Foto

Մեր հաղթանակի դեպքում իշխանությունը պետք է անպայման կիսվի և մեկ ուժի ձեռքում չպետք է կենտրոնանա. Արմեն Մարտիրոսյան

Vesti.am-ը Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին ընդառաջ զրուցել է «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանի հետ:

- Պարոն Մարտիրոսյան, «Ժառանգություն» կուսակցությունը մասնակցում է Երևանի ավագանու ընտրություններին: Կարո՞ղ ենք փաստել, որ սրանով կուսակցությունը հայտ է ներկայացնում նաև խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար և ինչ որ առումով վերադառնում է ակտիվ քաղաքականություն:

«Ժառանգությունը» երբեք էլ պասիվ չի եղել և ոչ էլ հեռացել է քաղաքական դաշտից: Հայաստանում վերջին տասնամյակում բոլոր քաղաքական գործընթացները տեղի են ունեցել «Ժառանգության» ակտիվ մասնակցությամբ: Վերջին իրադարձություններին ևս մեր կուսակցությունը շատ ակտիվ մասնակցում էր: Ինչպես ակտիվ եղել ենք, այնպես էլ շարունակելու ենք:

- Ի՞նչ հիմնական խնդիրներ եք տեսնում մայրաքաղաքում:

Չկա կոնկրետ որևէ ոլորտ, որը առաջնահերթություն կունենա Երևանում մի պարզ պատճառով. տարիներ շարունակ բոլոր խնդիրները կուտակվել են և չեն լուծվել, ուստի մի շարք խնդիրներ կան, որոնք բնականաբար լուծում են պահանջում՝ էկոլոգիական, քաղաքաշինական, տնտեսական, տրանսպորտային, կոմունալ, կրթական, զվարճանքի, զբաղվածության խնդիրները: Այս բոլոր խնդիրներն առաջնահերթ են և «Ժառանգություն»-ը դրանց հետ կապված իր լուծումները, առաջարկներն ունի ուղղված մեր քաղաքացիներին:

- Ավագանիում հայտնվելու դեպքում ինչպե՞ս եք պատկերացնում համագործակցությունը մյուս քաղաքական ուժերի հետ:

Նույնիսկ հաղթանակի դեպքում որոշում ունենք, որ իշխանությունը պետք է անպայման կիսվի և մեկ ուժի՝ տվյալ դեպքում նույնիսկ մեր ձեռքում, չպետք է կենտրոնանա: Պետք է ունենանք շատ համեստ ներկայություն, որովհետև առաջին հերթին տեսնում ենք, որ քաղաքային իշխանությունը պետք է լայն լինի: Երևանն ավելին է, քան որևէ քաղաք, ոչ միայն Հայաստանի, այլ համայն հայության մայրաքաղաքն է: Մենք պատկերացնում ենք, որ այն պետք է լինի զարգացած մշակութային, տուրիստական կենտրոն, այդ թվում նաև գիտարտադրական ոլորտում՝ Մերձավոր Արևելքի կամ ընդհանրապես տարածաշրջանի սիլիկոնային հովիտը:

Մեր իշխանության պարագայում նախկին աշխատակազմի գերակշիռ մասը ամենայն հավանականությամբ կպահպանվի, այսինքն բոլոր նրանք, ովքեր այս տարիներին իրենց պարտականությունն ենք կատարել, իսկ մենք, մեկ անգամ լինելով քաղաքապետարանում, արդեն նույնիսկ անուն առ անուն գիտենք՝ ովքեր են աշխատող, ովքեր են եկել յուրացումների համար, ովքեր նախկին իշխանությունների համար քվե բերելու համար պարգևատրվել են «չորս տարվա թոշակով»:

Մեր նախկին ընդդիմադիր գործընկերները և քաղհասարակությունը նույնպես պետք է ակտիվ մասնակցություն ունենան քաղաքի կառավարմանը: Մենք բոլորի հետ համագործակցելու ենք, այդտեղ որևէ խնդիր չի լինելու:

- Ինչպիսի՞ ընտրություններ եք ակնկալում տեսնել. արդյո՞ք կլինի գաղափարների մրցակցություն, վարչական ռեսուրսի և ընտրակաշառքի բացակայություն:

Կարող ենք տեսնել գաղափարական, նաև քաղաքական հետագծի մրցակցություն: Մեր առաջադրած թեկնածուի՝ Րաֆֆի Հովհաննիսյանի կենսագրությունը եղել է բացառապես ազնիվ, պարկեշտ, սկզբունքային: Մշտապես առաջնային դերակատարում են ունեցել ժողովրդի և պետության շահը: Ի դեմս Րաֆֆի Հովհաննիսյանի՝ երևանցիները կարող են ունենալ արդյունավետ քաղաքապետ:

Ընտրությունների անցկացման հետ կապված. գործող իշխանությունների հավաստիացումները ընդունում եմ որպես հիմք և որևէ կասկած չունեմ այդ առումով:  Նաև ոստիկանության հայտարարությունները հիմք ընդունելով, կարծում եմ կլինեն արդար, առանց վարչական ռեսուրսի կիրառման ընտրություններ:

Լուսինե Առաքելյան

Vesti.am