Հայաստանի էներգետիկ շուկայի առանձնահատկությունների վերաբերյալ Vesti.am-ը զրուցել է էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանի հետ:
-Պարո՛ն Դավթյան, որո՞նք են Հայաստանի էներգետիկ շուկայի առանձնահատկությունները, որի համար ազատականացումը խոչընդոտ կդառնա:
Նախևառաջ պետք է նշեմ, որ երբ էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների նախարարության ղեկավարությունը խոսում է նոր մոդելի կիրառման մասին, ապա խոսքը դեռ Կարապետյանի վարչապետության ժամանակ մշակված շուկայի ազատականացման մոդելի մասին է, որն իր մեջ մի շարք հակասական ու ռիսկային գործոններ էր պարունակում: Դրանցից թերևս ամենակարևորը այն է, որ շուկան ազատականացնելով՝ պետությունն այլևս դադարում է դիտարկվել որպես ոլորտի առանցքային դերակատար, մինչդեռ այսօրվա մեր էներգետիկ կարգավիճակը պետական հայեցակարգային լուծումների կարիք է զգում, լուծումների, որոնք մասնավոր սեկտորը պարզապես ի վիճակի չի լինելու առաջարկել: Ավելին՝ եթե նախկին իշխանությունների օրոք շուկան ազատականացնելով ենթադրվում էր այն բաշխել ՀՀԿ-ական էլիտայի հետ աֆիլացված բիզնես-սուբյեկտների միջև (հիշենք ոլորտի «տաշիրացման» միտումները) և դրանով իսկ ցույց տալ, որ ազատականացման մոդելն աշխատում է, ապա այսօր նման սցենարը կյանքի կոչելը մի փոքր իրատեսական չէ: Անձամբ ես չեմ տեսնում այդ սուբյեկտներին: Ի վերջո, ազատականացման գերխնդիրը մասնավոր սեկտորից ներդրումներ բերելն է, իսկ այսօրվա դրությամբ մենք էներգետիկ ոլորտի ներդրումային գրավչությունը բավականին ցածր է, ինչի պատճառը նախևառաջ տնտեսական կոնյունկտուրայով պայմանավորված սպառման ոչ բավարար ցուցանիշներն են, հսկայական վարկային միջոցները, արտադրվող էլեկտրաէներգիայի բարձր ինքնարժեքը և, ի վերջո, գեներացնող հզորություննրի ավելցուկային լինելը: Էլ չեմ խոսում այն մասին, որ այսօր շահագործման մեջ գտնվող էլեկտրաէներգետիկ ենթակառուցվածքների մոտ 40 տոկոսը 35+ տարեկան է: Առանց այս հարցերին լուծում տալու ցանկացած խոսակցություն ոլորտի ազատականացման մասին անձամբ ես գնահատում եմ որպես ոչ կոմպետենտ:
-Էներգետիկ շուկայի ո՞ր մոդելն է հարմար Հայաստանին: Ի՞նչ կոմպոնենտներ այն պետք է ունենա:
Կարծում եմ, որ այս փուլում Հայաստանի էներգետիկ շուկան պետք է գործի ավանդական պրոտեկցիոնիստական մոդելի տրամաբանության շրջանակներում, երբ հենց պետությունն է իր վրա ընդունում ոլորտի հիմնական ռիսկերն ու մարտահրավերները: Առավել ևս պետք է հաշվի առնվեն այն զարգացումները, որոնք տեղի են ունենում տարածաշրջանում: Այս իմաստով 2018 թվականը բեկումնային է, քանի որ մի կողմից ակտիվացել է Ադրբեջանը որպես էլեկտրաէներգիա արտահանող երկիր՝ վերջին կես տարվա ընթացքում շուրջ երկու անգամ ավելացնելով արտահանման ցուցանիշները, մյուս կողմից՝ արտահանման մասին է հայտարարում նաև Իրանը, որն ավանդաբար դիտարկվում էր որպես էներգադեֆիցիտային տնտեսություն և, հետևաբար, որպես առանցքային շուկա Հայաստանում արտադրված էլեկտրաէներգիայի արտահանման համար: Այսօր, սակայն, Թեհրանը փոխում է իր կարգավիճակը՝ նոր գեներացնող հզորություններ ու արտահանման համար բազա ստեղծելով: Իսկ մենք չգիտես ինչու գոհունակություն ենք հայտնում այն կապակցությամբ, որ Իրանը Հայաստանի և Ադրբեջանի միջոցով է պատրաստվում իր արտահանումն իրականացնել, սակայն հաշվի չենք առնում, որ միայն Հայաստանից էլեկտրաէներգիա արտահանելով մենք կարող ենք փոքր ինչ կայունացնել մեր ներքին շուկան ու սոցիալակենտրոն սակագնային քաղաքականություն իրականացնել: Ավելին, մոտ երկու ամիս առաջ պաշտոնական Թեհրանը հայտարարեց, որ բարտերային պայմանագրի համաձայն Հայաստանում արտադրվող և դեպի Իրան արտահանվող էլեկտրաէներգիան այլևս անհրաժեշտություն չէ իրանական տնտեսության համար և բանակցություններ է սկսել այդ ծավալները դեպի Վրաստան արտահանելու վերաբերյալ: Այս ամենին գումարվում է նաև տարեսկզբին նախաձեռնված եռակողմ Մոսվկա-Բաքու-Թեհրան բանակցությունները էլեկտրաէներգետիկ միջանցք կառուցելու վերաբերյալ, ինչը ուղղակիորեն հարվածում է Հայաստանի շահերին՝ այլընտրանք ստեղծելով արդեն կառուցվող Հյուսիս-Հարավ էլեկտրաէներգետիկ միջանցքին: Էլ չեմ խոսում Կասպյան կոնվենցիայի մասին, որը առաջին հայացքից ռիսկեր չի ստեղծում Հայաստանի համար, սակայն անուղղակիորեն ձևավորում է մի իրավիճակ, որում մեր տարածաշրջանային շահերի ոտնահարման, հակահայկական լոբբինգի իրականացման համար նոր հարթակ է ստեղծվում: Սրանք բոլորը աշխարհաքաղաքական մարտահրավերներ են, որոնք անդրադառնալու են ներքին շուկայի վրա: Այդ մարտահրավերները պետք է ընդունի պետությունը, տա դրանց համարժեք պատասխանը, ձևավորի կայուն շուկա և այնուհետև սկսի ազատականացման գործընթացը: Ի դեպ, առ այսօր Հայաստանի էներգետիկ քաղաքականությունն իրականացվում է դեռ 2011 թ. հաստատված ու 2013 թ. փոքր-ինչ ձևափոխված հայեցակարգի հիման վրա: Մինչդեռ այս տարիներին իրավիճակը զգալիորեն փոխվել է, փոխվել են տարածաշրջանային էներգետիկ մարտահրավերները, հետևաբար, հայեցակարգն այլևս արդիական ու կիրառական լինել չի կարող: Կարծում եմ, Կառավարությունը պետք է նոր հայեցակարգ մշակի, որը համահունչ կլինի նոր իրողություններին: Հակառակ դեպքում կշարունակենք հետևել ոլորտի քաոտիկ կառավարմանը:
-Վերջերս արևային էներգետիկայի շուկայի մասնակիցները ահազանգում էին, որ կառավարությունը դանդաղում է, դրանով իսկ վտանգելով հնարավոր ներդրումները: Դա Ձեր նշած ազատականացման ենթատեքստու՞մ է, թե այլ պատճառներ կան:
Հարցը և քաղաքական, և տնտեսական ենթատեքստ ունի: Քաղաքականը միանգամայն պարզ է. արևային էներգետիկայի ոլորտում վերջին 2 տարիների ընթացքում նախաձեռնված նախագծերն ուղղակիորեն կապված էին նախկին իշխաությունների ու անձամբ վարչապետ Կարապետյանի հետ: Այսօր, հնարավոր է, հաշվի առնելով այդ հանգամանքը, իշխանությունները միտումնավոր դանդաղելու են: Իրականում ստեղծվել էր մի իրավիճակ, երբ արևային էներգետիկան սպասարկելու նպատակով, ըստ էության, ոտնահարվում էր ամբողջ էներգետիկ համակարգը: Աբսուրդը հասել էր այն աստիճանի, որ նախկին կառավարությունը խոսում էր ատոմակայանը արևային կայաններով փոխարինելու մասին: Էլ չեմ խոսում փոքր հիդրոկայանների հոգեհանգիստը կազմակերպելու փորձերի մասին, ինչը ևս ուղղված էր որոշ էլիտաների կորպորատիվ շահը սպասարկելուն: Տնտեսական բաղադրիչը կայանում է նրանում, որ Հայաստանի էներգահամակարգը ավելցուկային է՝ 3555 ՄՎտ դրվածքային հզորություններից օգտագործում ենք մոտ 2300-ը: Այս իրավիճակում չեմ կարծում, որ նոր հզորությունների ստեղծումը տնտեսապես նպատակահարմար է: Անհրաժեշտ է բարձրացնել եղած հզորությունների արդյունավետությունը, ձևավորել լուրջ պահանջարկ արտաքին շուկայում և այնուհետև նոր գեներացնող հզորությունների մասին մտածել:
Vesti.am