Foto

Ահազանգեր կան, որ կառավարության որոշ շեշտադրումներից տնտեսվարողները լարվում են. վարչապետ

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Փաշինյանը հայտարարեց, որ վերջին շրջանում ահազանգեր, կարծքիներ են եղել, ըստ որոնց կառավարության որոշ շեշտադրումներից տնտեսությունը, տնտեսվարողները լարվում են:

«Ընդհակառակը, մենք դրական ազդակ ենք հղում բիզնեսին, որ մեր խնդիրն է, իսկապես, ազնիվ, արդար ձևով բոլոր օրենսդրական կարգավորումները աշխատեցնել»,-ասաց նա։

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ կառավարությունը չափազանց շահագրգիռ է, որ ներդրումները հոսեն Հայաստան։

«Ես ուզում եմ գոհունակությամբ ընդգծել, որ ԱՎԾ տվյալներով՝ մենք տնտեսական ակտիվության բավականին բարձր ցուցանիշ ունենք, այս ցուցանիշները դրական են հատկապես այն առումով, որ ընդունված է կարծել, որ քաղաքական այսպիսի փոփոխություններից հետո սովորաբար տնտեսությունը, տնտեսական ակտիվությունը կտրուկ անկում է ապրում, բայց, կարծում եմ, մեր հեղափոխությունը այս դեպքում էլ շատ կարևոր առանձնահատկություն գրանցեց »,-ասաց նա։

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ԱՎԾ տվյալներով՝ հունիս ամսվա ընթացքում արձանագրվել է 9,6 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ։

«Կիսամյակային տվյալով՝ տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 8,9 տոկոս, այսինքն՝ հեղափոխությունը, քաղաքական փոփոխությունները ոչ միայն տնտեսական անկման չեն բերել, այլ բերել են որոշակի տնտեսական ակտիվություն»,-ասաց ՀՀ վարչապետը։

Vesti.am