Foto

Սուդանում ԱԹՍ-ները հարձակվել են շուկայի և հուղարկավորության թափորի վրա. զոհվել է ավելի քան 200 մարդ

Սուդանում անօդաչու թռչող սարքերի մի շարք հարվածների հետևանքով զոհվել է ավելի քան 200 մարդ, այդ թվում՝ տասնյակ մարդիկ, որոնք ուղևորվում էին հուղարկավորության, հաղորդում է BBC News-ը։

Արևմտյան Կորդոֆան և Հարավային Կորդոֆան նահանգներում, ինչպես նաև վիճելի սահմանամերձ Աբյեյ շրջանում տեղի ունեցած հարձակումների համար մեղադրում են սուդանական բանակին։

Սուդանի պատերազմի դիտորդական կենտրոնի տվյալներով՝ կիրակի երեկոյան Արևմտյան Կորդոֆանի երկու շրջաններում զոհվել է մոտ 150 մարդ։ Հարվածներից մեկը հասցվել է բեռնատարին, որը տեղափոխում էր հուղարկավորության թափորի մոտ 200 մասնակից։ Մեքենան շարժվում էր Աբյեյից հյուսիս ընկած շրջանից և գնդակոծության է ենթարկվել Ալ-Դաբաբ քաղաք մուտք գործելիս։ Դիտորդների տվյալներով՝ բեռնատարում զոհվել է 145 մարդ, ևս հինգը՝ վրանում, որտեղ հավաքվել էին հուղարկավորության մասնակիցները։ Մոտ 150 մարդ վիրավորվել է։

Նույն երեկոյան անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Ալ-Մուջլադ քաղաքի շուկայի վրա։ Այնտեղ զոհվածների և տուժածների ստույգ թիվը դեռ հայտնի չէ։ Սուդանի բանակը չի արձագանքել այդ հարվածները հասցնելու վերաբերյալ մեղադրանքներին, սակայն հայտարարել է, որ խաղաղ բնակիչներին չի թիրախավորում, նույնիսկ եթե ենթադրում է, որ նրանց մեջ կարող են Արագ արձագանքման ուժերի մարտիկներ լինել։

Երկուշաբթի անօդաչու թռչող սարքերը հարվածել են Աբյեյի Ամիեթ շուկային, որը համատեղ վերահսկում են Սուդանը և Հարավային Սուդանը։ Ըստ տարածաշրջանային տեղեկատվության նախարար Յոհանա Ակոլ Նգորի՝ զոհվել է 73 մարդ։ Ռազմական աղբյուրը BBC-ին հայտնել է, որ հարձակումը իրականացրել է սուդանական բանակը, քանի որ շուկան, իբր, օգտագործվում էր Արագ արձագանքման ուժերին վառելիքով մատակարարելու համար։ BBC-ն արբանյակային լուսանկարներով և տեսագրություններով հաստատել է, որ շուկայի հյուսիսարևելյան հատվածում շենքերն այրվել են, և խոշոր հրդեհներ են բռնկվել։

Հարվածը սրել է Սուդանի և Հարավային Սուդանի հարաբերությունները, որոնք շարունակում են վիճել նավթով հարուստ Աբյեյի պատկանելության շուրջ։ Հարավսուդանյան իշխանությունները կանչել են Սուդանի դեսպանին՝ նրան պաշտոնական բողոք հանձնելու համար։ Կա մտավախություն, որ ռազմական գործողությունները կարող են տարածվել Սուդանի սահմաններից դուրս։

Բացի դրանից, երկուշաբթի Խարտումի օդանավակայանի մերձակայքում անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով զոհվել է չորս մարդ, այդ թվում՝ երեք երեխա, հաղորդում է Ֆրանսպրես գործակալությունը՝ հղում անելով բժշկական աղբյուրին։ Գործակալության տվյալներով՝ սուդանական զինվորականները հայտարարել են, որ հակաօդային պաշտպանության համակարգերը խոցել են մի քանի այլ անօդաչու թռչող սարքեր, որոնք Արագ արձագանքման ուժերն արձակել էին օդանավակայանի ուղղությամբ։

Սուդանական բանակի և Արագ արձագանքման ուժերի միջև հակամարտությունը շարունակվում է 2023 թվականից։ Այդ ընթացքում այն հանգեցրել է աշխարհում ամենախոշոր հումանիտար աղետներից մեկին. հարյուր հազարավոր մարդիկ զոհվել են, ավելի քան 14 միլիոնը լքել են իրենց տները։ ՄԱԿ-ի տվյալներով՝ երկրի շուրջ 20 միլիոն բնակիչ բախվում է սուր սովի, իսկ Դարֆուրում և Մեծ Կորդոֆանում սովի վտանգն աճում է։ Չնայած զենքի մատակարարումների մասնակի էմբարգոյին՝ արտասահմանյան երկրները երկու կողմերին էլ մատակարարում են անօդաչու թռչող սարքեր, որոնք ավելի ու ավելի հաճախ դառնում են հակամարտությունում սպառազինության հիմնական տեսակներից մեկը։