մասնավոր ՀԷԿ-եր, որոնք նստած են գյուղացու ջրի հոսքերի վրա: Տարին 12 ամիս այդ ջուրը հոսում է, ջրամբարները չեն լցվում, ձագարները չեն մաքրվում, դրանց 30 տոկոսը տիղմով փակված է և այդ մարդիկ դեռ իրավունք ունեն Հայաստանում աշխատավարձ ստանա՞լ: Ջրի խնդիրը ՀԷԿ-երն են, մի քանի մարդ՝ սկսած գեներալ Մանվելից, գյուղացու ջուրն օգտագործելով հարստանում են ու համառորեն չեն ուզում այդ ՀԷԿ-երը փակել:
7000 հա-ով ցանքատարածությունները պակասել են, Գյուղնախարարությունն ասում է շոգից է, ջուրը չեն տվել, ես էլ ասում եմ այ «գրագետ» ընկերներ, գյուղացին գարնանը շատ գիտե՞ր, որ ջրի պակաս է լինելու, կամ շոգ է լինելու, գարնանն արդեն 7000 հա պակաս է եղել:
Փորձում են բարդել եղանակի ու ջրի վրա, ո՛չ, մեղավոր է Գյուղատնտեսության նախարարությունը, քաղաքականություն չկա: Գյուղմթերքի գների բարձրացումն արդարացված չէ: Երաշտը կապ չունի, ՀՀ-ում երաշտ չի հայտարարվել, ջրամբարները լցված են եղել, ուրիշ բան, որ վատ են աշխատել, ինչի համար պետք է պատժեն Ջրային պետական կոմիտեի ղեկավարությանը, բայց առաջինը պետք է պատժեն Գյուղնախարարությունը՝ ղեկավարի հետ:
-Իսկ ի՞նչ լուծում եք տեսնում այս հարցին:
Բերեմ Լեհաստանի օրինակը, որտեղ, երբ երկիրը ճգնաժամի մեջ է եղել, բերել են պրոֆեսիոնալներին: Կգան այն մարդիկ, ովքեր իրենց գործը լավ գիտեն, մեր երկիրը շատ էլ լավ առաջ կգնա:
-Իսկ Գյուղատնտեսության ներկայիս նախարարը շարունակո՞ւմ է նախորդների քաղականությունը:
Վերջին 20 տարում, եթե ունեցել ենք Գյուղատնտեսության 10-12 նախարար, մշակվել է 56-58 ծրագիր, այդ ծրագրերը հենց այնպես չեն գրվել, որոշակի գումարային պարգևատրումներ են ստացել, բայց այդ ծրագրերից ո՞ր մեկն է կատարվել:
-Պարո՛ն Բերբերյան, երբ ասում եք, որ պետք է պատժվի Գյուղատնտեսության նախարարը, նկատի ունեք նաև ներկայի՞ս նախարարին:
Նկատի ունեմ ոչ պրոֆեսիոնալ մարդկանց:
-Նախարարի աշխատանքը դրական չե՞ք գնահատում:
Նախարարի աշխատանքը դրական կգնահատի վարչապետը:
-Իսկ Դուք՝ որպես գյուղատնտես:
Եթե այդ մարդը մասնագիտական կրթություն չունի, ինչպե՞ս կարող եմ գնահատական տալ: Նա մասնագիտությամբ ֆիզիկոս է:
Մերի Բալասանյան
Vesti.am