Կառավարության հուլիսի 26-ին նիստին քննարկվեց Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի N1717-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Տավուշի, Արմավիրի և Վայոց ձորի մարզպետարաններին Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեից գումար հատկացնելու մասին հարցը:
Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն ասաց, որ ՀՀ 21 համայնքների կողմից ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով անցկացվել է 25 ծրագրերի գնումների գործընթացը և մրցույթների արդյունքների վերաբերյալ ներկայացվել են համապատասխան արձանագրությունները: Ծրագրերի ընդհանուր արժեքը կազմում է 880,722.037 ՀՀ դրամ և մրցույթների արդյունքներում այն կազմել է 666,054.029 ՀՀ դրամ, որից ՀՀ պետական բյուջեի համաֆինանսավորման մասը կազմում է 278,999.503 ՀՀ դրամ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ, արձագանքելով ասաց, որ վերջին շրջանի բացահայտումները ցույց են տալիս, որ ծրագրերում կան լուրջ ռիսկեր:
«Մենք պետք է ապահովենք, որ այդ մրցույթները պատշաճ ձևով իրականացվեն: Պարոն Սանասարյան, կարծում եմ, որ Պետական վերահսկողական ծառայությունը հատկապես այս հարցում պետք է շատ ուշադիր լինի: Իհարկե, պարոն Ջանջուղազյան, գիտեմ, որ դուք գործընթաց եք սկսել պետական գնումների ողջ համակարգը բարեփոխելու ուղղությամբ»,-ասաց Նիկոլ Փաշինյանը՝ հավելեով, որ ուսումանսիրելուց պարզ է դառնում, որ օգտագործվում է պետության հնարավորությունների 30-40 տոկոսը, մնացածը «նետեց ձորը» վիճակ է և պետք է ձորի դռներն ու պատուհաններն ամուր փակել, որպեսզի ոչ ոք ոչինչ չնետի ձորը:
Նա ընդգծեց՝ եթե այսօր առկա միջոցները բոլոր ոլորտներում ծախսվեն արդյունավետ, լրիվ ուրիշ իրավիճակ կլինի:
Այդ համայնքներում արդեն իսկ իրականացվում են ծրագրերը` համայնքային բյուջեների հաշվին և ներկայումս ՀՀ պետական բյուջեից համաֆինասավորման միջոցների հատկացման անհրաժեշտություն է առաջանում:
Այսպիսով, հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մասը` կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության համայնքներին 2018 թվականի պետական բյուջեով արդեն իսկ նախատեսված սուբվենցիաներից բացի այլ սուբվենցիաներ տրամադրելու նպատակով Հայաստանի Հանրապետության մարզպետարաններին 2018 թվականի ինն ամսում հատկացնել 278,999.5 հազար դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին՝ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ սուբվենցիաներ համայնքներին» հոդվածով, այդ թվում՝
1) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարանին՝ 127,350.4 հազար դրամ` համաձայն N 1 հավելվածի,
2) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանին՝ 52,723.4 հազար դրամ` համաձայն N 2 հավելվածի,
3) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետարանին՝ 52, 586.0 հազար դրամ, համաձայն N 3 հավելվածի,
4) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանին՝ 6,840.0 հազար դրամ, համաձայն N 4 հավելվածի,
5) Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանին՝ 28,365.7 հազար դրամ, համաձայն N 5 հավելվածի,
6) Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանին՝ 5,109.1 հազար դրամ, համաձայն N 6 հավելվածի,
7) Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետարանին` 6,024.9 հազար դրամ` համաձայն N 7 հավելվածի:
Սույն որոշման 1-ին կետում նշված ֆինանսական միջոցները Հայաստանի Հանրապետության համայնքներին տրամադրվում են համապատասխան մարզպետարանի և համայնքի միջև կնքված սուբվենցիայի տրամադրման մասին պայմանագրի հիման վրա՝ հիմք ընդունելով տվյալ ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերման նպատակով համայնքի և ընտրված մասնակցի հետ կնքված գնման պայմանագրի շրջանակում մարզպետարան ներկայացված Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված ծախսը հիմնավորող փաստաթղթերը։ Ընդ որում, ձեռքբերված ապրանքների, աշխատանքների և ծառայությունների դիմաց Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից համայնքին վճարումը իրականացվում է ծախսը հիմնավորող փաստաթղթերի հիման վրա, պայմանագրով սահմանված գումարի այն տոկոսային հարաբերակցությամբ, ինչ տոկոսային հարաբերակցությամբ, որ նշված է սուբվենցիայի պայմանագրում:
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1717-Ն որոշման N11 հավելվածում կատարել լրացումներ` համաձայն NN 7 և 8 հավելվածների:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Vesti.am








