Foto

Որքանո՞վ է Հայաստանը գրավիչ ներդրողների համար. պարզաբանում է տնտեսագետը

Օրերս հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ կա ներդրումային մեծ հետաքրքրություն ու կան կոնկրետ նախագծեր ու ծրագրեր:

Vesti.am-ը թեմայի վերաբերյալ զրուցեց տնտեսագետ Վարդան Բոստանջյանի հետ:

-Պարո՛ն Բոստանջյան, նոր իշխանության օրոք Հայաստանում ինչպիսի՞ մթնոլորտ է ստեղծվել ներդրողների համար:

-Ընդհանրապես, հեղափոխությունը, որ տեղի ունեցավ, առաջինը հիմնված է հետևյալի վրա, որ անխտիր ձևով պետք է ապահովվի օրենքի գերակայությունը, պետք է կոռուպցիոն ռիսկերը նվազեցվեն, ընդհուպ՝ բացառվի, պետք է տնտեսական մրցակցությունը բոլոր տիպի սուբյեկտների մոտ լինի օրենքով սահմանված ձևով: Այս ամենն արդեն կարևոր նախադրյալ է ներդրումային գործունեությունը խթանելու համար: Բոլոր պարագաներում և՛ արտաքին, և՛ ներքին ներդրողների դեպքում նման իրավիճակում ակնհայտորեն հավանականությունը բավականին մեծանում է ներդրումային գործունեություն սկսելու համար: Չնայած, բոլոր դեպքերում, վարչապետի խոսքերը պետք է ամրապնդել համապատասխան իրավական փաստաթղթերով, օրենքներով և իրավական այլ ակտերով, որոնց պարագայում ցանկացած ներդրող կլինի համոզված, որ առնչվելու է գրեթե զրոյական ռիսկերի:

-Իսկ այդ ուղղությամբ արդեն նկատելի քայլեր կա՞ն:

Մենք իրավունք չունենք մեծ շտապողականություն ցուցաբերելու, որովհետև այս պահին գտնվում ենք այդ գործընթացում: Բնականաբար, բազմաթիվ գործեր են մեր առջև ծառացել, մասնավորապես՝ կասեցման խնդիրները, պետական միջոցների անխնա ու անարդյունավետ օգտագործման դեմ տեղի ունեցող քայլերը: Այս երկու ամսվա ընթացքում մենք դեռևս չենք հասել ներդրումային գործունեության համար անհրաժեշտ իրավական հիմքեր ստեղծելուն: Թեև կարծում եմ, որ արդեն սեպտեմբերից կսկսենք այդ գործընթացը:

-Փաշինյանը նշել էր, որ կան օրենքներ, որ խնդիրներ են ստեղծում ներդրողների համար: Կմանրամասնե՞ք, որ օրենքների մասին է խոսքը և ինչքանո՞վ է հավանական, որ դրանք կքննարկվեն, կփոփոխվեն:

Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին  օրենքը. այս առումով մենք ունենք խոցելիություն և համապատասխան փոփոխություններ պետք է կատարվեն: Ունենք Բաժնետիրական ընկերությունների մասին օրենք, Ներքին շուկայի պաշտպանության, Հակադեմպինգային գործունեության մասին օրենք: Այս օրենքները բոլորը ենթադրում են համապատասխան փոփոխությունների իրականացում: Առանց այդ փոփոխությունների, հատկապես արտաքին սուբյեկտների համար, չենք կարող ստեղծել գրավիչ պայմաններ մեր երկրում ներդրումային գործունեություն իրականացնելու համար:

Մերի Բալասանյան

Vesti.am