Foto

Գազի գնի վերաբերյալ հայ-ռուսական հարաբերություններում որևէ լարվածություն չունենք. Արթուր Գրիգորյան

«Գազի գնի վերաբերյալ հայ-ռուսական հարաբերություններում որևէ լարվածություն չունենք, և կարծում եմ՝ չենք էլ ունենա», այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը:

Նա նշեց, որ տարեվերջին լրանում է համաձայնագիրը և բնական է՝ ձգտելու են ավելի էժան գազ ստանալ:

«Ամեն ինչ անելու ենք, որ ունենանք ավելի էժան գազի գին, քան այսօր ունենք: ՀՀ կառավարությունը ամեն ինչ անելու է, որ ավելի էժան տարբերակ ունենա»,-ասաց նա:

Անդրադառնալով իրանական կողմի հետ բանակցություններին՝ Գրիգորյանը հայտնեց, որ էներգետիկայի նախարարի հետ ունեցել են մի շարք քննարկումներ և հարց է բարձրացվել իրանական կողմից հնարավոր էժան տարբերակով գազի վաճառքի մասին:

«Մեր կողմից մեր քայլն արել ենք, որ մեզ գազի գնի մասով առաջարկություն տան, առայժմ չունենք այդ առաջարկությունը, բայց ամենօրյա ռեժիմով համագործակցության մեջ ենք, քանի որ էլեկտրաէներգիայի դիմաց գազ ենք ներկրում, և կարծում եմ՝ շուտով կունենանք վերջնական հայտարարված գինը, որը համեմատության մեջ կլինի ռուսական գազի գնի հետ»,-ասաց նա: