Foto

«ԳՐԻՆ ՖԱՐՄԵՐ» ընկերությունը երեք տարի ԱԱՀ չի վճարի

Կառավարության նիստում այսօր քննարկվեց ներդրումային ծրագրի շրջանակներում «ԳՐԻՆ ՖԱՐՄԵՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարի ժամկետով հետաձգելու մասին հարցը:

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանն ասաց, որ «ԳՐԻՆ ՖԱՐՄԵՐ» ՍՊ ընկերությունը նախատեսում է իրականացնել ներդրումային ծրագիր, որի արդյունքում նախատեսում է Արարատի մարզի Երասխ գյուղում կառուցել տեխնոլոգիապես առաջադեմ այգիներ։

Ներկայացված ներդրումային ծրագրի շրջանակներում ընկերությունը մտադիր է կատարել ընդհանուր շուրջ 1,87 մլրդ ՀՀ դրամի չափով ներդրում, որից սարքավորումների համար նախատեսված գումարը կկազմի շուրջ 630 մլն ՀՀ դրամ։

Ներդրումային ծրագրի իրագործման արդյունքում ընկերությունում մինչև 2024 թվականը կստեղծվի շուրջ 200 աշխատատեղ, հասցնելով այն 250-ի` 150 հազ․ՀՀ դրամ միջին աշխատավարձով:

Նախարարը նշեց, որ մաքսատուրքի ազատման արտոնությունն ընդհանուր կազմում է 38.310.933 դրամ, ՀՀ բյուջեի մասը կազմում է 467.394 դրամ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատեց՝ կարծում է, որ գերատեսչություններում գնահատումը կատարվում է օբյեկտիվ և թափանցիկ:

«Նման հարցերի քննարկումը որոշակի հանրային հետաքրքրություն է ներկայացնում: Հիմնականում առաջ է քաշվում երկու հարց՝ որոշումների ընդունումից կամ մերժումից քաղաքական հետևություններ են արվում, որոնք տեղին չեն: Ես ցանկացա արձանագրել, որ այս առումով մեր դերը տեխնիկական է: Երկրորդ՝ ընկերություններ կան, որ նման արտոնություն ստանում են երկրորդ անգամ և խնդիր կար պարզաբանելու, արդյո՞ք նախորդ արտոնությունը նպատակին է ծառայել: Դուք ներկայացրիք նաև, որ մենք մոնիտորինգի և չհամապատասխանելու պարագայում արտոնությունը հետ վերցնելու հստակ մեխանիզմ ունենք»,-ասաց Փաշինյանը՝ ընդգծելով, որ պետք է համոզված լինել, որ պետության կողմից արված այս ներդրումը ծառայում է նպատակին: