Foto

Երևանում առաջնային են հանրային տրանսպորտի և աղբահանության խնդիրները. Դավիթ Խաժակյան

Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին «Ելք» դաշինքի մաս կազմող «Լուսավոր Հայաստան» և «Հանրապետություն» կուսակցությունները կմասնակցեն միասնական ցուցակով՝ առաջադրելով արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի թեկնածությունը:

Vesti.am-ը Երևանի ավագանու «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի հետ զրուցեց արտահերթ ընտրությունների, այլ քաղաքական ուժերի հետ համագործակցության, Երևանի առջև ծառացած կարևորագույն խնդիրների մասին և ոչ միայն:

-Պարոն Խաժակյան, Հայաստանում տեղի ունեցած վերջին փոփոխություններից հետո Երևանի ավագանու արտահերթ ընտրություններն իրենց մասշտաբով առաջինն են: Ինչպիսի՞ ընտրություններ եք ակնկալում, արդյոք քաղաքացին ընտրություն կկատարի՞ գաղափարների միջև:

Կարծում եմ լինելու է հետաքրքիր և մրցակցային ընտրություն թե՛ ուժերի քանակության, թե՛ ուժերի պոտենցիալի առումով: Վստահ եմ, որ այս անգամ մարդիկ ավելի շատ նայելու են մասնակից ուժերի նախընտրական ծրագրերին և թիմին, ինչն էլ կարծում եմ վճռորոշ է լինելու: Այս առումով լինելու է բազմաբովանդակ ընտրություն:

- Առաջին ամենակարևոր խնդիրը, որի լուծմանը հետամուտ կլինեք:

Որպես մեծ խնդիր բնականաբար կառանձնացնեմ հանրային տրանսպորտի խնդիրը, բայց ունենք մեկ այլ խնդիր, որը վերջին շրջանում զգացնել տվեց և պահանջում է համակարգային լուծում՝ աղբահանության խնդիրը: Այսինքն՝ որպես կարճաժամկետ, արագ լուծում պահանջող խնդիր կնշեմ աղբահանությունը, իսկ երկարաժամկետ և քաղաքի համար կարևորագույն նշանակություն ունեցող խնդիր է հանրային տրանսպորտի խնդիրը:

- Երբ հարց էր բարձրացվում Երևանում առկա այս կամ այն խնդրի լուծման համար, մշտապես առաջ էր քաշվում ֆինանսական միջոցների բացակայությունը: Ի վերջո, հնարավո՞ր է ֆինանսական միջոցներ գտնել խնդիրները լուծելու համար և որտեղի՞ց:

Միանշանակ հնարավոր է, բայց նախքան այդ ես պետք է նշեմ, որ եղած բյուջեն կբավականացնի տրանսպորտի խնդիրը լուծելու համար, ինչ վերաբերում է մնացած խնդիրներին, ապա եղած բյուջեի օպտիմալացումը այդ հնարավորությունը ևս կընձեռի: Մեր առջև դրել ենք երկու հիմնական խնդիր. առաջինը օպտիմալացնել բյուջեի ծախսային հոդվածները և երկրորդը՝ ընդլայնել բյուջեն և հնարավորություն տալ քաղաքին զարգանալու և ավելացնելու մուտքերը բյուջե:

- Ինչպե՞ս եք պատկերացնում համագործակցությունը մյուս քաղաքական ուժերի հետ:

Ավագանու կազմում բնականաբար լինելու է համագործակցություն՝ կախված տոկոսային հարաբերակցությունից, մասնակցությունից: Կարող եմ ասել, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը մենք համարում ենք բնական դաշնակիցներ և կարծում ենք, որ ունենալու ենք արդյունավետ համագործակցություն ավագանու կազմում:

Լուսինե Առաքելյան

Vesti.am