Foto

Որոշ պաշտոնատար անձիք որդեգրել են հաճոյանալու քաղաքականություն. խոսքը վերաբերում է ոչ միայն ՀՔԾ-ին. Ալեքսանդր Ազարյան

Նախօրեին Վերաքննիչ դատարանը բավարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ առաջին ատյանի դատարանի կողմից կալանավորումն ընտրելու վերաբերյալ պաշտպանների բողոքը, և Ռոբերտ Քոչարյանն ազատ արձակվեց: Այդ մասին գրում է «Փաստինֆո»-ն:

Դատարանը՝ նախագահությամբ Ալեքսանդր Ազարյանի, վերացրեց Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց ընտրված կալանավորման որոշումը՝ հաշվի առնելով, որ Քոչարյանն անձեռնմխելի է:

Այս ամենից հետո Հատուկ Քննչական ծառայությունը հայտարարեց, թե որոշման վերացումն ապօրինի է և, որ վերաքննիչ քրեական դատարանը դուրս է եկել իր լիազորությունների շրջանակից:

Միևնույն ժամանակ նախաքննական մարմինը հույս էր հայտնել, որ նախաքննության նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնող կառույցը՝ դատախազությունը, վճռաբեկ բողոք կներկայացնի:

Դատավոր Ալեքսանդր Ազարյանը «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում ՀՔԾ-ի հայտարարությունները շատ բացասական գնահատեց:

«Իմ համոզմամբ անթույլատրելի է նման հայտարարություններ անել՝ առանց որոշմանը ծանոթ լինելու, առանց տեղեկանալու, թե ինչ պատճառաբանություններ են տեղ գտել որոշման մեջ: Կարծում եմ նաև նման արտահայտություններով որոշ պաշտոնատար անձինք որդեգրել են հաճոյանալու քաղաքականություն, խոսքը վերաբերում է ոչ միայն ՀՔԾ-ին»,- ասաց Ալեքսանդր Ազարյանը:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: