Foto

Հարկային արտոնություններ՝ «Սաթենկար» ՍՊԸ-ին. կկատարվի 286.5 մլն ՀՀ դրամի ներդրում

Կառավարության հուլիսի 26-ի նիստին քննարկվեց ներդրումային ծրագրի շրջանակներում «Սաթենկար» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարի ժամկետով հետաձգելու մասին հարցը:

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանն ասաց, որ «Սաթենկար» ՍՊ ընկերությունը նախատեսում է իրականացնել ներդրումային ծրագիր, որի արդյունքում նախատեսում է նոր տեսականու արտադրության միջոցով՝ ավելացնել արտադրանքի ծավալները, ստեղծելով նոր աշխատատեղեր։

Ներկայացված ներդրումային ծրագրի շրջանակներում ընկերությունը մտադիր է կատարել ընդհանուր շուրջ  286.5 մլն ՀՀ դրամի չափով ներդրում՝ բարձրորակ հումք ձեռք բերելու նպատակով, որն էլ իր հերթին կծառայի բարձր որակի տրիկոտաժե քաթաններ՝ հագուստեղեն կարելու համար։

Վերոնշյալ գործունեության կազմակերպման համար ներմուծվող ապրանքների մասով ընկերությունն ակնկալում է ԱԱՀ-ի գումարների երեք տարի ժամկետով հետաձգում:

Ներդրումային ծրագրի իրագործման արդյունքում ընկերությունում երեք տարվա ընթացքում կստեղծվի 24 նոր աշխատատեղ, հասցնելով այն 68-ի` 94 հազ․ ՀՀ դրամ միջին աշխատավարձով:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, որ սա խթան կդառնա տեքստիլի զարգացման համար:

«Գիտեք, որ զինվորների ներքնաշորերի հետ կապված չլուծվող խնդիր կա: Որոշում է կայացվել, որ այս խնդրի լուծման գործում ներգրավենք տեքստիլ ոլորտի մեր արտարողներին: Պայմանավորվածությունը եղել է հետևյալը, որ պետք է հրավիրվեն բոլոր արտադրողները և բոլորի ներկայությամբ՝ տեսախցիկների ներքո տեղի ունենան բանակցություններ արտադրողների հետ»,-ասաց Նիկոլ Փաշինյանը: