Foto

Արևային էներգետիկայի ոլորտի ներդնողներն անհանգստացած են

«2017 թվականին արևային նախագծերը ներգրավել են ամենամեծ ներդրումները էներգետիկայի ոլորտում, նույնը սպասվում է 2018 թվականին։ Այս ոլորտում ագրեսիվությունը չափազանց կարևոր է ոչ միայն տնտեսության զարգացման, նոր աշխատատեղերի ներգրավման, Հայաստանի էներգետիկ անվտանգության, այլև ոլորտի՝ աճող քաղաքական ազդեսության առումով։ Անցյալ տարվանից Հայաստանի կառավարությունը փաստացի դադարեցրել է որևէ նոր նախաձեռնություն՝ մեծ վնաս հասցնելով երկրին, տնտեսությանը, անվտանգությանը, ինչպես նաև մեր ներդրումային վստահությանը։ Կասեցնելով, որ ավելի վտանգավոր է՝ անընդհատ հետաձգելով արդյունաբերական կայանների լիցենզավորման հերթական փուլը, սպանում ենք մեր ներկա և ապագա հնարավորությունները»,-ֆեյսբուքյան իր էջում գրել էր «Freenergy» ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Չոբանյանը:

Թեմայի շուրջ Vesti.am-ը զրուցել է Հայկ Չոբանյանի հետ:

-Պարո՛ն Չոբանյան, Դուք մի նախաձեռնությամբ եք հանդես եկել, որը կարծես թե, նպատակ  ունի Հայաստանում կարգավորելու արևային էներգետիկայի ոլորտը: Արևային էներգետիկայի ոլորտը վտանգվա՞ծ է  Հայաստանում:

Իրականում չի կարելի ասել, որ ոլորտը վտանգված է Հայաստանում, բայց, համեմատելով ներուժը, որը կա այս ոլորտում՝ և՛ տնտեսական, և՛ սոցիալական, և՛ անվտանգության, և՛ բնապահպանական և այն գործընթացները, որոնք տեղի են ունենում ոլորտի կարգավորման, մասնավորապես բիզնես ներդրումային միջավայր ստեղծելու, օրենսդրական, ներդրումային հարթակներ ստեղծելու համար, դրանք իրար չեն համապատասխանում: Այո, երեկ ես հրապարակեցի իմ կարծիքն ու մտահոգությունն այս հարցի վերաբերյալ: Անցած տարի, եթե չեմ սխալվում մայիսին, առաջին անգամ սահմանվեց արևային տարի և հրապարակվեց մինչև 10ՄԳՎ հզորությամբ լիցենզիաների մրցույթ: Ի սկզբանե հայտարարվեց, որ հաջորդ փուլը լինելու է շատ շուտով՝ աշնանը կամ տարեվերջին, և Հայաստանում սկսվեց բավականին հետաքրքիր ներդրումային շարժում արևային էներգետիկայի ոլորտում: Մենք էլ, որպես այդ ոլորտում հիմնական խաղացողներից մեկը, հիմնական գործընկերներից հավաքում ենք ներդրողների, որոնք արդեն գնել են համապատասխան տարածքներ, ներդրում են կատարել, բիզնես պլան են մշակել և սպասում են, թե երբ է հայտարարվելու երկրորդ մրցույթը: Բայց, ըստ էության, առ այսօր որևէ հրապարակային գործընթաց այս առումով չկա և այդ մարդիկ ամեն օր մեզ հարցնում են, մենք էլ փորձում ենք ինչ-որ ձևով պատասխանել: Բայց բնականաբար դա լուրջ չի, եթե չկա պետության պաշտոնական հայտարարություն: Պետք է արձագանք լինի պետական մակարդակով և այս քննարկումները հանվեն հրապարակային դաշտ, եթե դրանք առկա են կուլիսներում: Կարող եմ ասել, որ այս մտահոգությունը միայն իմը չէ՝ այլև իմ կոլեգաներինը:

-Ձեր հայտարարության մեջ, կարծես, ահազանգի նշույլներ կան: Դուք Ձեր հայտրարության մեջ նշել եք՝ «ստիպել կառավարությանն» արևային էներգետիկայի թեման դարձնել ակտիվ օրակարգային: Ի՞նչ եք կարծում, իսկապես այսօր պետք է կառավարությանն ինչ-որ բան ստիպել: Ձեր կարծիքով, որն  է այդ անգործության պատճառը:

