ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանն ընդունել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) հայաստանյան գրասենյակի տնօրեն Դեբորա Գրիսերին:
Հանդիպմանը մասնակցել են. ԱՄՆ ՄԶԳ կողմից՝ հայաստանյան գրասենյակի Ծրագրերի մշակման բաժնի ղեկավար Նիկ Հիգինսը, Կայուն զարգացման բաժնի փոխտնօրեն Ադամ Ստեֆանը և տնտեսական զարգացման ծրագրերի ղեկավար Հայկանուշ Բագրատունյանը, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարության կողմից՝ նախարարի տեղակալներ Ավագ Ավանեսյանը և Ալբերտ Բաբայանը, նախարարի խորհրդական Արեգ Ղարաբեկյանը և նախարարության Միջազգային համագործակցության վարչության պետ Արմեն Այվազյանը։
Ողջունելով հյուրերին, Արծվիկ Մինասյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ ՄԶԳ թիմին, ԱՄՆ կառավարությանը և ժողովրդին՝ Հայաստանին ցուցաբերվող օժանդակության համար և նշել, որ չափազանց կարևորում է համագործակցությունը ԱՄՆ ՄԶԳ-ի հետ:
ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակի տնօրեն Դեբորա Գրիսերը փաստել է ԱՄՆ ՄԶԳ-ի և նախարարության երկարամյա ու արդյունավետ համագործակցությունը զբոսաշրջության և գյուղի տնտեսական զարգացման ոլորտներում, ինչպես նաև շնորհակալություն հայտնել նախարարին 2018թ. հունիսին մայրաքաղաք Վաշինգթոնում կայացած Սմիթսոնյան ֆոլքլայֆ փառատոնում Հայաստանի հաջող մասնակցության հարցում Զբոսաշրջության կոմիտեի ունեցած արժեքավոր ներդրման համար: Նա տեղեկացրել է, որ փառատոնի շրջանակում, «Իմ Հայաստան» նախագծի աջակցությամբ և Զբոսաշրջության կոմիտեի հետ համագործակցությամբ, Բոստոնում, Նյու Յորքում և Վաշինգթոնում տուրօպերատորների հետ կազմակերպված հանդիպումների ժամանակ ներկայացվել է Հայաստանի զբոսաշրջային գրավչությունը և, որպես այդ աշխատանքի շարունակություն, ընթացիկ տարվա հոկտեմբերին նախատեսվում է ամերիկյան տուրօպերատորների այցը Հայաստան:
Նախարար Մինասյանը գոհունակություն է հայտնել զբասաշրջության ոլորտում արդյունավետ փոխգործակցության և ԱՄՆ ՄԶԳ կողմից մեծածավալ աշխատանքի կապակցությամբ՝ նշելով, որ Սմիթսոնյան փառատոնը կարող է Հայաստանի զբոսաշրջության հնարավորությունները ներկայացնելու լավ մեխանիզմ դառնալ: Միևնույն ժամանակ նա փաստել է, որ մեր երկրի զբոսաշրջային առավելությունները լիարժեք չեն օգտագործվում՝ նշելով գաստրո և էկոտուրիզմը, գիտական, մշակութային և այլ՝ ավանդական և նոր ուղղություններ ու առաջարկել զբոսաշրջության պատասխանատուների հետ քննարկել այդ խնդիրները և զբոսաշրջության զարգացմանն առնչվող բազմաթիվ այլ հարցեր՝ օգտագործելով նաև Զբոսաշրջության կոմիտեին կից ստեղծվող հասարակական խորհրդի հարթակը:
Հանդիպման ընթացքում կողմերը խոսել են նաև Հայաստանի տնտեսության զարգացման հեռանկարների, գերակա ուղղությունների և առաջնահերթությունների մասին: Արծվիկ Մինասյանը պատասխանել է Դեբորա Գրիսերին հետաքրքրող մի շարք հարցերի և, ամփոփելով խոսքը, նշել, որ տնտեսական քաղաքականության երկարաժամկետ նպատակն է ապահովել երկրի կայուն զարգացումը՝ ներառական տնտեսական աճը:
Հանդիպման ավարտին կողմերը, արժևորելով իրականացրած աշխատանքը, պատրաստակամություն են հայտնել շարունակել համագործակցությունը՝ նպատակ ունենալով բարձրացնել ընթացիկ և առաջիկա նոր ծրագրերի արդյունավետությունը:









