Foto

«Նաիրիտի» սնանկության կառավարիչն ամեն ինչ անում է, որ գույքագրում տեղի չունենա. նաիրիտցիներին թույլ չեն տալիս գործարան մուտք գործել

«Նաիրիտ» քիմիական գործարանի հնարավոր վերագործարկման և առկա խնդիրների մասին Vesti.am-ը զրուցել է գործարանի համակարգող խմբի անդամ Կարինե Շահվերդյանի հետ:

maxresdefault

- Տիկին Շահվերդյան, ինչ զարգացումներ են այսօր տեղի ունենում Նաիրիտ գործարանի շուրջ:

Մենք երեք-չորս ամիս շարունակաբար լռել ենք, որովհետև տեսնում էինք, որ երկրում ինչ-որ փոփոխություններ են տեղի ունենում: Հույս ունեինք, որ դրանք կվերաբերեն նաև «Նաիրիտին», որ վերջապես կիրականանա մեր երազանքը ու գործարանը կաշխատի: Գործարանի համակարգող խումբը՝ մի քանի հոգուց բաղկացած, զանգահարել է վարչապետին, նրա օգնականին, աշխատակազմին, սակայն մինչև հիմա հանդիպում տեղի չի ունեցել:

Մեր ցանկությունն էր տեսնել վարչապետին, որովհետև, ինչպես տեսնում ենք՝ կողքից շատ են խանգարում: Վարչապետի թիկունքում ինչ-որ քայլեր են անում, որոնք վնասում են «Նաիրիտին»: Մի անգամ կառավարությունից դուրս գալիս նա հանդիպել էր նաիրիտցիներին: Վերջիններս ասել էին, որ գործարանը թալանում են, դրա դեմը պետք է առնել: Վարչապետը պատասխանել է՝ մեկ շաբաթում ոչինչ չի լինի: Մենք ոգևորվեցինք, նշանակում էր, ինքը ուներ անելիք, բայց դրանից հետո անցել է երեք ամիս:

Այս ընթացքում Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը և Եվրոպա-Ասիա բիզնես կենտրոնը ստորագրել են հուշագիր, որի համաձայն օգոստոսի 1-ից մասնագետները մտնելու էին գործարան՝ աուդիտ իրականացնելու, մասնավորապես՝ գույքագրում, որը պետք է տեղի ունենար մինչև հոկտեմբերի վերջը, հոլդինգը պետք է հաշվետու լիներ Կառավարության առաջ, ներկայացներ արդյունքները:

Ներդրողները գիտեն, որ այս ընթացքում բավականին գույք է վաճառվել, սակայն իրենք միևնույն է պատրաստ են մի քանի միլիոնի ներդրում կատարել:

- Իսկ ինչո՞ւ ձեզ թույլ չեն տալիս մուտք գործել գործարան, այն դեպքում, երբ ունեք նաև դատարանի որոշում:

Հուլիսին գործարանի սնանկության կառավարիչը մեր պահանջով պարտատերերի ժողով հրավիրեց՝ հուշագրի հիման վրա Կառավարությունից արդեն թույլտվություն կար:

Պարտատերերը միաձայն համաձայնեցին, որ գործարանում գույքագրում լինի: Որոշումը դատարան ուղարկվեց ուշացումով: Դատավորը գնաց արձակուրդ: Այս ամբողջ ձգձգումը սնանկության կառավարչի՝ Կարեն Ասատրյանի կողմից է:

Վերջինս նշում էր, որ պարտադիր պետք է լինի դատավորի համաձայնությունը աուդիտ սկսելու համար, ինչը հերքվեց, երբ դատավորն արձակուրդից եկավ:

Երբ մինչ այդ դիմում էինք Կառավարությանը, ասում, որ պարտատերերի ժողով է տեղի ունեցել, հուշագիր է ստորագրվել, սակայն աուդիտի իրականացումը ձգձգվում է, մեզ ասացին, որ Կառավարությունը չի միջամտելու դատական գործընթացին:

Օգոստոսի սկզբից արձակուրդում է սնանկության կառավարիչը, վերադառնալու է սեպտեմբերի 10-ին: Վերջինս ասում է, որ առանց իրեն չի կարող աուդիտ իրականացվել: Սակայն կա թույլտվություն, ինչն է խանգարում, որ մեզ թույլ տան մուտք գործել «Նաիրիտի» տարածք: Հիմա էլ ասում են, թող կառավարությունից գրավոր թույլտվություն լինի: Սակայն ամեն ինչ արվել է օրենքի սահմանում և այն, որ մեզ թույլ չեն տալիս մուտք գործել «Նաիրիտ», օրենքի խախտում է: Սնանկության կառավարիչն ամեն ինչ անում է, որ գույքագրում տեղի չունենա:

«Նաիրիտի» գույքն է վաճառվել, վաճառվել են սարքավորումներ, որոնք գնվել են մի քանի հազար դոլարով և չեն տեղադրվել: Դրանք վաճառվել են որպես մետաղի ջարդոն՝ ջրի գնով:

- Իսկ եթե խոսենք ձեր առաջիկա քայլերի մասին:

Մենք սպասում ենք կառավարության զանգին: Մեր կարծիքով «Նաիրիտը» կարծես թե կառավարությանը պետք չէ: Ստացվում է, որ գործարանը միայն նաիրիտցիներին է պետք: Ասում են՝ արդյունաբերություն զարգացնենք, բայց անտեսում են «Նաիրիտը»: Մենք շարունակաբար հիշեցնում ենք իրենց գործարանի վիճակի մասին: Հիմա երբ տեսնում ենք այս անտարբերությունը, անուշադրությունը, անհանգստանում ենք: Մենք կանք ու մեր հարցը առաջնային է:

Հ. Գ. Նյութը պատրաստ էր, երբ Կարինե Շահվերդյանը տեղեկացրեց, որ օգոստոսի 29-ի երեկոյան նաիրիտցիները զանգ են ստացել կառավարությունից, որով իրենց տեղեկացրել են, որ կարող են գործարան մտնել:

Լուսինե Առաքելյան

Vesti.am