Ներդրողներն անընդհատ մեզ դիմում են՝ ասելով , որ կառավարությունում քննարկվել է արևային էներգետիկայի հարցը և գնային առաջարկներ են եղել: Դրանք մեր ներդրողներին մտահոգում են, սակայն այս հարցերի հետ կապված պաշտոնական պատասխան չենք կարողանում ստանալ: Միևնույն ժամանակ, համարում ենք, որ սա պրոֆեսիոնալ աշխատանք է և սակագնի սահմանումը պետք է հստակ հիմնավորված լինի: Շշուկներ են շրջանառվում, որ ցածր, ոչ այնքան էֆեկտիվ, գոնե ներդրողների համար, սակագին է շրջանառվում և արդեն կա նախագիծ: Մենք էլ ուզում ենք մեր հաշվարկներով ու հիմնավորումներով ստիպենք, որպեսզի մոտեցումները վերանայվեն:

-Դուք կարծո՞ւմ եք, որ արևային էներգետիկայի սակագինն ավելի էժան պետք է լինի, որպեսզի ավելի հասանելի լինի և ներդրումային հետաքրքրություն ունենա:

Ընդհակառակը, ավելի բարձր պետք է լինի, քան հիդրոէներգետիկան է, քանի որ հստակ առավելություններ ունի դրանից:

-Ի՞նչ եք կարծում ինչ-որ կոռուպցիոն վտանգ կա: Հիդրոէներգետիկայի մասնագետները փորձո՞ւմ են   իրենց խաղի կանոնները թելադրել կառավարությանը:

 Դա բացարձակ կապ չունի հիդրոէներգետիկայի հետ:Դա կապված է պետական քաղաքականության հետ և ՀԷՑ-ի օպերատորի շահերի հետ: ճնայած բնակչության տրվող սակագինը սահմանվում է արդյունաբերական կայանների սակագների հիման վրա, բայց պետք է դիտարկել, որ բարձր սակագինն առաջին հերթին ռիսկ է ՀԷՑ-ի համար և այն կարող է նվազեցնել իր շահութաբերությունը:Բոլորս էլ ականատես ենք եղել, թե ինչ բնապահպանական խնդիրներ են առաջացել փոքր  հիդրոէլեկտրակայանների կառուցումից կամ չարաշահումից: Կարծում եմ այսօր մի պահ պետք է կանգ առնել և, ռիսկերը հաշվի առնելով, արևային էներգետիկային ավելի բարձր ռեյթ սահմանել:

Անկեղծ ասած, ներկա կառավարության ներքո կոռուպցիոն ռիսկեր չեմ տեսնում և կարծում եմ, որ եթե նույնիսկ այդպիսի երևույթներ երևան, կարող ենք արձագանքել դրան և համոզված եմ՝ հաջողության կհասնենք: Մեր ձայնը հիմա ամենալսելին է: Պարզապես պետք է ժամանակ չկորցնենք և արդար վերաբերվենք ներդրողին: Գոնե պետք է հայտարարություն լինի, թե որ էտապում, ինչ է լինելու:

-Արևային էներգետիկայի պոտենցիալը հաշվարկել ե՞ք, հետաքրքիր ցուցանիշներ կարող ենք ունենալ ոչ միայն ներդրումային ռումով, այլև՝ արդյունաբերական, արտադրական:

Եթե ատոմային էլեկտրակայանը փոխարինենք արևային էներգետիկայով, ապա դա ենթադրում է 1ԳՎՏ հզորությամբ էլեկտրակայան: Այսինքն դա հսկայական ծավալ է այսօրվանի հետ համեմատած: Իսկ այսօր, ըստ էության, ունենք 10 ՄՎՏ-ի տրամադրված լիցենզիա և 55 ՄՎՏ տենդեռ: Երկրորդ պոտենցիալն արդյունաբերականի զարգացումն է, քանի որ էներգետիկ սպառման մոտավորապես կեսը համարվում է արդյունաբերականը, որը տարեց տարի պետք է մեծանա և դա ինչ-որ ձևով պետք է կոմպենսացվի: Երրորդ պոտենցիալը մեր ֆանտաստիկ հնարավորությունն է, որպես տրանզիտ երկիր, ի նկատի ունեմ Վրաստան-Իրան բարձրավոլտ ցանցը, որը ոչ միայն տնտես հսկայական դիվիդենտներ կարող է տալ մեր երկրին, այլև քաղաքական:

Vesti.am